Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՈՒԺՆԵՐԸ ԲՈՄԺԻ ՎՐԱ ՊԱՏԵՑ

Մարտ 02,2004 00:00

ՈՒԺՆԵՐԸ ԲՈՄԺԻ ՎՐԱ ՊԱՏԵՑ Օպերները «գործ են սարքել» Հայաստանի ամենաաղքատ մարդու վրա «Ամուսնուս ասել են՝ պիտի վիզ վերցնես, քո կնիկը մեզ մոտ է: Օպեր Հարությունյան Արմենն էր, Մաշտոցի քրեականի աշխատողներն էին: Իմանալով, որ ես ոստիկանների ձեռքում եմ, ամուսինս վիզ է վերցրել, մտածելով՝ ավելի լավ է կինս հասնի երեխուս»,- արտասվելով պատմում էր 23-ամյա Լուսինե Գյուլշադյանը: Ամուսնու՝ Վռամի, չորս տարեկան աղջկա հետ Լուսինեն ապրում է Շահումյանի աղբանոցի հարեւանությամբ գտնվող ավտոբազայի լքված տարածքում, 10 քմ մեծությամբ մի խրճիթում: 26 տարեկան Վռամն աղբանոցից շիշ, պլաստմասսայե իրեր, կոշիկներ, ուտելիքի մնացորդներ է հավաքում: Այդ ամենը հանձնելով՝ օրական աշխատում է 1000 դրամ, կերակրում ընտանիքը: Այս լքված տարածքով երկաթգծի ռելսեր են անցնում: Անհայտ մարդիկ օրը ցերեկով դրանք հանել-տարել են: Իրավապահները որոշել են բռնել գողին: «Ինձ տարան Մաշտոցի բաժին, ասացին՝ ճիշտն ասա, գլուխդ կծակեմ, մի քանի հոգու անուն տուր, որ ամուսնուդ բաց թողնենք: Բայց իմ ամուսինը ոչ մի բանից խաբար չէր, նա աղբանոցում էր: Ասացին՝ պիտի բացատրություն տաս: Ես էլ՝ անգրագետ եմ, գրել- կարդալ չգիտեմ: Մի քանի ժամ նստեցրին այնտեղ, պահանջում էին՝ ճիշտն ասա, ամուսնուդ մատը խառն է: Ես էլ պատասխանեցի՝ ամուսինս աղբանոցում շիշ է հավաքում: Նրանք էլ թե՝ չէ, քո ամուսինն է արել»,- շարունակում է Լուսինեն: «Վռամն աղբանոցից եկավ, ապրանքներ էր բերել»,- պատմում է Լուսինեի հարեւանուհին՝ Թագուհի Կարապետյանը: «Մեկ էլ ասացին, որ Վռամին ու կնոջը տարան: Նրանց երեխուն ուղարկեցի տատի տուն՝ Չորրորդ գյուղ ու խնդրեցի, որ փոխանցեն, թե հարսին ու տղուն միլիցեքը տարան: Հենց այդ օրը, երբ Վռամին տարան, մեկ ժամ հետո էդ գծերը էստեղից մեքենաները բարձած տանում էին: Մենք չենք ճանաչում տանողներին: Ոստիկանները մեզ գծերի մասին ոչինչ չեն էլ հարցրել»: «Կռանով եկան, քանդեցին, մեծ մեքենաներ էին բերել, դրանով տարան գծերը»,- պատմում է տարածքի մեկ այլ բնակչուհի Անահիտը: Ավտոբազայի տարածքում ապրող հինգ ընտանիքները սնվում են աղբանոցով՝ հավաքում են այն ամենը, ինչ կարող է պիտանի լինել, հանձնում են տարբեր մարդկանց: Այստեղ ջուր ու էլեկտրականություն չկա: Տարածքում ապրող մարդկանցով երբեւէ որեւէ պաշտոնյա չի հետաքրքրվել: Նրանց մասին հիշել են միայն ընտրությունների ժամանակ, տարել են քվեարկելու: Այստեղ ապրող մարդկանց մեծ մասը ոչ մի տեղ հաշվառված չէ, երեխաների մի մասը ծննդյան վկայական չունի: «Փոքր երեխաս ծննդական չունի, փող են ուզում, չունենք, ոչ մի պատվաստում չենք արել երեխեքին,- պատմում է չորս երեխաների մայր Թագուհի Ադիլխանյանը: «Սկեսուրիս տանը՝ Չորրորդ գյուղում, 15 հոգի կա, ծանրաբեռնված ընտանիք է: Ամուսնուս հող էր հասնում, չտվեցին: Ես էլ անտեր մեծացած աղջիկ եմ, ծնողներ չունեմ: Եկանք այստեղ, որ գլխներիս վերեւը մի ծածկ ունենանք: Չորս տարեկան երեխա ունենք: Էստեղի գնացքի գծերը քանդեցին, տարան, ուրիշի արածը ամուսնուս գլխին ջարդեցին: Օրվա հացը հազիվ էինք վաստակում: Եկեք, տեսեք, թե որտեղ ենք ապրում»,- իր տնակը ցույց տալով՝ ավելացնում է Լուսինեն: «Հիմա ինչ անենք, չգիտեմ: Իրենք լավ էլ գիտեն, թե էդ գծերն ովքեր են տարել: Բայց մեկին պետք էր, որ վրեն բարդեին: Հիմա երեխուն նույնիսկ ցամաք հաց առնելու փող չունեմ»: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ՕՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել