Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՆՐԱՆՑ ԿՕԳՆԻ՞

Մարտ 03,2004 00:00

ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՆՐԱՆՑ ԿՕԳՆԻ՞ Չնայած հայ-ադրբեջանական հարաբերությունների սրման նոր շրջափուլին, վերջին օրերին շատ է խոսվում Մինսկի խմբի համանախագահների կողմից մշակված առաջարկությունների հերթական փաթեթի մասին: Թեմայի շուրջ Բաքվի «Զերկալո» թերթին տված հարցազրույցում կարծիք է հայտնել Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովը: Արեւմուտքը պետք է Հայաստանին հարկադրի հանդես գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կառուցողական դիրքորոշմամբ, ասել է նա: Զուլֆուգարովի խոսքերով, ընթացիկ տարում հակամարտության կարգավորման գործում դրական տեղաշարժերի հույս է հայտնվել, սակայն այդ տեղաշարժերը «մեծ հարցականի տակ են Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով»: Ըստ նախկին նախարարի, Ադրբեջանին հարկ է նախ եւ առաջ ողջ աշխարհին ապացուցել, որ հենց Հայաստանը շահագրգռված չէ Ադրբեջանի հետ բանակցություններում: Ըստ Զուլֆուգարովի, դա է վկայում Քոչարյանի վերջին հայտարարությունն այն մասին, որ «հակամարտության կարգավորման համար բանակցությունները պետք է ընթանան Բաքվի եւ Ղարաբաղի միջեւ»: Իսկ դա ուղղակիորեն վկայում է այն մասին, որ Հայաստանը ետ չի կանգնել իր սկզբնական դիրքորոշումից, «ինչը պարզ է դարձնում հակամարտությանը նոր, առավել կառուցողական պրիզմայով նայելու Երեւանի չկամությունը»,- կարծում է նախկին նախարարը: Թոֆիկ Զուլֆուգարովը պնդում է, որ ստեղծված կացությունում անհրաժեշտ է հասնել Արեւմուտքի կողմից Հայաստանի նկատմամբ ճնշման գործադրմանը, ինչի արդյունքում Հայաստանը կփոխի իր դիրքորոշումը: Ընդ որում, նախկին նախարարը չի բացառել, որ նոր առաջարկությունների ներկայացմանը զուգընթաց քաղաքական քայլեր կձեռնարկվեն, որոնք էլ Հայաստանին կստիպեն հրաժարվել իր ներկայիս մոտեցումներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել