Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՎԵՐՎԱԾՆ Է ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ

Մարտ 02,2004 00:00

ԱՎԵՐՎԱԾՆ Է ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Երեկ ՀԱՕԿ-ի նախագահ Իշխան Զաքարյանը մի քանի ԶԼՄ-ների ներկայացուցիչների իր տպավորությունները պատմեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից: – Ինձ վարկանիշերին հավասար հետաքրքրում էր, թե հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը պաշտոնավարման ընթացքում ի՞նչ կոլեկտիվ է կարողացել ստեղծել՝ իմանալու, թե հետագայում ի՞նչ ակնկալիքներ կապենք այդ կոլեկտիվի հետ,- ասաց նա:- Եվ, ի պատիվ մարզչի, պիտի ասեմ, որ դա նրան հաջողվել է: Կա ամուր, միասնական կոլեկտիվ, որը կարող է պայքարել միջազգային մրցաշարերում: Այսպես ասում եմ նույնիսկ այն բանից հետո, երբ մեր բռնցքամարտիկները Պուլայում ոչ մի ուղեգիր չնվաճեցին: Սա լիներ մեկ այլ մարզաձեւում, ամենայն խստությամբ կարտահայտվեի: Իմ գնահատմամբ, իր նախորդի՝ Դավիթ Թորոսյանի, հավաքականում արած ավերածություններից հետո այսքան կարճ ժամանակում բարոյահոգեբանական մթնոլորտը, մարտական ոգին վերականգնելը արդեն իսկ գովեստի արժանի աշխատանք է: Ինչ վերաբերում է բուն մրցաշարին, բոլոր մասնակից երկրներն էլ միանշանակ պնդում էին, որ այս առաջնությունը ամենաուժեղն էր վերջին մի քանի տարում: Բացի այն, որ մասնակցում էին 40-ից ավելի երկրների մոտ 350 բռնցքամարտիկներ, առաջին անգամ Եվրոպայի առաջնությունում խաղարկվում էին օլիմպիական ուղեգրեր եւ փաստորեն Խորվաթիայով էր սկսվում օլիմպիական մրցափուլը: Հիմա մեր տղաների մրցելույթների մասին: Նախ, վիճակահանությունը մերոնց համար վատ ստացվեց: Բաղձալի ուղեգրերին տիրանալու համար մեր բոլոր մարզիկներն էլ մեկական մենամարտ պիտի ավելի անցկացնեին: Ստացվեց այնպես, որ բոլոր փուլերում էլ կորուստներ ունեցանք: Բայց պետք է ասեմ, որ պարտվողները միավորների չնչին տարբերությամբ զիջեցին: Ինձ հուսադրում է, որ Մեհրաբյանի սաներն արդեն պայքարում են ամբողջ չորս ռաունդ: Մի բան, որ վերջին տարիներին բացակայել է: Չէի ասի, թե բոլորն էլ հավասարաչափ պատրաստ էին: Կային նաեւ համեմատաբար թույլ մարզիկներ ու նրանք շուտ դուրս մնացին պայքարից: Հավաքականի միանշանակ առաջատարը 48 կգ քաշային Ալեքսան Նալբանդյանն է: Նա Պուլայում ցուցադրեց, իրոք, բարձրակարգ բռնցքամարտ: Իսկ կիսաեզրափակիչից մեկ քայլ առաջ նրա կրած պարտությունը սխալ ընտրված տակտիկայի հետեւանք էր: Թեեւ պիտի նշեմ նաեւ, որ հունգարացի Բեդակի հետ այդ կարեւորագույն մենամարտից առաջ մրցավարների վիճակահանության հետ կապված անախորժ պատմություններ եղան, որի պատճառով մարտը մոտ կես ժամով ուշացավ, իսկ այդ ընթացքում մարզիկները ռինգում էին: Այդուհանդերձ, իմ անձնական համոզմամբ, մեր թիմում ուղեգիր նվաճելու ամենահավանական թեկնածուն հենց Ալեքսանն է: Հարկ եմ համարում ասել նաեւ, որ մինչեւ երրորդ շրջանն ամեն ինչ ընթանում էր նորմալ, մարզական մթնոլորտում: Դրանից հետո նեգատիվ երեւույթներ ի հայտ եկան, շատ բաներ սկեցին լուծվել վարագույրների ետեւում: Մասնավորապես, խորվաթի եւ ադրբեջանցու մենամարտում վերջինը բացահայտորեն պարտվեց՝ երեք-չորս անգամ նոկդաունի ենթարկվեց, սակայն վերջում ի նշան հաղթանակի, բարձրացրին նրա ձեռքը: Հետեւեց մեծ սկանդալ, հենց դահլիճում քաշքշոցներ եղան մարզիչների, մրցավարների միջեւ, սարքավորումներ կոտրվեցին:8230 Մերոնցից վարկանիշ կարող էին (եւ են) ունենալ նաեւ Անդրանիկ Հակոբյանը (75 կգ), Արտակ Մալումյանը (81 կգ) եւ Մարատ Թովմասյանը (91 կգ), սակայն Անդրանիկը պետք է կարողանա վերականգնվել այստեղ ստացած նոկդաունից, իսկ Արտակը՝ միջից հանի նկատվող անվստահությունը, եթե չասենք՝ վախը: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել