Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Զգացեք տարբերությունը

Մարտ 04,2004 00:00

Զգացեք տարբերությունը

Ամերիկացի սենատոր Ջորջ Ալլենը ԱՄՆ նախագահի վարչակազմին կոչ է
արել կանխել Ադրբեջանի կողմից բռնության հետագա ակտերը Հայաստանի դեմ եւ
փոխել ՆԱՏՕ-ի՝ Բաքվում կայանալիք զորավարժությունների անցկացման վայրը: Ելույթ
ունենալով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի առջեւ՝ Ջորջ Ալլենը,
միեւնույն ժամանակ, մտահոգություն է հայտնել ԱՄՆ նախագահի վարչակազմի՝ 2005
թ. ֆինանսական տարում Ադրբեջանին 8,75 մլն դոլարի ռազմական օգնություն հատկացնելու
առաջարկության առնչությամբ: Նշված թիվը մոտ չորս անգամ գերազանցում է Հայաստանի
համար նախատեսված ռազմական օգնությանը, որը 2,75 մլն է: Ըստ սենատորի, նման
տարբերությունը կարող է լուրջ վտանգ ստեղծել տարածաշրջանում խաղաղության
եւ կայունության գործում ձեռք բերված առաջընթացի համար:
Իհարկե, հաճելի է պատկերացնելը, որ ԱՄՆ-ում կան սենատորներ եւ կոնգրեսականներ, որոնք ժամանակ առ ժամանակ հանդես են գալիս հայանպաստ ելույթներով, ինչը, սակայն, առավելապես ամերիկահայության ծավալած լոբբինգի արդյունքն է: Մինչդեռ ավելի լավ կլիներ, որ առհասարակ բացակայեին այդ հաճույքը ծնող պատճառները: Այսինքն՝ առավել նախընտրելի է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմն ի սկզբանե հանդես չգար թվերի նման հարաբերակցության առաջարկով, ինչն էլ հետագայում հարուցել է սենատոր Ալլենի բողոքը: Ընդհանրապես տպավորություն կա, որ Հայաստանում ավելի շատ հակված են ոչ թե սեփական շահերի գիտակցումից բխող ինքնուրույն կանխարգելիչ քայլեր կատարել, այլ ընդամենը՝ պասիվորեն արձանագրել դրսից եկող ու ինչ-որ կերպ Հայաստանին առնչվող դրական կամ բացասական ազդակները: Օրինակ՝ Երեւանում ցնծում են, երբ որեւէ երկիր ճանաչում է Հայոց ցեղասպանության փաստը եւ հակառակը՝ տխրում, երբ ասենք, դաշնակից Ռուսաստանը ԵԽԽՎ-ում խորապես «պադվադիտ» է անում հայերին: Սակայն, երկու դեպքում էլ մեր արտաքին քաղաքականության բանեցումը սահմանափակվում է այդ լավ կամ վատ փաստերի սոսկական արձանագրումով:

Մինչդեռ ավելորդ չէր լինի Բուշի վարչակազմից (եւ առհասարակ՝ որեւէ մեկից) նեղանալուց առաջ մի քանի հարցադրում անել. լավ, այդ ի՞նչ օձ կծեց ԱՄՆ իշխանություններին ու շուռ տվեց նրանց, ի՞նչն էր պատճառը, որ ամերիկյան օգնության ծավալների ցուցանիշներով Հայաստանը ժամանակին համաշխարհային «առաջատարներից» էր, իսկ Ադրբեջանն առհասարակ որեւէ օգնություն չէր ստանում, քանի որ կաշկանդված էր հայտնի «907» բանաձեւով: Ինչու՞ էին ժամանակին մեզ, թող որ ինչ-ինչ վերապահումներով, «ժողովրդավարության կղզյակ» անվանում, իսկ հիմա արժանանում ենք Պետդեպի աննախադեպ խայտառակ գնահատականներին:

Ի դեպ, վատ չէր լինի, որ նման հարցերի առնչությամբ Հայաստանը երբեմն-երբեմն օրինակ վերցներ նույն Թուրքիայից: Վերջինս իհարկե նույնպես նեղանալու «խասիաթ» ունի, երբ իրեն կպնում են, բայց եւ ձեռքերը ծալած չի նստում: «Ազատություն» ռ/կ-ն հաղորդել է, որ արդեն իսկ պատրաստ է Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի մասին ԵԽ զեկույցը: Զեկույցը թեեւ դեռ չի հրապարակվել, սակայն, «Ազատության» տեղեկություններով, եզրակացությունը դրական է. ըստ այդմ, նշվելու է, որ այս երկրում մոնիտորինգ անելու կարիք այլեւս չկա:

Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել