Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Միշտ պատրաստ

Մարտ 04,2004 00:00

Կոմկուսը կպայքարի իր՝ սոցիալիզմի վերահաստատման դրոշի տակ

Հայաստանի կոմունիստական կուսակցության (ավանդական) կենտրոնական կոմիտեի երեկ հրավիրած մամուլի ասուլիսից պարզ դարձավ, որ այս իշխանությունները փրկության երկու տարբերակ ունեն։ Մեկը՝ մեղայականով ներկայանալ ժողովրդին, բացեիբաց հայտարարել, որ վերջին 15 տարիների իրենց վարած քաղաքականությունը երկիրը հասցրել է այս մակարդակին, ընդունեն, որ իրենց կառուցած համակարգը փտած է, այլեւս չի կարող գոյատեւել։ Հայտարարեն, որ շուռ ենք գալիս դեպի սոցիալիստական կարգերը ու ժողովրդից ներողություն ենք խնդրում՝ այս կոպիտ սխալի համար։ Այդ դեպքում, Կոմկուսը կների իր անառակ որդիներին եւ բոլորը կապրեն հաշտ ու համերաշխ՝ մի մեծ ընտանիքում։ Մյուսը՝ այդ ուժերն ինքնակամ պետք է հեռանան եւ արտահերթ ընտրությունների արդյունքում երկրում նոր իշխանություն ձեւավորվի։

Իսկ այդ ընթացքում Կոմկուսը ձեռքերը ծալած չի նստի, այլ կպայքարի սոցիալիստական համակարգի վերահաստատման համար։ Ընդ որում, թիվ մեկ կոմունիստ Ռուբեն Թովմասյանը վստահ է, որ իրենք միայնակ ի վիճակի են համակարգային փոփոխություններ կատարելու։ Սակայն պատրաստ են նաեւ համագործակցելու այն ընդդիմադիր ուժերի հետ, ովքեր կընդունեն սոցիալիստական հիմնադրույթները։

Ըստ բաժանված հայտարարության, ՀԿԿ-ն՝ «լինելով արմատական ընդդիմություն, բարձր է գնահատում իշխանափոխության եւ ժողովրդավարության հասարակական պահանջը եւ պատրաստ է իր նպաստը եւ աջակցությունը բերել իսկական ժողովրդավարության հաստատմանը հանրապետությունում»։ Ըստ կոմունիստների, ինչպես երբեք, ուժեղացել է քաղաքական լարվածությունը եւ արդեն ձեւավորվում են ծանրակշիռ հասարակական մտահոգություններ՝ սահմանադրական եղանակով եւ համաժողովրդական կամքի թելադրանքով կատարել իշխանափոխություն, որը ՀԿԿ-ի համար ինքնանպատակ չէ. «Կոմկուսը բոլոր մակարդակի ընտրություններում հանրությանը կներկայանա սեփական դրոշով, սոցիալիզմի վերահաստատման սեփական կարգախոսներով եւ իր գաղափարական կանխատեսումներից բխող, այն է՝ սոցիալիստական հասարակարգին բնորոշ ապրելակերպի, սոցիալական արդարության սկզբունքների ու մոտեցումների ծրագրային հիմնադրույթներով»,- գրված է հայտարարությունում։

Իսկ ոչ սահմանադրական եղանակով իշխանության եկած ուժերին սահմանադրական եղանակով հեռացնելու ձեւը Ռ. Թովմասյանը տեսնում է նրանց խելամտության մեջ. «ՀԿԿ-ն երբեք չի գնա սադրանքների ճանապարհով, առճակատման, բախտախնդրության բախումների, որոնք կտանեն արյունահեղության»։ Մինչդեռ նրա կուսակից Ֆրունզե Խառատյանն այլ կարծիքի է. «Սահմանադրական ուղին չի սահմանափակվում ընտրություններով։ Եթե ուրիշ ուղի չի մնում բռնությամբ իշխանությունը զավթած ուժերին հեռացնելու, ժողովուրդը կարող է ցանկացած, այդ թվում՝ նաեւ բռնության ճանապարհով նրանց հեռացնել»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել