Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում ջրի պակաս կա

Մարտ 02,2004 00:00

Գյումրիում ջրի պակաս կա Վերջերս Գյումրիի Նորավան թաղամասում տարածված դիզենտերիան ապացուցեց, որ խմելու ջուրը չի փայլում իր որակով: Քաղաքի մեկ այլ թաղամասի՝ փայտամշակման գործարանի բակի՝ Կրուպսկայայի փողոցի բնակիչների կարծիքով էլ Ջրմուղկոյուղու աշխատակիցները չեն փայլում իրենց ազնվությամբ: Հիշյալ թաղամասի բնակիչները չեն հիշում, թե վերջին անգամ երբ են հոսող ջուր տեսել: Տարին տասներկու ամիս ջրազուրկ տեղանքում գլխավոր փողոցը դույլերով փակելն ու այդ ձեւով բողոքի ակցիա կազմակերպելը սովորական է ու արդեն՝ անօգուտ: Օրերս բնակիչները դիմել էին «Առավոտին»՝ խնդրելով մեկ անգամ եւս «անլուծելի» խնդիրը հասցնել վերադասներին: «Ջրի կարոտ» մարդկանց առավել շատ զայրացրել էր Ջրմուղկոյուղու աշխատակիցների «վերջին հնարամտությունը»: Բնակիչների ասելով, աշխատակիցները առաջարկել են իրենց ջրաչափեր տեղադրել, իրենք համաձայնել են, սակայն գանձումները շարունակում են հին մեթոդով՝ ոչ թե ջրաչափի ցուցմունքով, այլ անձերի քանակով: «Չենք հասկանում ինչի՞ դիմաց վճարենք, մի բան էլ իրենք պիտի վճարեն. ամեն առավոտ մեքենա ենք վարձում եւ քաղաքի կենտրոնական մասից ջուր կրում»,- դժգոհում են բնակիչները: Նրանք փաստում են, որ մոտակա փայտամշակման գործարանի բակի ջուրը, որը, ի դեպ, հորի մեջ է, աղտոտված է: Մեր տեղեկություններով, այս թաղամասում անգամ «ջուր կրողի» հաստիք է գործում. մեկ դույլը՝ 100 դրամ: Բնակիչներին հուզող հարցը պարզաբանելու խնդրանքով դիմեցինք ջրամատակարարման, ջրահեռացման համակարգը շահագործող Շիրակ մասնաճյուղի տնօրեն Ստեփան Պետրոսյանին: Վերջինս վստահեցրեց, որ իրենք, սահմանված գրաֆիկի համաձայն, Կրուպսկայայի փողոցին օրումեջ 4 ժամով ջուր են մատակարարում: Բնակիչների դժգոհությամբ էլ հազվադեպ ջրամատակարարումը չի գերազանցում 2 Ժամը: Ստեփան Պետրոսյանի պարզաբանմամբ, գրաֆիկով մատակարարելու նպատակը մարզի մյուս գյուղերին ու քաղաքներին՝ Մարալիկին, Թալինին եւս ջրով ապահովելն է: Քաղաքի ջրամբարներում կուտակված ջրի մի մասը մղվում է հարակից տարածքներ եւ բնականաբար այդ օրերին Գյումրին նորմալ չի ջրասնվում: Իսկ թե ինչու՞ ջրաչափ լինելու պայմաններում դարձյալ անձերի քանակով են վարձավճարներ գանձում, Ջրմուղկոյուղու տնօրենը, ինչպես եւ կարելի էր սպասել, բացառեց. «Գուցե բնակիչները չգիտե՞ն, որ ջրաչափերը տեղադրելուց հետո մեր կողմից պետք է կապարակնքվեն, ընդունվեն, իսկ այս ընթացքում նրանք պարտավոր են կատարել իրենց պայմանագրային պարտավորությունները՝ հին պարտքերը վճարեն»: Ջրմուղկոյուղու հեռախոսահամարն անգիր արած բնակիչներն էլ արդեն հոգնել են նույն հարցով դիմելուց ու «ջրի մարդկանց» միջոցով տեխնիկներին անընդմեջ «խաբար» անելուց: Իսկ Ջրմուղկոյուղին, բնակիչների ահազանգին ուշադրություն չդարձնելով, հապշտապ դատարան է դիմում՝ պահանջելով հին պարտքերը: Ստեփան Պետրոսյանի տեղեկացնելով, Ջրմուղն արդեն 1300 աբոնենտի դատի է տվել, տնտեսական դատարանը օրական 25-30 հայց է լսում: Կրուպսկայայի փողոցի բնակիչների հավաստմամբ էլ, Ջրմուղը հակառակի պես դատի է տվել թաղի ամենաաշխատասերներին՝ առավոտից կեսգիշեր տարբեր տեղերից ջուր կրողներին: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել