Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԿԱՆԱՉԸ ՀԵՌԱՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԻՑ

Փետրվար 28,2004 00:00

ԿԱՆԱՉԸ ՀԵՌԱՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԻՑ Նորից Օպերայի շրջակայքի մասին Թանկագին ընթերցող, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Օպերային թատրոնի եւ Ա.Խաչատրյանի անվան մեծ համերգասրահի շրջակա տարածքի գծապատկերը: Մաթեմատիկական ճշգրտության չհավակնելով, բայց բավական հավաստի, գծապատկերն արտացոլում է այն իրավիճակը, որը ստեղծվել է մեր հպարտության՝ Ալ.Թամանյանի կոթողի շուրջ: Ուսումնասիրություններն ու հաշվարկները ցույց տվեցին, որ այդ տարածքում եւ նրան հարող Կարապի լճի շրջակայքում տեղադրվել է 12 սրճարան ու դիսկոտեկ: Դեռ չհաշված 8220«Օպերա» ակումբը, որը գտնվում է հենց Օպերայի շենքում՝ Սայաթ-Նովա փողոցի կողմից: Դրանցից «Մեղեդի», «Ատլանտիկ», «Աստրալ», «Կարուզո» եւ անանուն եւս մի սրճարան (Սայաթ-Նովա փողոցի կողմից) ունեն փակ ձմեռային սրահներ եւ ընդարձակ տարածություններ ամառային սրճարանների համար: Մնացած 7-ը առայժմ բավարարվում են ամառային գործունեությամբ: Դա նշանակում է, որ Օպերայի շուրջն աճել է 5 ֆունդամենտալ կառույց: Հատկապես հզոր շինարարություն են նախաձեռնել «Աստրալի» եւ «Ատլանտիկի» տերերը: Օպոնենտները գուցե հակառակեն. ո՞ւմ է դա խանգարում, ծառերը կանգնած են: «Մեղեդու» տերերը յուրաքանչյուր ամառ ծաղկաթմբեր են տնկում, տարածք են կարգի բերում, եղեւնի են տնկում ցանկապատի երկարությամբ, աղբն են հավաքում, նույնիսկ մետաղական նստարաններ են տեղադրել: Բայց ամեն ինչ չէ, որ այդքան լավ է: Աղբի հետ միասին շատ ծառեր էլ են «հավաքել»: Ուշադիր զննենք: Օպերայի այգում նրանք ավելի շատ էին: Ու՞ր կորան հիմալայան մայրիները, որոնք մեր քաղաքում խիստ հազվադեպ են հանդիպում: Կամ էլ՝ հինավուրց խաղողի վազերը, ունաբի ծառերը, որոնք աճում էին «Աստրալի» տեղում: Եղեւնիների մեծ մասը պարբերաբար չորանում է, երբ նրանց արմատները դեմ են առնում սրճարանի բետոնե հիմքերին: Չորացել է սոսին, որի մի ճյուղը սերտաճել է այգու ցանկապատին: Դեռ նախանցյալ տարի դա հրաշալի, կենսունակ ծառ էր: «Ատլանտիկի» ծառուղու երկարությամբ աճող սոսիները նույնպես չորանում են: Անցյալ սեզոնում նրանց սաղարթը համարյա զրկվեց տերեւներից, որովհետեւ արմատները խորքում վնասվել էին: Ծառերը մահանում են, իսկ բետոնե հրապարակներն աճում են ու աճում: Ընդամենը 10 տարի առաջ Օպերայի ողջ շրջակայքը՝ Կասկադի, Թամանյան փողոցի, Սարյանի եւ Կոմիտասի արձաններով, պուրակների հետ միասին, միասնական պահպանվող համալիր էր՝ հուշահամալիր: Բայց քաղաքի իշխանությունները /գուցե ավելի բարձր ատյանները/ քաղաքային պահպանվող տարածքները զրկեցին կարգավիճակից՝ որպես այդպիսին: Թեեւ կազմվել է պահպանվող տարածքների նոր ցուցակ, բայց այնտեղ այդպիսի միասնական պահպանվող համալիր չկա: Ընդ որում, նոր ցուցակն էլ դեռ հաստատված չէ: Այնպես որ, թե ինչե՞ր են սպասվում մեզ, դեռ հայտնի չէ: 10 տարի առաջ, գտնվելով Սանկտ-Պետերբուրգում, այցելեցի Ճարտարապետի տանը կազմակերպված՝ Իսրայելի ժամանակակից ճարտարապետությանը նվիրված ցուցահանդես: Ցուցադրման ողջ ընթացքում էքսկուրսավարը շեղվում էր ցուցահանդեսի թեմայից եւ շատ ջերմորեն ու խանդավառ՝ խոսում Երեւանի ճարտարապետության մասին: Նա սիրահարված էր մեր քաղաքին, նրա ճարտարապետությունը համարելով նոր խոսք համաշխարհային մշակույթում: Խեղճ մարդ: Եթե նա պատահաբար նորից հայտնվի Երեւանում, ապա քաղաքը չի ճանաչի: Նույնիսկ մենք ենք դադարում Երեւանը ճանաչել: Քաղաքը վերափոխվում է, կորցնելով իր դեմքը, յուրահատկությունը, առանձնահատուկը: Մնում են միայն բետոնը, երաժշտական աղմուկը եւ վառված միս ու կարագի հոտը: Երեւանը մայրաքաղաքից վերասերվում է մի մեծ սրճարանի: Պարզվում է՝ ժամանակակից հայերի կյանքի ողջ իմաստը պատառ կուլ տալն է ցածրորակ երաժշտության ոռնոցի ներքո: Պարզվում է, որ յուրաքանչյուր քաղաքային տարածք կարելի է բաժանել մանր կոտորակների, որպեսզի բնապահպանական փորձաքննության չենթարկվեն: Իմիջիայլոց, բնապահպանական փորձաքննության մասին: Բնապահպանական պետական փորձաքննության լիազոր մարմնի տվյալների համաձայն, 8220օպերային8221 12 սրճարաններից միայն «Աստրալն» է փորձաքննություն անցել 2002 թվին: Եվս մեկ հետաքրքիր մանրամասն: Մեր քաղաքի գլխավոր ճարտարապետ Ն.Սարգսյանը 2000թ. ձմռանը հանրության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ (կազմակերպիչ՝ 8220Կանաչների միություն8221) հայտարարեց, որ դա շատ կարեւոր կառույց է, նվիրված է Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին: Ինչ կապ կա դիսկո ակումբի եւ քրիստոնեության ընդունման միջեւ, ոչ մեկը չհասկացավ: Իսկ շինարարությունը, նույնիսկ հիմա՝ 2004թ.-ին դեռ ավարտված չէ: 8220Աստրալցիները8221 շարունակում են ընդարձակվել: Վաղուց արդեն նրանք անցել են իրենց սեփականացրած զուգարանի սահմանները: Իսկ ի՞նչ իրադարձության եւ ի՞նչ տոնակատարությունների առթիվ աշխարհ եկան մյուս 11 սրճարանները՝ հայտնի չէ: Բայց ինչպե՞ս պատահեց, որ բնապահպանական փորձաքննությունը չնկատեց ունաբի՝ Կարմիր Գրքում զետեղված ծառերը եւ հին խաղողի վազը, որոնք ապրում էին շինարարական հրապարակի հարեւանությամբ եւ որոնք հիմա չկան: Չէ որ կարելի էր եւ անհրաժեշտ էր նրանց պահպանությունը հանձնարարել նախաձեռնողին: Դժվար է ավարտել այս խոսակցությունը, քանի որ իրավիճակից դուրս գալու ելքը չի երեւում: Խոսքը միայն Օպերայի շրջակայքի մասին չէ: Դա բազմաթիվ օրինակներից մեկն է միայն: Ցավոք մեր քաղաքի 8220ուժեղների8221 ագահությունը վեր է օրենքներից: Բայց նրանք չեն նկատում, որ իրենք էլ են կորցնում: Մեր քաղաքի մթնոլորտն է կորչում ինչպես ուղղակի, այնպես էլ՝ փոխաբերական իմաստով: Մնում է միայն հուշել, որ մեկ անգամ էլ նայեն Օպերայի շրջակայքի գծապատկերին: Այնտեղ փոքրիկ օղակներով նշված են դեռ կենսունակ հողակտորները: Դա նշանակում է, որ նրանք, ովքեր դեռ չեն հասցրել իրենց համար պատառ պոկել, դեռ շանս ունեն: (Հուսով ենք, որ սա կընդունվի որպես կատակ:) Գոհար Օգանեզովա կենսաբանական գիտությունների դոկտոր Նյութերը պատրաստվել են Երեւանի կանաչ տարածքների պահպանությանն ուղղված ՀԿ-ների կոալիցիայի անդամների կողմից: Տպագրվում են USAID ֆինանսավորմամբ «Համաշխարհային ուսուցում-Հայաստան» ՀԿ հզորացման ծրագրի դրամաշնորհի շրջանակներում: Սույն փաստաթղթում արտահայտված կարծիքները հեղինակային են եւ անպայման չէ, որ արտացոլեն ԱՄՆ ՄԶԳ տեսակետները: Բոլորովին արդարանալու կարիք չկա, թե այգիներում ու պուրակներում կառուցվող սրճարան-ռեստորանների հաշվին իբր նոր աշխատատեղեր են բացվում եւ սոցիալական լարվածությունը թուլանում է: Նախ եւ առաջ, աշխատավարձերն այդ օբյեկտներում չնչին են: Երկրորդ, դա աշխատանքի հնարավորություն է սահմանափակ երիտասարդ, առողջ մարդկանց համար: Ավագ եւ միջին տարիքի երեւանցիները կրկին մնում են անգործ, իսկ նրանք մեր քաղաքային հանրույթի ավելի խոցելի ներկայացուցիչներն են: Սրճարան-ռեստորանների թափով շինարարությունը /բայց ոչ կանաչ գոտիների հաշվին/ այն դեպքում կարդարացվեր, երբ Երեւանը զբոսաշրջության կենտրոն լիներ: Բայց մինչ այդ անցնելու ճանապարհ շատ կա: Դրա համար պետք է քաղաքը համապատասխան ենթակառուցվածք եւ բոլորովին այլ կազմակերպում ունենա: Զբոսաշրջության կենտրոնների բազմաթիվ պարտադիր հատկություններում փոխադրամիջոցները կարեւոր տեղ են զբաղեցնում: Եվ դա պետք է կազմակերպվի քաղաքակիրթ ձեւով: Ուղեւորափոխադրումների ողջ համակարգը՝ սկսած մեքենաների ու փոխադրումների որակից, փոխադրումների տեսակից, վերջացրած կանգառներով ու դրանց մատույցներով, պետք է բոլորովին այլ կերպ լինի: Երեւանյան փողոցներում ավտոմեքենաների կայանումը ավելին է, քան՝ քաոսը: Բոլոր կենտրոնական փողոցները հեղեղված են կայանված մեքենաներով, որոնք վատացնում են այդ փողոցների արտաքին տեսքը, խանգարում տրանսպորտ նստելուն, փողոցները մաքրելուն, անցորդների երթեւեկին, ինչպես նաեւ՝ կտրուկ նվազեցնում են փողոցների ֆունկցիոնալ դերը որպես ինտենսիվ շարժի մայրուղիներ: Զբոսաշրջիկները ոչ միայն ուտում եւ խմում են: Նրանք պետք է մարսողության ավելցուկներից ազատվելու հնարավորություն ունենան: Իսկ որտե՞ղ: Չէ՞ որ Երեւանում հանրային զուգարանները բարի եւ ռեստորանի վերափոխվելու հակում ունեն: Ինչ վերաբերում է այգիներին ու պուրակներին, ապա մեր քաղաքի կլիմայական պայմաններում ապրել առանց կանաչ տարածքների եւ առողջ կյանքով՝ հնարավոր չէ: Այնպես որ, պարոնայք ղեկավարներ, մեզ՝ երեւանցիներիս, այնքան էլ դուր չի գալիս այն, ինչ այսօր կատարվում է քաղաքում: Մենք մեր բացասական կարծիքն ունենք Ձեր բազմաթիվ գործողությունների վերաբերյալ: Չի կարելի այնպիսի տեսք ընդունել, իբր բոլոր երեւանցիները համաձայն են Ձեզ հետ: Կան բազմաթիվ «անհամաձայն» երեւանցիներ եւ նրանք մեծամասնություն են: Այս քաղաքը միայն Ձեզ չէ, որ պատկանում է: Եվ միայն մերը չէ: Նա մեր ընդհանուր տունն է, ընդհանուր մայրաքաղաքը: Ուրեմն եկեք միասին որոշենք, թե ինչպիսի՞ն պետք է լինի այն: ԳՈՀԱՐ ՕԳԱՆԵԶՈՎԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել