Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմության առաջնորդն Արամ Սարգսյանն է

Մարտ 02,2004 00:00

Փետրվարի
28-ին Շենգավիթի հրապարակում կայացած հանրահավաքում ազդարարեց «Հանրապետության»
քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը:
Հանրահավաքը սկսվեց Բուդապեշտում կացնահարված Գուրգեն Մարգարյանի եւ Սումգայիթի զոհերի հիշատակը հարգելով: Քիչ անց Սուրեն Սուրենյանցը հայտարարեց. «Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը որեւէ բանով չեն տարբերվում նույն այդ ադրբեջանական խուժանից: Ամեն օր կազմակերպում են սումգայիթներ, խաղաղ, անզեն բնակչության նկատմամբ բռնություններ»: Հավաքված մի քանի հազարանոց բազմությունը ոգեւորությամբ ձայնակցեց այս արտահայտություններին, սակայն հենց ելույթ ունեցողների մոտ կանգնած մի ալեհեր տղամարդ ընդվզեց՝ «Սխալ բաներ ես ասում»: Նրան արագ մի կողմ տարան, բայց մարդը մնաց մինչեւ հավաքի վերջը եւ հավանություն էր տալիս այլ ելույթների: Նույն օրը իշխանամետ թերթերից մեկն էլ զուգահեռներ էր անցկացրել ընդդիմադիրների եւ ազերիների միջեւ: Մեր հարցին՝ չի՞ կարծում, որ ներքաղաքական պայքարում պիտի բացառվի միմյանց «թուրքերի» հետ համեմատելը՝ պրն Սուրենյանցը պատասխանեց. «Արգելք չեմ տեսնում: Ես ընդամենը նրանց գործունեության ձեւերի միջեւ զուգահեռներ արեցի: Ներկա իշխանությունը մեր երկրի հետ որեւէ կապ չունի՝ հետեւաբար, այն ներքաղաքական կատեգորիա չէ»:

Այդ հանրահավաքում Սուրեն Սուրենյանցի մի արտահայտություն եւս, վստահ ենք, տեղիք կտա տարակարծությունների: Ի հակադրություն իշխանամետ մամուլի այն պնդումների, թե ընդդիմությունը չունի առաջնորդ՝ նա ասաց. «Երբ տեսա, թե ինչպես է այսօր ժողովուրդը դիմավորում Արամ Սարգսյանին՝ հասկացա, որ ընդդիմությունն ունի առաջնորդ»: Մինչ այդ Սուրեն Սուրենյանցը հեգնել էր Ստեփան Դեմիրճյանի նախասիրած «սահմանադրական ճանապարհ»-ը, նշելով, որ դա վերացական հասկացություն է եւ որեւէ մեկն իրավունք չունի իրենց թելադրելու, թե ինչ ճանապարհով են գնալու. «Մենք կգնանք այն ճանապարհով, որը կթելադրի ժողովուրդը»: Մեր հարցին, թե այս ամենը նշանակում է, որ այլեւս չե՞ն ընդունում Ստեփան Դեմիրճյանին իբրեւ դաշինքի առաջնորդ՝ Սուրեն Սուրենյանցը պատասխանեց. «Արդարության» ղեկավարումը կոլեգիալ է: Իհարկե, բազմաթիվ առաջնորդներ կարող են լինել, սակայն ես գտնում եմ, որ Արամ Սարգսյանը գործող վարչախմբի ամենաիրական այլընտրանքներից մեկն է»: «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը հետո լրագրողների հարցին, թե ուրեմն դաշինքը չի՞ որոշել իր առաջնորդին, պատասխանեց հարցով. «Մեզ քաղաքական առումով այդքան դմբոյի տե՞ղ եք դնում, որ հիմա որոշենք առաջնորդին»:

Ձմռան նախավերջին օրն անցկացված այդ հավաքում «Հանրապետության» քաղխորհրդի անդամ Գեղամ Հարությունյանն ասաց, թե իշխանափոխությունը պատկերացնում է ձնագնդիի տեսքով եւ այս հանրահավաքում իրենք ամրացրին առաջին ձնագնդիկը. «Ձնագունդ դառնալու հիմնական սկզբունքը ո՞րն է՝ կարեւորն այն է, որ առաջին ձնագնդիկը եւ հետո նախորդները անպայման մասնակցեն այդ պտույտներին: Դրա համար, երբ վաղը լսեք, որ «Հանրապետությունը» հանրահավաք է հրավիրել, ասենք, Մալաթիայում՝ դուք բոլորդ պարտավոր եք այնտեղ լինել, որպես նախորդ ձնագնդիկ… Հետո մենք Մատենադարանի հրապարակ կգանք ժողովրդական հզոր ալիքով՝ մեծ ձնագնդով»: Հարցական է, թե ինչու վաղուց հալված ձյան պայմաններում ընդդիմությունը որոշեց ձնագնդի խաղալ, սակայն անմիջապես կատակներ ծնվեցին այն թեմայով, թե արժեր քար դնել այդ ձնագնդիկի մեջ:

«Հանրապետության» առաջնորդն ասել էր, որ այլեւս չի մասնակցելու այն հանրահավաքներին, որտեղ չի հայտարարվի գործնական քայլերի մասին: Այս անգամ միայն ազդարարվեց, թե իշխանափոխությունը կլինի մարտին: Մեր հարցին, թե համարո՞ւմ է, որ պարզ դարձան որոշակի քայլերը՝ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Ո՛չ: Ես այս հանրահավաքին մասնակցեցի ստիպված՝ միայն ի պատասխան Շենգավիթում ծավալված բռնությունների»:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել