Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրենքով գողը» «կուրսի չէր»

Մարտ 02,2004 00:00

«Օրենքով գողը» «կուրսի չէր» Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում շարունակվում է 2003-ի հունիսի 25-ին Նուբարաշենի խճուղում կատարված սպանությունների հետ կապված գործի քննությունը։ Երեկ հրաժարվեց ցուցմունքներ տալ «օրենքով գող», ամբաստանյալ Հայկ Նիկողոսյանը («գող Հայկոն»)։ Պատասխանելով հարցերին, նա ժխտեց իր մասնակցությունը սպանության նախապատրաստմանը։ Հ. Նիկողոսյանը Արտիկ Միրզոյանին ծանոթացրել է Արթուր Սարգսյանի («Ֆառ» մականունով) հետ եւ նախաքննության նյութերով համարվել է այս գործում «գարանտ», որի համար եւ նա ձերբակալվել է։ Արթուր Սարգսյանի պաշտպան Տիգրան Ջանոյանի այն հարցին, թե ձեր միակ օժանդակությունն Արտիկ Միրզոյանին եւ Արթուր Սարգսյանին ծանոթացնե՞լն է՝ «գող Հայկոն» դրական պատասխանեց։ Ծանոթությունը տեղի է ունեցել Սոչի քաղաքում՝ Հայկ Նիկողոսյանի միջոցով։ Միակ հակասությունը նրա նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում ծանոթության պահին է վերաբերում։ Տիգրան Ջանոյանը մեղադրանքը համարեց «հում» եւ միջնորդեց լրացուցիչ հարցաքննել ամբաստանյալ Նիկողոսյանին, որը դժգոհեց նախաքննությունից, մասնավորապես՝ որ քննիչը առերեսում չի կազմակերպել իր եւ մյուսների միջեւ եւ հիմնավորել է մի մեղադրանք, որը հիմքեր չունի։ Ի դեպ, դատավոր Ռուբեն Ներսիսյանը «պարզաբանող» հարց տվեց «գող Հայկոյին». «Իսկ դուք երբեւէ հանրօգուտ, ստեղծագործական կամ ազգանվեր գործերով զբաղվե՞լ եք»։ Ամբաստանյալի պաշտպանն էլ հայտարարեց. «Զոհված ազատամարտիկների համար շիրմաքարեր է ապահովել»։ Այնուհետեւ ցուցմունքներ տվեց ամբաստանյալ Արտիկ Միրզոյանը՝ Լեռնային Ղարաբաղի Այգեստան գյուղի գյուղապետը պատերազմի սկզբից մինչեւ 1992թ. մասնակցել է մարտերին, եղել է բանակի սպա։ Նա կալանավորվել է 2003-ի օգոստոսին եւ մինչեւ հոկտեմբերը տվել է մի քանի ցուցմունքներ։ Ըստ դրանց, լինելով Մարտակերտի բնակիչ, Երեւան է եկել եւ փող խնդրել իր քեռուց՝ Հայկ Նիկողոսյանից, ՌԴ՝ աներոջ մոտ մեկնելու համար։ Այդ պահին անհրաժեշտ գումարը չի ճարվել եւ նա մնացել է Երեւանում։ Արթուր Սարգսյանը Միրզոյանին պատվիրել է 100 հազար դոլարի դիմաց սպանել Ռուբեն Գեւորգյանի եղբոր տղաներին՝ Արկադիին եւ Արտյոմին։ Այդ նպատակով ապրիլին երկու ամսով բնակարան է վարձել Կոմիտասի փողոցում՝ 300 դոլար ամսավարձով եւ որպես ձեռքի ծախս տրամադրելով մոտ 1000 դոլար, բջջային հեռախոս եւ երկու ավտոմատ, խոստացել է մնացածը տալ «գործն» ավարտելուց հետո։ Ա. Միրզոյանը կանչել է իր ընկեր Արթուր Բադալյանին եւ առաջարկել միասին գործել։ Վերջինս համաձայնել է եւ նրա հետ միասին բնակվել վերոհիշյալ տանը, սպասելով «Ֆառի»՝ Արթուր Սարգսյանի ցուցումին։ Ըստ ցուցմունքի, մի քանի անգամ «Ֆառը» նրանց տարել է ցույց տալու կոնկրետ վայրը, որտեղ պետք է կատարեին սպանությունները, սակայն դրանք մարդաշատ համարելով՝ մերժել են։ «Ֆառը» նրանց սպասելու հրահանգ է տվել եւ այդ ընթացքում չի զանգահարել։ Ա. Միրզոյանը հունիսի 21-22-ը մեկնել է ԼՂՀ։ Որոշ ժամանակ անց նրանք լսել են, որ սպանությունը կատարել է մեկ այլ խումբ։ Նիստի վերջում սկսեց ցուցմունքներ տալ Արթուր Բադալյանը, որին եւս Ա. Միրզոյանը ներգրավել է սպանության նախապատրաստման մեջ։ Հիշեցնենք, որ ամբաստանյալը, ի պատասխան իր վրա գործադրված ճնշման, մեկուսարանում կտրել է երակները։ ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել