Լրահոս
Օրվա լրահոսը

«ՃԱՐ ՈՒՆԵՔ, ՃԱՐ ԱՐԵՔ»

Մարտ 02,2004 00:00

Ընդդիմությունից
պահանջում էին արարատցիք
«Արդարություն» դաշինքի հանդիպումները մարզերում սկսում են նմանվել «ճՑՏ, չՊպ, ՍՏչՊՈ» հեռուստախաղին։ Հանդիպումներին մասնակցող ժողովուրդը միայն այդ հարցերն է ուղղում ընդդիմությանը՝ ասեք ինչո՞ւ գանք, ո՞ւր գանք եւ ինչպե՞ս գանք։ Ընդդիմությունն էլ, իր հերթին խոստանում է, որ այդ հարցերի պատասխանները ժողովուրդը շուտով կստանա։ Շաբաթ օրը Արարատի մարզի մի շարք գյուղերում եւ Արտաշատ քաղաքում տեղի ունեցավ «Արդարություն» դաշինքի խորհրդարանական խմբակցության հանդիպումը մարդկանց հետ։ Ակնհայտորեն իշխանություններն իրենց համեմատաբար վստահ են զգում, քանի որ հանդիպումը խանգարելու հատուկ միջոցառումներ չէին իրականացրել։ Վերին Արտաշատ գյուղում հանդիպման եկած գյուղացիների մեջ բազմաթիվ էին այն ընտանիքները, որոնց երեխաների ու թոռների կնքահայրը անցած տարվա նախագահական ընտրությունների ժամանակ դարձել էր ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը։ Ի դեպ, այստեղ մեկ առանձնահատկություն եւս նկատելի էր՝ մարդիկ չէին խուսափում իրենց անունները հրապարակելուց։

Վերին արտաշատցի Խաչիկ Չոբանյանն էլ հանդիպման ժամանակ ելույթ ունենալով, հայտարարեց. «Ընկեր դեպուտատներ, մենք հույսը դրել ենք ձեր վրա, դուք էլ հույսը դրեք մեր վրա։ Մենք պատրաստ ենք, սպասում ենք։ Դուք մի մարդու պես ասեք, մենք մի մարդու պես կանգնելու ենք»։

Իսկ Հակոբյան Վարդուշ անուն-ազգանունով հին բոլշեւիկը, որը հանդիպման առաջին շարքում էր կանգնած, պարզապես եռում էր հեղափոխություն անելու կրակով. «Որտեղ ցույց, որտեղ երթ՝ առաջինը ես եմ կանգնելու։ Թող խփեն, սպանեն, համբերելու ժամանակ չունենք։ Մենք պետք է մեկ մարդու նման կանգնենք, հայրենիքը փրկենք։ Ժամանակն է, որ մենք ազատվենք հայ տեռորիստներ, հայ եղեռնագործներ, հայ կաշառակերներ ընդհանուր կոմբինացիաներով ժողովրդին խեղդում են, ճար ունեք, ճար արեք։ Հարգելի հայրենակիցներ, մարդկանց արդեն վաճառում են, օգնեք, ճար արեք։ Միայն պրոլետարիատի կազմակերպված հեղափոխությունը բանվորին ու գյուղացուն կազատի ճնշող ստրկությունից։ Կարլ Մարքս։ Գերմանացի փիլիսոփա»,- այսպես ավարտեց իր բոցաշունչ խոսքը ընկեր Վարդուշը եւ հուզված հիշեց, թե ինչպես է ինքը 1981-ին դիմել Կարեն Դեմիրճյանին՝ հողի հարցով ու Կարեն Սերոբիչը իր՝ հասարակ գյուղացու խնդրանքը հաշվի է առել ու օգնել։

Իսկ ընդհանրապես, տպավորությունն այնպիսին է, որ «Արդարություն» դաշինքի անդամ պատգամավորները շրջում են հանրապետության տարբեր բնակավայրերում՝ ժողովրդի տրամադրությունները զգալու համար։ Բոլոր ելույթ ունեցողները չէին մոռանում շեշտել, որ ամեն ինչ լինելու է ժողովրդի կամքով եւ ժողովրդի հետ։ ՀԺԿ նախագահ, «Արդարություն» դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանին ժողովուրդը բավականին ջերմ ու ոգեւորված ընդունեց։ Նրա ելույթից առաջ եւ ընթացքում մի քանի անգամ Արտաշատի հրապարակում վանկարկվեց Դեմիրճյան ազգանունը։ Դիմելով հավաքվածներին, պրն Դեմիրճյանն ասաց. «Ակնհայտ է, որ իշխանական ճամբարում խուճապ է։ Իշխանությունը հոգեվարքի մեջ է։ Հասարակ մարդկանց սոցիալական խնդիրները լուծելու փոխարեն, իշխանությունները փորձում են հնարավորինս երկարացնել իրենց ժամանակը։ Դա իհարկե հեռանկար չունի։ Նաեւ ապավինում են ուժային կառույցներին։ Սակայն մենք համոզված ենք, որ երկրի ուժային կառույցները, որոնք մենք չենք բաժանում մեր ժողովրդից, գիտակցում են ժողովրդի անվտանգության հանդեպ իրենց պատասխանատվությունը։ Նրանք, ովքեր կընտրեն անօրինականությունները եւ բռնության ճանապարհը, ուզում ենք զգուշացնել, որ պատասխան են տալու օրենքի եւ ժողովրդի առջեւ»։ Հանդիպումների ժամանակ շարունակ հնչում էր՝ «Ժողովրդի հավաքական կամքը հաղթանակելու է» մոռացված արտահայտությունը։

«Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի ելույթները եւս բավականին ակտիվ արձագանք էին ստանում, հատկապես, երբ նա հայտարարում էր. «Այս զանգվածային միջոցառումներն ապացուցում են, որ ղարաբաղյան կլանի երկու պարագլուխների ողնաշարը այդ կլանի հետ միասին պետք է ջարդենք»։

Ելույթ ունեցող պատգամավորները՝ Ստեփան Զաքարյանը, Գրիգոր Հարությունյանը, Արշակ Սադոյանը, Հրանտ Խաչատրյանը եւ մյուսները հիմնականում խոսում էին ժողովրդի սոցիալական վիճակից եւ հայտարարում էին, որ այս անգամ կանգնելու են մինչեւ վերջ ու հաղթելու են, եթե դա ուզում է ժողովուրդը ու եթե կկանգնի ժողովուրդը։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել