Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԿՈՒՆ ԵՂԵՔ ԵՎ ԲԱՆԱԿՑԵՔ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ

Մարտ 02,2004 00:00

Խորհուրդ է տալիս Վրաստանի ամենահայտնի հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Էրոսի Կիցմարիշվիլին

Հանդիպելով Հայաստանից, Վրաստանից եւ Ադրբեջանից մի խումբ լրագրողների հետ, վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Էրոսի Կիցմարիշվիլին այն կարծիքը հայտնեց, որ լրատվամիջոցի ղեկավարները չպետք է հստակ սահմաններ գծեն իրենց եւ քաղաքական գործիչների միջեւ: «Պետք է ձեւացնել, թե իրենցից չես տարբերվում, պետք է նրանց հետ անընդհատ բանակցությունների մեջ լինել: Չպետք է հայտարարել՝ ես չեմ ծախվում եւ վախեցնել նրանց, որ այլեւս չուզենան հետդ գործ ունենալ»: Նույն բանաձեւը, ըստ Կիցմարիշվիլու, պետք է գործի նաեւ լրագրողների համար: «Այդ դեպքում մեզ ընդունում են ինչպես յուրայինի եւ ոչ թե թշնամու»:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե Սահակաշվիլուն պաշտպանելով իրենք այժմ ճնշումների ենթարկվու՞մ են նրա կողմից, Կիցմարիշվիլին ասաց, որ իրենց հեռուստաընկերությունը իրականում պայքարում էր Շեւարդնաձեի դեմ, որը «Վրաստանի զարգացման արգելակն էր»: Լրատվամիջոցի ղեկավարը ասաց. «Իշխանությունը հիմա մերն է, բայց իշխանությունը մնում է իշխանություն եւ միշտ բալանսի կարիք ունի»: Իսկ լրատվամիջոցների պարտականությունն է՝ «շան պես հսկել դեմոկրատիայի հանգիստը»: Նա հավաստիացնում է, որ այսօրվա իշխանությունն իրենց չի ճնշում: Իսկ Վրաստանի այսօրվա իշխանության պահաջը՝ թափանցիկ ցույց տալ եկամուտները, Կիցմարիշվիլին արդարացի է համարում: Եվ գտնում է, որ եթե այդ հարցում նրանք մինչեւ վերջ գնան, լրագրողները դրանից միայն կօգտվեն:

Վրաստանի ամենահայտնի հեռուստաընկերության ղեկավարը իրենց հաջողությունների հիմնական պատճառներից մեկը համարում է այն, որ իրենց ծախսերը երբեք չեն գերազանցում եկամուտները: Ընդ որում, սա ասում է մի մարդ, որը 1994-ի մարտին իր ընկերների հետ հեռուստատեսության բիզնեսն սկսել է միայն այն պատճառով, որ կարծել է, թե դա ամենաէժան բիզնեսն է. «Մի հեռուստախցիկ ես առնում եւ վերջ»: Նրանց բախտը փաստորեն բերել է, որ նույն տարվա մայիսին Վրաստան է «եկել» Ինտերնյուսը եւ նրանց սովորեցրել, որ հեռուստատեսությունը բիզնես է եւ լրատվամիջոց, իսկ նրա տված արտադրանքը պետք է վաճառվի: Կիցմարիշվիլին հիշում է, որ 1996-ին Սորոսի հիմնադրամից դրամաշնորհ ստանալով, իրենք կարողացել են Ռուսթավիից Թբիլիսի տեղափոխվել եւ մեկ ամսում վաստակել 30 հազար դոլար: Առաջին անգամ փակվել եւ 1997-ին վերաբացվելուց հետո «մենք շատ ագրեսիվ վերցրինք ընդգծված փոքրբյուջետային ինֆորմացիոն հեռուստաալիքի «նիշան»,- պատմում է Կիցմարիշվիլին: Առաջին տարին վաստակել են 700 հազար դոլար: Նա հավաստիացնում է, որ իրենց ամբողջ եկամուտը ներդնում էին հեռուստատեսությունում: Ամբողջ հեռուստագովազդի 25 %ը գրավելուց հետո անգամ իրենք անհրաժեշտություն են գտել Վրաստանի պառլամենտում լոբբինգ անել օրենսդրական այնպիսի փոփոխություն, ըստ որի՝ վրացական ալիքներով կարող են հեռարձակվել բացառապես Վրաստանում արտադրված գովազդային հոլովակները: Այդպիսով, նրանք շուկայից դուրս են մղել հիմնական մրցակցին, որի՝ Ռուսաստանում արտադրած հոլովակները մինչ այդ ցուցադրվում էին վրացական բոլոր ալիքներով:

Սրանք բոլորը քայլեր են եղել՝ հասնելու ֆինանսական անկախության, քանզի «մենք հասկացանք, որ առանց ֆինանսական անկախության չենք կարող անկախ լինել ընդհանրապես»: Ի դեպ, ֆինանսական առաջին միջոցների համար հեռուստաընկերության ղեկավարները պարտական են Հայաստանին եւ Ադրբեջանին: «Գնում էինք Վրաստանի տարբեր գործարաններ, խնդրում էինք, ասենք, մի քանի պարկ սելիտրա եւ տանում էինք վաճառելու Հայաստանում»: Այն դիտարկմանը, թե փաստորեն Հայաստանին են պարտական անկախ հեռուստաընկերություն ունենալու համար, պրն Կիցմարիշվիլին շտապեց պատասխանել. «Ադրբեջան էլ ուրիշ բան էինք տանում»:

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել