Լրահոս
Օրվա լրահոսը

3 տոկոսը 1 տոկոսից քի՞չ է

Մարտ 02,2004 00:00

3 տոկոսը 1 տոկոսից քի՞չ է «Զինապարտության մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը իր տրամաբանական ազդեցությունն ունեցավ քաղաքական դաշտի վրա։ Այդ ընթացքում հնչեցին տարաբնույթ հայտարարություններ։ Մասնավորապես, ԵՊՀ դասախոս եւ «Արդարություն» դաշինքը ներկայացնող Վարդան Խաչատրյանը, նախկիններ եւ ներկաներ իր ավանդական համեմատություններում, իբր պախարակելով նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին, հանրությանը հիշեցրեց, որ «սրա հիմքերը» դեռ Բագրատյանի օրոք են դրվել, որը իբր հայտարարելով, թե մեզ լոմոնոսովներ պետք չեն՝ գիտությունը ֆինանսավորել է միայն 3%-ով։ Մեր հարցին ի պատասխան Վ. Խաչատրյանը պարզաբանեց, որ իր այդ հայտարարության համար հիմք են ծառայել Ռաֆայել Ղազարյանի հայտարարությունները։ Վերջինս 1990-95 թթ. ԱԺ-ի գիտության եւ կրթության մշտական հանձնաժողովի նախագահն է եղել։ «Առավոտին» այս հայտարարությունը հետաքրքրեց նրանով, որ այժմ, հայրենական բյուջեից գիտությանը հատկացված գումարը մեկ տոկոսից մի փոքր ավելի է կազմում՝ 3,3 մլրդ դրամ։ Եթե հավատանք մեր ընդդիմադիր գործիչի հայտարարություններին, ապա Բագրատյանի օրոք, որն ըստ Վ. Խաչատրյանի դեմ էր լոմոնոսովներին, առնվազն երեք անգամ լավ են վերաբերվել գիտությանը։ Ի դեպ, համեմատության համար նշենք, որ Ֆինլանդիան եւ Շվեդիան, որոնք համարվում են զարգացած երկրներ, գիտությանը ֆինանսավորում են 3%-ով, ԱՄՆ-ը՝ 2,5%-ով, Հունաստանը, Պորտուգալիան, որոնք ամենաթույլ զարգացած երկրներն են՝ 1%, ՌԴ-ն՝ 1%-ից էլ պակաս։ Իսկ Հրանտ Բագրատյանի մամուլի հարցերով խորհրդական Անժելա Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ մինչեւ 1996 թվականը գիտությունը բյուջեի առանձին տողով չի ֆինանսավորվել։ Ներառված է եղել սոցիալական ոլորտում եւ ընդհանուր առմամբ 30% է կազմել։ 1996-ին՝ դասակարգման արդյունքում, գիտությանը եւ կրթությանը հատկացվել է 12% ֆինանսավորում։ Ա. Մարտիրոսյանը հերքեց նաեւ հայտարարության այն հատվածը, որ վերաբերվում էր լոմոնոսովներին. «Հ. Բագրատյանը երբեք նման արտահայտություն չի արել»։ «Ազատություն» կուսակցության անդամ Էդուարդ Աղաջանովի կարծիքով, Հայաստանի տիպի երկրում, որտեղ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմում է 1000 դոլարից պակաս՝ իրավունք չունի գիտություն ունենալու։ «Այդ մակարդակն աֆրիկյան երկրների ամենացածր մակարդակն է,- ասում է Էդ. Աղաջանովը,- եթե մենք ուզում ենք գիտություն ունենալ՝ պետք է լուրջ վերաբերվենք այդ հարցին»։ Ըստ այդմ, նրա կարծիքով, իշխանությունները պետք է գիտնականների հետ ազնիվ լինեն։ Ազնվորեն ներկայացնելով երկրի իրական վիճակը՝ համատեղ ընտրեն այն երկու-երեք ուղղությունները, որոնք հնարավոր է զարգացնել (իհարկե, բացի հայագիտությունից)։ «Հայաստանը պետք է ունենա ոչ թե 40-ից ավելի գիտահետազոտական ինստիտուտներ, որոնք թերի ֆինանսավորվում եւ թերի աշխատում են, այլ ԳԱԱ-ն ու կառավարությունը պետք է սելեկցիա կատարեն»,- ասում է Էդ. Աղաջանովը։ Իհարկե, մեր զրուցակցի այս կարծիքը շրջանցում է այն ոլորտները, որոնք հնարավոր է զարգացնել գրանտների կամ համատեղ ծրագրերի շնորհիվ։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել