Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բակունցի տունը կդառնա՞ ռեստորան

Մարտ 02,2004 00:00

«Երեւանյան այս տանը բաբախել է Ակսել Բակունցի սիրտը։ Լսո՞ւմ ես, ծիրանի փողն է մորմոքում, ալպիական մանուշակն է բուրում եւ ծեր Մուրոն պատմություններ պատմում։ Ականջ դիր, անցորդ»,- այս տողերը կարող եք կարդալ Նալբանդյան 96 շենքին կից խաչքար-հուշատախտակի վրա։

Ամբողջ Երեւանում սա միակ հուշարձանն է՝ նվիրված գրողին, որը վաղը կարող է չլինել։ Տունը, որտեղ 1927- 36թթ. ապրել է Ակսել Բակունցը, քանդվելու վտանգի առջեւ է։ Հնարավոր է ծիրանի փողին փոխարինելու գա այլ երաժշտություն, իսկ ալպիական մանուշակի կերպարով Բակունցի հերոսուհուն փոխարինեն երկարոտն մատուցողուհիներ։ Պատճառն այն է, որ շենքի սեփականատերն այժմ մի իրանահայ է, որը որոշել է Բակունցի տան տեղում երկհարկանի ռեստորան կառուցել։ Նկատենք, որ Բակունցի տունը պատմամշակութային հուշարձան է, որի հարցը բազմիցս քննարկվել է ՀՀ պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունում եւ նույնիսկ համապատասխան առաջարկություններ են արվել ճարտարապետական լուծումների մասով։ Ըստ նույն գործակալության, շենքը 20-ական թվականների կառույց էր եւ այլեւս չէր բավարարում քաղաքաշինական ու սեյսմիկ նորմերի պարտադիր պահանջները։ Դրա համար էլ 2003թ. հոկտեմբերին սկսվեցին շենքի շինարարական աշխատանքները, ինչին միջամտեց նաեւ Երեւանի քաղաքապետարանը, որովհետեւ իրանահայ սեփականատերը 4 հարկանի սյուներով շքեղ կառույց էր երազում։ Կանգնեցված սյուները տապալվեցին, շինարարությունը կանգ առավ, բայց կարճատեւ։ Քաղաքապետարանը վերստին թույլատրեց շինարարություն սկսել, ավելի ճիշտ՝ երկհարկանի շինություն կառուցել։

Ակսել Բակունցի տան ճակատագրով ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի մտահոգությունը եւ Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի պատասխանը ժամանակին արտացոլվել են մամուլում։ Գլխավոր ճարտարապետը առաջարկել էր հանձնաժողով ստեղծել, որը պետք է համապատասխան առաջարկություններ ներկայացներ շենքի կոնստրուկտիվ ուժեղացման ու արտաքին ճակատը իր նախկին տեսքին բերելու վերաբերյալ, բայց ապարդյուն։ Ոչ քաղաքապետարանում, ոչ Կենտրոն թաղապետարանում շենքի սեփականատիրոջ մասին մեզ տվյալներ չտրամադրեցին։ Հույժ գաղտնի պահվեց նաեւ, թե երբ եւ որքանով է վաճառվել շենքը։ Նրանց «գաղտնապահությամբ» չզիջեց նաեւ տարածքի ԲՇՏ-ն։ Շենքի նախկին բնակիչներից մեկը՝ Գարիկ անունով, տեղեկացրեց, որ Բակունցից հետո տանը բնակվել է նրա ազգական Նելլին, այնուհետեւ տունը ձեռքից ձեռք է անցել։

Հիշեցնենք, որ ոչ հեռավոր անցյալում Հրանտ Մաթեւոսյանը եւս Ակսել Բակունցի 100-ամյակի միջոցառման շրջանակներում առաջարկել էր պետությանը՝ գնել Բակունցի տունը եւ հին երեւանյան կոլորիտով թանգարանի վերածել։ Սակայն, ինչպես պատահում է նման դեպքերում, պետությունը գումար չունեցավ։

Ճիշտ է, այսօր էլ քաղաքապետարանում վստահեցնում են, որ նոր սեփականատերը շենքի արտաքինում փոփոխություն չի մտցնի, չի հանի հուշատախտակը։ Բայց, մյուս կողմից, անտրամաբանական է՝ տունը ներկա խարխուլ տեսքով ու Բակունցի մասին հուշատախտակով ինչպե՞ս է «վերածվելու» ժամանակակից ռեստորանի։

ՖԼՈՐԱ ՄԱՑՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել