ՋՈՒՐԸ ԿՐԿՆԱԿԻ ԹԱՆԿԱՑԱՎ «Գին բարձրացնող» հանձնաժողովի փոխնախագահը գտնում է, որ դա կզարգացնի մեր տնտեսությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ իր նիստում միաձայն որոշեց բարձրացնել ջրի սակագինը: Ընդ որում, հանձնաժողովը քննարկում չծավալեց, հայտատուներն էլ տեղյակ ու պատրաստ էին ընդունվելիք որոշմանը: Խմելու ջուրը թանկացավ մոտավորապես կրկնակի, չնայած «Երեւան ջրմուղկոյուղին», «Հայջրմուղկոյուղին» եւ «Ոռոգում-ջրառը» ավելին էին նախատեսել: Երեւանում այժմ յուրաքանչյուր խորանարդ մետր խմելու ջրի համար կվճարենք 90.2 դրամ՝ նախկին 56-ի փոխարեն, եւ 100.3 դրամ մարզերում, նախկին 53-ի փոխարեն: Ոռոգման դեպքում սակագինը տարբեր է՝ ըստ տարածաշրջանների: Այսպիսով, հանրային նշանակության առանցքային բոլոր ծառայությունների սակագներն այս տարի վերանայվեցին ու բարձրացան. գազինը, էլեկտրաէներգիայինը, ջրինը: Ջրի դեպքում եւս հանձնաժողովը միջին մի տարբերակ ընտրեց: Հայտատուի առաջարկած տարբերակին չհամաձայնեց, բայց գինը նույնը չթողեց: Էլեկտրաէներգիայի դեպքում, ի հաշիվ Ատոմակայանի արտադրածի տեսակարար կշռի ավելացման, եթե սովորական սպառողը փոփոխություն չզգաց, ապա ջրի դեպքում տարբերություն կա: Չնայած, այդ տարբերությունը հարաբերական է: Հանձնաժողովի աշխատակազմի հիմնավորմամբ, հաշվի առնելով, որ մինչ ջրաչափերի տեղադրումը յուրաքանչյուր բնակիչ վճարում էր օրական 250 լիտր ջրի վարձ, իսկ ջրաչափի տեղադրելուց հետո ծախսը առնվազն կիսով չափ պակաս է կազմում, ուստի, խոշոր հաշվով, հանձնաժողովը համարեց, որ թանկացում տեղի չի ունենում: Օրինակ, «ինչո՞ւ պետք է 5 լիտրի համար 500 դրամ տամ շշալցված ջուր գնեմ»,- երեկ հարցրեց հանձնաժողովի փոխնախագահ Նիկոլայ Գրիգորյանը, որը ստիպված է դա անել խողովակներից հոսող ջրի կեղտոտության, ընդհատումների պատճառով: Ուստի, նկատի ունենալով, որ սակագինը բարձրացնելուն զուգընթաց ջրամատակարար ընկերությունների առաջ հանձնաժողովը որակի բարձրացման, անվտանգության, ընկերության կենսունակության պարտավորություններ է դնում, ապա կարծում է, որ սակագնի բարձրացումը նույնիսկ անհրաժեշտ է: Ավելին, ըստ պարոն Գրիգորյանի, դա անհրաժեշտ է ընդհանրապես տնտեսության զարգացման համար. «Հիշու՞մ եք, ոնց էինք ապրում, ոչ գազի վրա հաշվիչ կար, ոչ ջրի, դրա համար էլ էս օրն ընկանք»: Ջրամատակարար ընկերություններն ասացին, որ մոտ ապագայում սակագնի բարձրացման հայտ չեն ներկայացնի, «կտեղավորվեն» հաստատվածի շրջանակներում, պակասը կլրացնեն վարկային միջոցներով: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ