Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՎԵՐԱԴԱՐՁՆԵՆ 20-30 ՏԱՐՈՒՄ

Մարտ 02,2004 00:00

ԿՎԵՐԱԴԱՐՁՆԵՆ 20-30 ՏԱՐՈՒՄ

Ըստ ամենայնի, այսօր խորհրդարանը կքննարկի «Հայխնայբանկում» ավանդադրված
ՀՀ քաղաքացիների խնայողական ավանդները վերականգնելու եւ փոխհատուցելու հնարավորություններն
ուսումնասիրող ԱԺ-ի ժամանակավոր հանձնաժողովի հաղորդումը։ Դեռեւս անցած շաբաթվա
վերջին, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը բոլորին հրավիրել էր այդ քննարկմանը,
նաեւ նրանց, ովքեր կարծիք էին հայտնել, թե հարցը կթաղվի։
Ըստ ամենայնի, պրն Բաղդասարյանը նկատի ուներ ընդդիմությանը։ Սակայն ոչ վաղ անցյալում ՕԵԿ-ի այսօրվա կոալիցիոն դաշնակից ՀՀԿ-ն եւս վերոհիշյալ հարցի կապակցությամբ բավականին բաներ ասաց ՕԵԿ-ի հասցեին, ընդհուպ վերջինիս մեղադրելով պոպուլիզմի մեջ։ ՀՀԿ խմբակցությունը ինչպիսի՞ դիրքորոշում է որդեգրելու այսօր կայանալիք քննարկման ժամանակ, արդյո՞ք պատրաստվում է իր կոալիցիոն դաշնակցին կրկին մեղադրել նույնի մեջ։ Այս հարցով երեկ «Առավոտը» դիմեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին, որն ասաց. «Գնալու ենք ոչ թե ցանկությունների, այլ խնդիրները լուծելու տարբերակով։ Դեռեւս պարզ չէ, թե հանձնաժողովը ի՞նչ զեկուցագիր է ներկայացնելու։ Բնականաբար, ե՛ւ մենք, ե՛ւ բոլորը տրամադրված են ավանդները վերադարձնել։ Մեզ համար հիմնական խնդիր կառաջանա, եւ հարկավոր է տեսնել ժողովրդի ռեակցիան, ինչպես ժողովուրդը կընդունի։ Հիմնական տեսակետն այն է, որ այդ ավանդները պետք է վերադարձվեն 20-30 տարում եւ հատուկ գործակիցներ են նշանակված։ Սա ոչ թե կուսակցական կամ կոալիցիայի խնդիր է, այլ նաեւ՝ ժողովրդի գնահատականն է կարեւոր»։

Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել