Լրահոս
Օրվա լրահոսը

Դերասանուհին ոխ չի պահում

Փետրվար 28,2004 00:00

Դերասանուհին ոխ չի պահում Վիոլետա Գեւորգյանը ուզում է Հայաստանում կրկին հանդիպել իր հանդիսատեսին Երեւանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում Հրանտ Մաթեւոսյանի «Աշնան արեւ» ներկայացման գլխավոր հերոսուհու՝ Աղունի կերպարը թատրոնի հիմնադիրներից մեկի՝ Վիոլետա Գեւորգյանի վերջին փայլուն դերակատարումն էր հայրենիքում։ Հիշեցնենք, որ դերասանուհին Հայաստանում ու արտերկրում այս դերակատարմամբ բեմ է բարձրացել մոտ 800 անգամ։ 1991-ից Վիոլետա Գեւորգյանը բնակվում է Լոս Անջելեսում, իսկ թատրոնից հեռացել է 1988-ին։ Պատճառ՝ իհարկե, կար։ Այն է՝ դերասանուհու մասնակցությունը Բաքվում կայացած կինոփառատոնին, որը ժամանակին ճիշտ չընկալվեց Հայաստանում։ Այսօր դերասանուհին աշխատում է «վատ բաները» չհիշել պարզ պատճառով. «Դժվար է ծանր հուշերով ապրել, թեպետ դա իմ ներսում կմնա մինչեւ կյանքիս վերջը»։ Հիշեցնենք, որ Վ. Գեւորգյանը այդ օրերին ասեկոսեներին վերջ տալու նպատակով մամուլի միջոցով դիմել էր հանրությանը, բացատրել, որ դա ընդամենը սովորական մասնակցություն էր կինոփառատոնին, բայց ապարդյուն։ Դերասանուհին «Առավոտին» պատմեց իր ամերիկյան գործունեության մասին։ Տեղեկացրեց, որ այս տարիներին խաղացել է որդու՝ դերասան Հրաչյա Մխիթարյանի սցենարներով բեմադրված երաժշտական կոմեդիաներում, նկարահանվել ամերիկյան երկու սերիալներում՝ «Վեց ոտնաչափ հողի տակ» եւ «Կենտրոնական հոսպիտալ»։ Սակայն դերասանուհին օվկիանոսից այն կողմ իր բեմական գործունեությունից բավարարված չէ. «Մեկ-մեկ բեմ դուրս գալը դաժան բան է, լավ է բոլորովին դուրս չգաս»։ Վ. Գեւորգյանն անկեղծացավ՝ հիշելով, որ Երեւանում եթե մի օր թատրոն չէր գնում՝ հիվանդ պառկում էր։ Բնականաբար, հետաքրքրվեցինք Լոս Անջելեսում հայտնված հայաստանցի դերասանների ճակատագրով։ Վ. Գեւորգյանն ասաց. «Այնտեղի հայ մեծահարուստները չեն մտածում թատերական օջախ բացելու մասին։ Երեւի չեն էլ պատկերացնում, թե հայապահպանման գործում ու, ընդհանրապես, տարբեր ճակատագրերի բերումով Լոսում բնակվող հայերի համար ի՜նչ գործ արած կլինեն։ Էլ չասեմ, թե դա ինչ կտա հայ դերասաններիս»։ Ըստ դերասանուհու, ԱՄՆ-ում եթե «ստաբիլ» ռոճիկ չունենաս՝ փողոցում կհայտնվես։ Հետեւաբար այնտեղ հայ դերասանները ստիպված այլ աշխատանքներով էլ են զբաղվում։ Այս տարի հոբելյանական է սիրված դերասանուհու համար՝ լրանում է նրա 60 տարին։ Այդ առիթով կապվեցինք Դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանի հետ։ Վերջինս պատասխանեց. «Վիոլետան մեր լավագույն դերասանուհիներից է։ Այո, գիտեմ, որ այս տարին հոբելյանական է նրա համար։ Կնստենք-կմտածենք, թե ինչպես ենք նշելու»։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել