Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ՔԱՂԱՔԸ

Փետրվար 28,2004 00:00

ՄԵՐ ՔԱՂԱՔԸ Երեւանն աշխարհին հայտնվեց համարյա 3000 տարի առաջ, բայց մայրաքաղաք դարձավ միայն 1918թ., երբ Հայաստանում կայացավ Առաջին հանրապետությունը: Ինչու՞ Երեւանը, ոչ թե Գյումրին: Այն ռուսական կայսրության Էրիվանի նահանգի կենտրոնն էր եւ, գուցե, մայրաքաղաքի կոչում ստացավ իներցիայով, թե՞ գտնվելով լեգենդար Արարատյան հարթավայրի ծայրամասում: Սիսի ու Մասիսի շնորհիվ ամեն ակնթարթ հիշեցնում է այս հողի խելահեղ հնության մասին: Սա, իհարկե, նախընտրելի է, բայց հավանական է, որ որոշիչը առաջին հանգամանքն է: 1990թ. հրատարակված «Ճանապարհորդի հանրագիտարանում» գրված է` «Երեւանը բազմաթիվ դարերի ընթացքում նշանակալի դեր է կատարել Հայաստանի տնտեսական եւ հանրային-քաղաքական կյանքում: Այնտեղով էին անցնում քարավանային շատ ճանապարհներ, այն առեւտրական փոխանակման խոշոր կենտրոն էր»: Նույն գրքում ասվում է նաեւ, որ Երեւանը կոչվել է «Արարատյան Աշխարհի մայրաքաղաք»՝ 14-րդ դարում, երբ դարձավ փոխարքայության կենտրոն: Մեր քաղաքը համաշխարհային նշանակության առաջնակարգ հուշարձաններ չունի, միայն Էրեբունու փլատակներն են (նշված է նույն «Ճանապարհորդի հանրագիտարանում»): Մեր հողում փոթորկվող ավերիչ պատերազմները, միմյանց հերթագայող զավթիչները ավերել են այն ամենը, ինչ արված էր նախորդների կողմից: Ավերածություններն ավարտեցին գեներալ Պասկեւիչի թնդանոթների արկերը: Ինչպես վկայում է նույն «Ճանապարհորդի հանրագիտարանը»՝ գեներալ Պասկեւիչը 1827 թ. Էրիվանի բերդը գրավելու համար սարսափելի ավերածություններ գործեց քաղաքում: Բայց հիմա էլ մենք ավերածությունների ու մեծ փոփոխությունների ականատես ենք լինում: Ի՞նչ է կատարվում: Ինչու՞ արվարձանների բնակիչները, որոնք վաղուց կենտրոնում չեն եղել, ծանոթ փողոցները չեն ճանաչում: Ինչո՞ւ, նույնիսկ, կենտրոնի բնակիչները, առօրյա հոգսերով սովորաբար տուն-աշխատանք երթուղով շտապելով, երբեմն դժվար են կողմնորոշվում հարեւան փողոցներում: 1990թ. «Ճանապարհորդի հանրագիտարանում» գրված է, որ Երեւանի փողոցները կարճ են ու հարմարավետ: Սակայն այս խոսքերն այժմ այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը: Հարմարավետությունը մեր քաղաքից անհետանում է բավական արագ տեմպերով: Ի՞նչն է պատճառը: Նորի՞ց բարբարոսների հարձակումները: Բայց դա ընդամենը դեպի մեծ Եվրոպա թռիչքի փորձ է, քաղաքն ավելի ժամանակակից դարձնելու փորձեր՝ քաղաքի մերօրյա հայրերի մտածելակերպով: Արդյունքում քաղաքի կենտրոնն արագորեն զրկվում է իր կանաչ հագուստից: Բոլոր զբոսայգիներն ու պուրակները գրավվում են սրճարան-ռեստորաններով, փողոցների ծառաշարքերն ամեն ձմեռ զրկվում են իրենց սաղարթից, որը կտրուկ վատացնում է նրանց ֆունկցիոնալ հատկությունները: Հին կառուցվածքի տների հարկայնությունն աճում է կամայականորեն՝ ինչպես նկուղային հարկերի, այնպես էլ վերնահարկերի հաշվին: Բացի դրանից հին տների նոր բնակիչները բետոնապատում են իրենց բնակարանների հատակն ու առաստաղը, անտեսելով հին տների հիմքերի ծանրաբեռնվածության հնարավորությունները: Այս ամենը արտաքնապես քաոսային կամայական բնույթ է կրում: Բայց կան նաեւ «ավանգարդ» նորակառույցներ: Կառուցվում է Հյուսիսային պողոտան, որն ըստ նախագծի, ավելի շատ կիրճի է նման, քան թե փողոցի: Արդյունքում անհետանում են հին երեւանյան Պուշկինի, Թումանյանի փողոցների մեկ-երկու հարկանի հարմարավետ տները: Դրանց տեղում արդեն կանգնեցված են բարձրահարկ, իրար կիպ կպած էլիտար կառույցներ: Այդ շենքերում կարող են ապրել միայն շատ հարուստ եւ ամբիցիոզ մարդիկ: Քանի որ դրանք կլիմայի նկատմամբ նվազագույն հարմարվողականություն չունեն, պետք է ձմեռը լավ տաքացնող, իսկ ամռանը հովացնող կոնդիցիոն հզոր համակարգ աշխատի: Այլապես այնտեղ հնարավոր չէ ոչ ապրել, ոչ աշխատել: Բայց խիստ «եվրոպական» է, նույնիսկ՝ «ամերիկյան»՝ թանկ հող եւ թանկ տներ: Ամբողջ Հյուսիսային պողոտան նախագծվում է որպես բարձրահարկերի շարք՝ Թումանյան փողոցից մինչեւ Հանրապետության հրապարակ: Այնպես որ կենտրոնի շատ հին կառույցներ կանհետանան: Դրանցից մի քանիսը տեղափոխվում են այլ փողոցներ, փոխելով իրենց հասցեն, բայց մեծամասնությունն ավերվում է: Ամեն ինչ ճիշտ է: Չէ որ Երեւանը ոչ Պրահա է, ոչ էլ Վիեննա եւ պահպանման ավանդույթներ չունի: Փոխարենը կան ավերման ավանդույթներ: Այնպես որ ամեն ինչ ընթանում է պատմության հարթեցրած ճանապարհով եւ պետք է մեզ Եվրոպա հասցնի: Բայց ինչու՞ այդ «եվրոպական» ճանապարհին չեն նախատեսվել, եթե ոչ նոր զբոսայգիներ ու պուրակներ (դա կենտրոնի թանկ հողի «անիմաստ վատնում» է), ապա, գոնե, ավտոմեքենաների կայանատեղեր, ինչպես է կարգավորվելու աղբահանությունը՝ «եվրոպական ձեւո՞վ»: Չէ որ մեր բոլոր ոչ լայն ու «հարմարավետ» փողոցները երկու կողմից էլ լցված են ավտոմեքենաներով: Եվ դրանից նրանք ավելի հարմարավետ դառնալու փոխարեն ավելի անանցանելի են: Մեզանում հասարակական զուգարանները գիշերային բարերի վերափոխվելու հատկություն են ձեռք բերել, իսկ փողոցներում ամեն տեղ վխտացող կենցաղային աղբը հինավուրց քաղաքի այցեքարտն է արդեն բազմաթիվ տարիներ: Այնպես որ Եվրոպայի ճանապարհին մեր քաղաքը չի կորցնում իր անհատականությունը՝ աղբակույտերն ու գարշահոտ շքամուտքերը մնում են մեզ հետ: Քաղաքը վերակառուցվում է իշխող այրերի ճաշակով ու ցանկությամբ: Նրանք կարծում են, որ կարող են եւ պետք է որոշեն ամեն ինչ մեր փոխարեն: Նույնիսկ այն, թե ինչպիսի քաղաքում մենք կցանկանայինք ապրել: Փորձենք քննարկել դա, իմանալ՝ քաղաքացիները համաձա՞յն են վերակառուցման այդ նախագծերի հետ, բոլո՞րն են ցանկանում ապրել «եվրոպական» քաղաքում, ինչպես որ մտածում են քաղաքի մերօրյա տերերը: Չի կարելի մոռանալ, որ Երեւանը մայրաքաղաքային, գլխավոր քաղաք է, հետեւաբար օրինակ է մեր ոչ մեծ երկրի մյուս քաղաքների ու բնակավայրերի համար: Մեր համաքաղացիների կարծիքը մեկ անգամ եւս ճշտելու համար, որոշեցինք անցկացնել փոքրիկ հարցում: Տրվեց ընդամենը երեք հարց. 1. Ինչպե՞ս եք վերաբերվում Երեւանի կանաչ գոտիների եւ Հրազդանի կիրճի կառուցապատմանը. 2.Ինչպե՞ս եք գնահատում ուղեորափոխադրումների կազմակերպումը, ներառյալ՝ կանգառները. 3. Ի՞նչ կարող եք ասել երեւանյան բակերի մասին: Ներկայացնում ենք ստացված պատասխանները: Մամիկոն Գալստյան /վարորդ/ 1. Կանաչ գոտիների կառուցապատմանը` բացասական: Ինչ վերաբերում է կիրճին, ապա դա լավ է, երբ աղբը հավաքվում է, ինչ-որ բան կարգի է բերվում: 2. Տրանսպորտը Երեւանում կազմակերպված կառույցի նման չէ, այլ տարերային բնույթ ունի: Չկա կանգառների մշակույթ, ամեն ինչ զբաղված է կայանատեղերով: 3. Բակեր չեն մնացել, միայն ավտոտնակներ են: Եվ հնարավոր չէ բակերը վերականգնել, քանի որ այդ ավտոտնակների մեծ մասը ֆունդամենտալ կառույցներ են: Թեկուզ դրանք ապօրինի են կառուցված, միեւնույն է՝ աստիճանաբար օրինականացվում են: Անահիտ Ղուկասյան /գիտաշխատող/ 1. Կանաչ գոտիների կառուցապատման վերաբերյալ պետք է ասեմ, որ դա տգեղ երեւույթ է: Ամեն անգամ «Հաղթանակ» զբոսայգու մոտով անցնելիս, ես վատ եմ զգում: Ինչ վերաբերում է կիրճին, ապա հնարավոր է այն ավելի է մաքրվում, կարգի բերվում: 2. Փոխադրամիջոցները կանգնում են որտեղ պատահի, ում որտեղ հարմար է, այնտեղ էլ կանգնում է: Պետական կառույցները պետք է այդ մասին էլ մտածեն: Շատ վարորդներ քաղաքը բոլորովին չգիտեն: Մի անգամ տաքսու վարորդը, կանգնեցնելով մեքենան, ինձ հարցրեց Պետական Համալսարանի տեղը: Սակայն բացատրություններս չհասկացավ, իջեցրեց ուղեւորին: 3. Մեր բակից վատը Երեւանում չկա: Միայն ավտոտնակներ են ու աղբարկղեր: Իսկ բակերը հարկավոր են բոլոր մարդկանց: Լորա Մարտիրոսյան /ծաղկաբույծ/ 1. Ինչպես ցանկացած նորմալ մարդ՝ կանաչ գոտիների կառուցապատմանը վերաբերվում եմ բացասական: Շնչելու օդ չի մնացել: Ինչ վերաբերում է կիրճի կառուցապատմանը, ապա ես գիտեմ այնտեղ կառուցված մասնավոր հյուրանոց, որի շրջակայքում ծառեր են տնկել: Դրա համար էլ ես ողջունում եմ դա: Թող կառուցեն ու կանաչապատեն, գոնե աղբը կպակասի: Միայն վատ է, որ շատերը կանաչապատումը որակով չեն կատարում: 2. Տրանսպորտի վերաբերյալ ինձ վրդովեցնում է շատ բան: Առաջ գիտեի, թե որտեղ է կանգառը, իսկ հիմա բոլոր փոխադրամիջոցները կանգնում են խաչմերուկներին մոտ: Պետք է, որ նորմալ կազմակերպված կանգառներ լինեն: 3. Բակերը մեր հանգստի վայրն են: Թոշակառուներն ու երեխաները ժամանակ անցկացնելու ուրիշ տեղ չունեն: Մեր բակերը ավտոտնակներով, աղբարկղերով ու կեղտով են հագեցված: Իմ կարծիքով, դրանք հնարավոր է կարգի բերել միայն բնակիչների ուժերով: Իշխանության վրա հույս դնել չի կարելի: Վատ է նաեւ այն, որ փողոցների սիզամարգերն էլ վերացրին, շնչող հող էլ չմնաց: Վրեժ Մանուկյան /բուսաբան/ 1. Կանաչ գոտիներում կատարվող շինարարությանը վերաբերվում եմ բացասական: Դա կործանարար է ինչպես բնակիչների, այնպես էլ՝ կառուցողների համար: Չէ որ մենք բոլորս էլ նույն քաղաքում ենք ապրում: Ինչ վերաբերում է կիրճի կառուցապատմանը, ապա՝ մի կողմից դա լավ է: Կառույցները հիմնականում անհարմար վայրերում են, որոնք նաեւ կանաչապատվում են: Բայց մյուս կողմից` կիրճը կարելի է օգտագործել քաղաքը կանաչապատ զանգվածներով հարստացնելու նպատակով: Կարելի է թեքությունների վրա տերրասներով ծառեր տնկել, ինչպես դա արել են մեր նախնիները: Քաղաքի տերրասային այգիներն ամբողջովին չորացել են: 2. Ուղեւորափոխադրումների հարցում համատարած անկարգություն է: Կանգնում են այնտեղ, որտեղ իրենց պետք է: Նորմալ հանրային տրանսպորտ չկա: Արտոնությունները դարձան ֆիկցիա: 3. Մեր բակերը խորշանք են առաջացնում: Բոլոր բակերը հենց բնակիչների մեղքով վերածվել են աղբակույտերի: Երեխաները խաղալու տեղ չունեն, դրանից էլ հաճախ հիվանդանում են: Եվս մեկ հիմնահարց: Ամենակարեւորն այն է, որ ժամանակակից շատ երեւանցիների մոտ բացակայում է քաղաքաբնակի մշակույթը: Հետեւաբար, նրանք չեն կարող իրենց դրսեւորել քաղաքային հանրույթում՝ ինչպես հարկն է: Մադլենա Մուսայելյան /պաշարագետ/ 1. Այգիներում ու պուրակներում տեղադրվող կառույցների նկատմամբ ունեմ բացասական վերաբերմունք: Ինձ ռեստորան-սրճարանները չեն հետաքրքրում: Ես մտածում եմ երեխաների մասին, որոնք այնտեղ խաղում ու թթվածին են շնչում: Դրա համար էլ դեմ եմ կառուցապատմանը: 2. Տրանսպորտը շատ ծանր վիճակում է: Երթուղային տաքսի նստելն անհնար է դարձել /եթե նստելատեղերը զբաղված են, ստիպված սպասում ենք ու սպասում/: Կանգառները նույնպես վատ վիճակում են, նույնիսկ թուղթ գցելու աղբաման չկա, որի պատճառով կանգառները նմանվում են խոզանոցների: 3. Բակերի մասին միանշանակ պետք է ասել, որ ահավոր է դրությունը: Ուրիշ ոչինչ: Մեր բակը կանաչապատ է: Բայց հիմա ջուրը վճարովի է բոլոր մակարդակներում: Եվ շուտով մենք ոչնչով չենք կարող ջրել մեր ծառերը: Մեր բակում աճում է սամշիտ եւ թույա՝ 50-ական թվականներից: Ինչ է լինելու դրանց հետ, ով է դրա համար պատասխանատու, ով պետք է վճարի այդ ծառերը ջրելու համար: Բազմաբնակարան շենքերի վարձը բարձրացրել են, իսկ բակերի համար պատասխանատուներ չկան: Ընդհանրացնենք: Երեւանի բոլոր այն բնակիչները, որոնց հետ զրուցեցինք մեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ, զայրացած էին կանաչ գոտիների կառուցապատման պատճառով: Մենք մի փոքր մեղմացրել ենք նրանց արտահայտությունները, որ դա հնարավոր լինի հրապարակել: Եվ ոչ միայն… 2004թ. հունվարի 30-ին Նոր Նորքի թաղապետարանում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեն կազմակերպեց ֆորում «Պատրա՞ստ ենք մենք արդյոք բարեկարգել մեր համայնքը» թեմայով: Որպես ակտուալ խնդիր՝ համայնքի եւ քաղաքի համար առաջ քաշվեց կանաչ գոտիների անձեռնմխելիության գաղափարը, որը քվեարկության արդյունքում դարձավ բացարձակ առաջնահերթ, ետ մղելով, նույնիսկ, սոցիալական թեզիսները: Անցյալ տարվա սեպտեմբերին «Երեւան քաղաքի բնապահպանությանն առնչվող որոշումների ընդունման գործընթացին հասարակության մասնակցության խթանում» ծրագրի շրջանակներում անցկացվեց սոցիոլոգիական հարցում՝ բնակչության, հանրային կազմակերպությունների եւ պետական պաշտոնյանների շրջանում: Ըստ հարցումի արդյունքների՝ բնակչության մեծ մասը /հարցվողների 53%-ը/ եւ ՀԿ-ների համարյա կեսը /հարցվողների 44%-ը/ էկոլոգիական իրավիճակը Երեւանում գնահատել են վատ, նույնիսկ՝ շատ վատ: Իշխանության ներկայացուցիչները քաղաքի էկոլոգիական իրավիճակի նկատմամբ ավելի հանդուրժող եղան: Հարցվող պաշտոնյաների 64.6%-ը իրավիճակը գնահատեցին միջակ, միայն 32.4%-ը՝ վատ: Նրանց բոլորի կարծիքով, ստեղծված իրավիճակի պատճառներն են՝ փոխադրամիջոցները /վնասակար արտանետումների շարժական աղբյուրներ/ շինարարությունը եւ փողոցային առեւտուրը: Այնպես որ, մեր հարցման զգացմունքային պատասխանները կարելի է համարել երեւանցիների մեծ մասի տեսակետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել