Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԷՍԿԱԼԱՑԻԱ

Մարտ 02,2004 00:00

ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԷՍԿԱԼԱՑԻԱ Հայ-ադրբեջանական բանակցությունները կարող են սկսվել «մինուսից» Լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի դաժան սպանությունը արդարացի ցասում առաջացրեց հայերիս մեջ: Սպանությունն, անշուշտ, քաղաքական ենթատեքստ ունի, եւ թե պաշտոնական Երեւանը, թե բոլոր քաղաքական ուժերը եւ թե ՀՀ շարքային քաղաքացիները միանգամայն իրավացի են, որ այդ զարհուրելի հանցագործությունն արդյունք է Ադրբեջանի իշխանությունների սանձազերծած հակահայկական հիստերիայի: Այս գնահատականներում մեր ազգը միասնական է եւ այստեղ որեւէ տարաձայնություն չկա: Դրական է նաեւ, որ այդ սպանության (թերեւս նաեւ՝ այլ գործոնների) ազդեցության տակ այս տարի նշվեց Սումգայիթի ոճրագործության օրը: 2001 կամ 2002 թվականների փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում մի քանի տասնյակ մարդ էր հավաքվում: Անցած շաբաթ օրը՝ հազարավոր մարդիկ էին ելել: Գուցե նաեւ մարզպետարանների եւ թաղապետարանների «կազմակերպչական աշխատանքի» շնորհիվ: Կարեւոր չէ՝ անմեղ զոհերին պետք է հիշել: Այս ամենով հանդերձ մարդկանց մեջ որոշակի տագնապ է արթնացել՝ մի՞թե նորից պատերազմ է սկսվելու: Համենայն դեպս, կարծես թե եկել է ազգայնական ուժերի եւ կիսամոռացված մտավորականների աստեղնային ժամը: Այսօր նրանք լիակատար հնարավորություն ունեն հնչեցնելու այն գաղափարները, որոնցով, կարծում եմ, 21-րդ դարում ապրելը շատ դժվար է: Իսկ առանցքային գաղափարը հետեւյալն է: Վայրագությունը, դաժանությունը, ահաբեկչությունը հատուկ է ոչ թե տվյալ հասարակությանը, պետությանը, իշխանություններին (ինչը կա իրականում), այլ ընդհանրապես տվյալ՝ թուրքական էթնոսին, ցեղին: Ազգայնականը հենց այդպես է մտածում. կան բարի, պարկեշտ, արդար ազգեր (դրանց թվում, բնականաբար, մենք ենք) եւ կան վայրագ մարդասպանների ազգեր (որպիսին է մեր դարավոր ոսոխը): Այդպիսին է այսօրվա Հայաստանի գրեթե պաշտոնական գաղափարախոսությունը, ինչն այս պահին մեզ գուցեեւ չի խանգարում, բայց վաղը հաստատ կխանգարի: Եթե, իհարկե, «եվրոպական արժեքների» մասին խոսակցությունները զուտ գրանտ եւ վարկ ստանալու միջոց չեն: Մարդը, ինչպես հայտնի է, «սոցիալական կենդանի է»: Անհատն, այո, կարող է հակված լինել՝ դառնալու գիտնական, ինժեներ, բանվոր կամ հանցագործ: Բայց ի վերջո, նա ինքնադրսեւորվում է հասարակական գործոնների ազդեցության տակ՝ ընտանիքի, կրթության, միջավայրի եւ այլն: Առավել եւս, ազգի քաղաքակրթության աստիճանը պայմանավորված է պատմական-հասարակական զարգացումներով, եւ ոչ թե տվյալ էթնոսի «արյան բաղադրությամբ»: Այսինքն՝ 14-15 դարերում անգլիացիների մոտ ճիշտ նույնպիսի բարքեր էին տիրում, ինչպիսիք են ժամանակակից ադրբեջանցիների մոտ: Եվ մի քանի դար հետո (հուսանք, ավելի շուտ) ազերիներն անպայման հասնելու են քաղաքակրթության այդ մակարդակին: Մենք եւ թուրքերը (ազերիները) ունենք տարբեր պատմական անցյալ: Երբ Գրիգոր Նարեկացին գրում էր իր «Մատյան ողբերգության»-ը, այդ ցեղերի ներկայացուցիչները Մոնղոլիայի տափաստաններում հետեւում էին, թե ինչպես են արածում մանր եւ խոշոր եղջրավորները: Բայց մենք իրավունք ունե՞նք ենթադրելու, որ այդ բոլոր հովիվները սադիստներ էին եւ մարդասպաններ: Այդպիսի բան չի կարող լինել, ինչպես չի կարող պատահել, որ հայերի մեջ հանցագործներ չլինեն: Եվ այսօրվա իրենց սադիստին ադրբեջանցիները փորձում են հերոսացնել ամենեւին ոչ այն պատճառով, որ սադիզմն իրենց արյան մեջ է, այլ զուտ քաղաքական հանգամանքներից ելնելով: Եվ, ի դեպ, 1915 թվականի հայերի ցեղասպանությունը կազմակերպել էր ոչ թե թուրք ժողովուրդը, այլ Օսմանյան կայսրության կառավարությունը՝ նույնպես հստակ քաղաքական նպատակներ հետապնդելով: Ամենահիմար բանը, որն այսօր կարելի է անել՝ այնտեղի հակահայկական հիստերիային այստեղի հակաադրբեջանական հիստերիան հակադրելն է: Եթե մեր իշխանությունների համար իսկապես կաեւոր են խաղաղությունն ու կայունությունը, ապա նրանք չպիտի նպաստեն ատելության էսկալացիային, չպիտի տուրք տան նման տրամադրություններին: Դրանք, համոզված եմ, ոչ թե ուժեղացնում են, այլ թուլացնում են ազգային ոգին: …Ադրբեջանի արտգործնախարար Գուլիեւը առաջարկել է բանակցություններն սկսել «զրոյից», ինչին մեր նախագահը արդարացիորեն առարկում է: Վախենամ, այսօրվա հոգեբանական ֆոնի վրա բանակցությունները հնարավոր կլինի սկսել «մինուսից»: Եթե, իհարկե, երբեւէ սկսվեն: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել