ԿՊԱՅՔԱՐԵՆ ՆԱԵՎ ՀԱՋՈՐԴ ՍԵՐՆԴԻ ՀԱՄԱՐ
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խումբն այս օրերին սպասողական
վիճակում է: Ուսանողական վերջին հավաքում նրանք հայտարարեցին, որ երկրի իշխանություններից
երաշխիքներ են պահանջում, որ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում կատարված
վերջին խնդրահարույց փոփոխություններն այլեւս շրջանառության մեջ չեն դրվի:
Եվ նախաձեռնող խումբը սպասում է պատասխանի՝ հատկապես ՀՀ վարչապետից:
Ի դեպ, խումբը դեմ է նաեւ այն փոփոխություններին, որոնք չեն ենթադրի ուսուցման նպատակով որեւէ տարկետման իրավունք: Խոսքն այն մասին է, որ հնարավոր է՝ նախագիծը հաջորդ անգամ ներկայանա ԱԺ՝ 18 տարեկանից բոլոր զինապարտներին բանակ զորակոչելու պահանջով: Խումբը կպայքարի նաեւ այս դրույթի դեմ, որպեսզի «չստացվի այնպես, որ մենք բեռը գցում ենք հաջորդ սերնդի ուսերին»: Այս մասին ասաց նախաձեռնող խմբի անդամ Լեւոն Անտոնյանը՝ մեզ հետ զրույցում: Նա նաեւ հայտնեց, որ այս փուլում այն ուսանողական կազմակերպությունները, որոնք նախորդ հաղթանակը վերագրում էին իրենց եւ ակտիվություն էին ցուցաբերում՝ մանավանդ վարչապետին «խնդրելու» հարցում, այսօր ձայն չեն հանում: Ավելին, ըստ Լ. Անտոնյանի, որոշ կուսակցություններ (օրինակ, 5-6 հոգուց բաղկացած Առաջադիմական երիտասարդական կուսակցությունը), առիթն օգտագործելով՝ դուր գալու քաղաքականություն են վարում եւ հասցրել են կողմ արտահայտվել նախագծի՝ առաջարկված տարբերակին:
Խումբը պատրաստ է բանավեճի մեջ մտնել ցանկացած հակառակ կարծիքի հետ՝ թեկուզ հեռուստաեթերում:
Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ