«ԳՈՂԳՈԹԱՅԻ ԾԱՂԻԿՆԵՐ»
Հատվածներ վեպից
…Ու կինն ասաց… բոլո՜րն էլ մեր տղաներն են, բոլո՜րն էլ մեր հայ տղաներն են, բայց ափսոս՝ հեղափոխական են։ Եվ կինն, ինքն-իրեն, ինքն-իրեն ասաց՝ ու դրանք ամենուր են։ Ամենուր են։ Եվ դրանք սովորել են ու սիրում են՝ քաոսը, խառնված իրավիճակը, անպատասխանատվությունը, անօրինականությունը, պղտոր ջրերը, քանդման պրոցեսը, թալանը, մեծաբերան դուրս տալը, պատասխանատվությունից փախչելը, ծակ ու դատարկ, անհենք փիլիսոփայությունն ու փիլիսոփայաբանությունը, անհենք փիլիսոփայաբանությամբ՝ հակահարձակման անցնելը, շանտաժներն ու ինտրիգները, հեղափոխականի կեցվածքը, հեղափոխականի կեցվածքով՝ երկիրն ու դիմացինին ծնկի բերելը։ Ու դրանք ամենուր են։ Եվ դրանք ամեն տեղ են։ Ամեն տեղ են ու ամենուր են։ Որ հեղափոխականի կեցվածքով շանտաժներն ու ինտրիգներն անում-կողքի քաշվում եւ «անհրաժեշտ պահին», իրենց իմացած անհրաժեշտ պահին իրար ձայն տալիս-հավաքվում, արդեն ավերակված գյուղերի գլխին, մթության մեջ հավաքվող չախկալների ողբաձայն են դնում։ Ահասարսուռ-մեռելահոտ-ողբաձայն են դնում։ Ու հեղափոխականի եռանդով գործում են՝ ամենքի ու ամեն-ինչի դեմ, ամենքի ու ամեն-ինչի դեմ։ Եվ կինն ասաց՝ ու դրանք ահավոր են, դրանք ահավոր են։ Ու դրանք չեն ուզում հասկանալ սեփական ժողովրդի տառապանքները։ Դրանք չեն հասկանում սեփական ժողովրդի տառապանքները։ Դրանք կռվում հաղթանակած, թշնամուն հաղթանակած, խաղաղ պայմաններում՝ մերձավոր-արյունակցի վրա-վրա, օր-օրի վրա-վրա եկող աքացիներից վիզը ծռած սեփական ժողովրդի տառապանքները չեն հասկանում։ Չե՛ն ուզում հասկանալ։ Թանձրամիտի ու ընչաքաղցի, բութի նշանը ճակատներին շեշտված երկատածվածները չեն հասկանում իրենց ծնած-սնած մոր, սեփական ժողովրդի տառապանքները։ Չե՛ն հասկանում, չեն հասկանում, որ Հայրենիքը միակն է, եւ նրա հետ խաղ չեն անում, փորձարկումների ու փորձանքների չեն ենթարկում, կուսակցական խաղերից կուրացած, մի երկու պատառ ավել բրդուճ ավել զխկտվելու համար, Հայրենիքն անելանելի դրության մեջ չեն կոխում եւ ամուլ հոգու պայմաններում՝ թշնամու-թուրքի բերանը լեզու չեն դնում։ Ու բզում են, ու բզզում են։ Եվ խառնում են։ Ու խառն են ուզում պահել երկիրը։ Ու խառն են ուզում պահել երկիրը։ Եվ սրանք, ամենափոքր-իսկ հնարավորությունն օգտագործելով, էկրաններին ու հարթակներին, բազարներում ու թերթերում են հայտնվում։ Էկրաններին ու ամբիոններին են հայտնվում։ Ու «խորը»-փիլիսոփայի փիլիսոփայությամբ, աշխարհաքաղաքական վերլուծություններ են անում ու ժողովրդին հրամցնում, «դատողություններ» են անում ու ժողովրդին հրամցնում։ Եվ… խորհրդավոր, բազմանշանակ։ «Սուր» դատողություններով, «խելամիտ» մեջբերումներով։ Գաղափարագարի ու ծամոնները բերանում ճտտացնող, տակից թույլ քածերի սեթեւեթանքներով։ Իրենց դատարկությունն ու սնանկությունը չհասկանալով։ «Ղարաբաղի հարցը» «շուտափույթ» լուծելու-ստորագրելու խրատներով… Իրենք գիտեն՝ ուրիշները չգիտեն։ Ու իրենք «մի բան» գիտեն՝ ուրիշները չգիտեն։ Եվ իբր՝ իրենց «ունեցած» ուժի եւ իրենց «ունեցած» խելքի ուժի գիտակցությամբ։ Իսկ Պլուտարքոսն ասում էր. «Որտեղ առյուծի մորթին չի բավականացնում, այնտեղ աղվեսենին են կցակարում»։ Եվ սրանց ամեն-մի՝ էկրաններին ու ամբիոններին խոսելուց, երկիրս բացասական լիցքերով է լցվում, մարդիկ նեղսրտվում են, թույլի հոգեբանությունն է թեւածում, թուրքի ու մեղքերի մեջ կորած աշխարհի առաջ մեղավորության զգացում է ծնվում, թեւաթափ ու անապագա, անհեռակա միջավայր ու անկարողի մտածելակերպ է ձեւավորվում։ Ու սրանք, ըստ դրսից մեղմ ու հատու թելադրված «կանոնների» են մոլորվում։ Եվ սրանք գայթակղված թափառում են ամերիկաներում ու եվրոպաներում եւ արհեստական ժպիտներով լեցուն այլ քուչեքում։ Եվ սրանց լրջությունը սեւ հումոր է բերում երկրիս վրա։ Ու մարդիկ ուզում են, շատ են ուզում՝ սրանց մեջ ու սրանց խոսակցություններում եւ գործողություններում զգացմունք տեսնել առ Հայրենիքը, զգացմունք տեսնել առ Հայրենիքը, սակայն քաղցի մեջ թաթախված կրքերը Հայրենիք չեն թողել այլեւս իրենց ու իրենց խոսակցություններում եւ գործողություններում։ Քաղցի ու ինքնասիրահարվածության մեջ թաթախված կրքերն, այլեւս Հայրենիք չեն թողել իրենց մեջ։ Այլեւս Հայրենիք չեն թողել իրենց մեջ։
Ու կինը նրանց տեսավ մեր երկիր ուղարկված։ Ուրիշ երկրների ներկայացուցիչներին։ Ուրիշ երկրների դիտորդներին։ Պատվերով համերգ-պատվիրողներին։ Ձեթով-լոբի տվողներին ու գրանդով երկիրը մաս-մաս բաժանող մեր-երկիրը քանդողներին։ Եվ նրանք բոլորն էլ, խոստում-խրատներ են տալիս։ Խորհուրդ-քարոզներ են կարդում։ Երդում-հավաստիքներ են անում։ Ամենքի ու ամեն-ինչի մասին։ Բարեկամաբար ու հարազատորեն։ Եվ սրանք թաքուն ականջները սրած, երկրախույզի բաց-անտարբերությամբ, սակայն ներքին-պարտավորված-հետաքրքրությամբ, որսում են, որսում են երկրի ընդերքի ամեն-մի շրշյունը, ամեն-մի թրթիռը։ Եվ ինչի մասին էլ խոսեն մեզ հետ բարեկամաբար-ժպտալով, սակայն մի հարցում անխոս են ու միմյանց էլ չեն խոստովանի. սրանց առաքելությունը մեր երկիր, միակ ու առաջնային նպատակ է հետապնդում՝ այս նոր կազմավորված երկիրը, հո չի՞ փորձում ինքնուրույն-ուժեղ ապրել, հո չի՞ փորձում իրենց՝ երկրների, միությունների, ընկերությունների ու կեղծավոր-համքարությունների շահերն արհամարհել։ Ու սրանց դերը մեր երկրում, հենց այս շահն է հետապնդում։ Եվ կինը երկա՜ր նայում էր ուրիշ երկրներից-մեր երկիր ուղարկված ջեյմս-բոնդերին։ Ու նրանց փախցնող աչքերի խաղացկուն ժպիտներին էր նայում եւ՝ քամահրանքով, արհամարհանքով ասաց՝ ի՜, հողեմ էդ ձեր փափուկ խնամված, փափուկ հարդուկված գլուխները։ Եվ կինը զայրույթով ասաց՝ բա չբռնե՞ս՝ հյուրընկալ-տանտիրոջ վարքի կանոններն արհամարհես ու մեր երկիր-ուղարկված ամեն-մի բոսյակ-ժուլիկի առաջ իր կենսագրությունն ու իր երկրում հաջողությունների հասնելու իր կեղտոտ խաղերը դնես դեմը՝ ինքդ-քեզ մի լավ ճանաչիր, ինքդ-քեզ մի լավ ճանաչիր եւ նոր փորձիր հոխորտալ մեզ վրա։ Բա չասե՞ս՝ մեր գլխներին, ձեր վերամբարձ քարոզները կարդալու փոխարեն, գնացեք, ձեր դաբլյու-բուշերի քվեաձայները նորից հաշվեք։ Եվ կինը՝ բարձրաձայն, արհամարհանքով ու արգահատանքով նրանց նայելով, զզվանքով ասաց՝ իրենք լորձոտ ժպիտներով մեղքերի մեջ թաղված, սակայն եկել-մեր գլխներին նոր ավետարաններ են թերթում։ Ու սրանք, իրենց զուգարաններում, գուցեեւ, թաքուն խնչում-խլնքում են, սակայն մեզ հետ, անընդհատ, եվրոպական-կուլտուրական ժպտում են։ Ու հետ դառնում ու նորից կուլտուրական ժպտում են։ Եվ կինն ասաց՝ սրանց, էս մեր երկիր ուղարկված ջեյմս-բոնդերի վարքն ու արտահայտությունները, տնական-անտաշ պահվածքը տեսնելուց, միշտ մտածում ես, միշտ մտածում ես, որ մեզ ամեն կարգի հայ էլ պետք է։ Ամեն կարգի՝ համարձակ ու խենթ, խելառ ու անտաշ, անգրագետ ու վայրենի, կրթված ու գրագետ, համառ ու գիտուն։ Ու նրանց ամեն-մի՝ մեզ դեմ տրված տեսակին, մեր ունեցած-համապատասխան տեսակն ենք դեմ տալու։ Եվ սրանց ամեն-մի անվայել, մեզ վիրավորող արարքին համապատասխան, ամերիկաներում ու եվրոպաներում, գետին կռացած-իրենց լամուկների կեղտոտ շորերը պարզաջրող քլինթոնների ու մնացյալի մայրերը, հավեսով-խայթված վեր-վեր են թռչելու հերթական քեֆերում բարձրացված քեֆչի-մեր տղաների խրոխտ կենացներից։ Ու կինը թոռանն ասաց՝ պատկերացնում ե՞ս, սրանցից մեկը, հերթական հայտնագործությունն է արել, եւ Հայաստանն ու Ադրբեջանը սիամական եղբայրների հետ է համեմատել՝ որպես միմյանց հետ կապված մեկ օրգանիզմ։ Եվ կինը փռթկաց ու նորից լիաթոք ծիծաղեց բռան մեջ թաքուն ու ասաց՝ միայն չասաց՝ այդ եղբայրներն ո՞ր մասով են միացած, եւ, եթե անհարմար տեղով են միացած, ապա մեկը համաձա՞յն է, որ մյուսին թլպատեն։ Ու կինը չոր ասաց՝ հազիվ, էլի, հիվանդ երեւակայությամբ՝ մեզ հիվանդ մարդու հետ համեմատեն։ Բայց կինը չէր հանդարտվում, նրա հպարտի ազատությունը վիրավորված էր սրանց տեղի-անտեղի միջամտություններից եւ նաեւ ասաց՝ սրանք «բարեկամաբար» ինչ էլ անեն, ինչ էլ խոսեն, սակայն ներքնապես վախեցած են մեր ինքնուրույն, ազգային ու պետական գործիչներից… Եվ կինը մեջբերում արեց ու մեջբերելով, ասաց՝ որովհետեւ՝ «երկիրը կարող են հանել զարգացման ինքնուրույն ճանապարհ, ուժեղացնել ու հզորացնել, դուրս բերել պետությունների մի խմբակցությունների ազդեցությունից, որն այնքան անհրաժեշտ է իրենց՝ հակառակ խմբակցության դեմ պայքարելու գործում… Լուսավո՜ր քաղաքակրթությանը միշտ էլ թանձր խավար է հարկավոր եղել իր գործարքների համար…»։
Ու կինը, հայացքն անորոշությանը, մտածկոտ, մտածկոտ ասաց՝ մի անտեսանելի, մութ ձեռք շատ խնամքով ու հեռահար ու դիպուկ կրակոցներով, մեր միջի ճիվաղների ու ճիճուների միջոցով, դիմահար կրակում ու գետնահարում է մեր ինքնուրույն տղաներին։ Դիմահար կրակոցներով կրակում է մեր հող ու ջրին անդրդվելի ու անվախ նվիրված մեր կրակոտ տղերքի վրա։ Մեր ինքնուրույն մտածող ինքնուրույն գործող տղերքի վրա։ Եվ կինն ասաց, ինքն-իրեն ասաց՝ մի մո՜ւթ, անտեսանելի ձեռք, անընդհատ բզբզում է մեր երկիրը, ուզում է կքած ու շվար պահի մեր Հայոց երկիրը։ Ուզում է ծուռվիզ պահի։ Հետամնաց ու կախված։ Հիվանդոտ ու սոված։ Թալանված ու թափթփված է ուզում տեսնել մեր երկիրը։ Սրանից-նրանից կախված ու թույլ է ուզում տեսնել մեր երկիրը։ Ծուռվիզ որբի տեսակով է ուզում տեսնել մեր երկիրը։ Ու կինը ցավով, ցավով ասաց՝ ու չենք ավելանում, երեք միլիոնից չենք ավելանում այս քար ու քռի, քարքարոտ ու աղի հողակտորում։ Եվ կինն ասաց, ասաց՝ եւ վախենում եմ, վախենում եմ։ Մի մութ, անտեսանելի ձեռք իր մութ ձեռագրով մեր՝ ինքնուրույն, արի ու նվիրված տղաներին գետնահարում ու անընդհատ, անընդհատ թշնամանքի մթնոլորտ է սերմանում։ Միմյանց չվստահելու, միմյանց ատելու մթնոլորտ է սերմանում։ Ու կինն ինքն-իրեն, ցավով ասաց, ասաց՝ չեն ուզում մեր Հայոց երկիրը պինդ ու կանգուն, ուժեղ ու վստահ լինի, ուժեղ ու վստահ, առանց լաց ու կոծի առաջ ընթանա։ Իսկ կասկածանքի մթնոլորտում հեշտ է ցանկացածի վրա կրակել։ Հեշտ է ցանկացածին գետնահարել։ Ու էս խառնաշփոթն իզուր չեն ստեղծել երկրախույզի նման ձեռքները մեր ժողովրդի զարկերակին-մեր երկիր ներմուծվածները։ Եվ դրսում մնացած, ակնդետ դիտողները՝ եւս մի անգամ չոքեցնեն Հայաստանին։ Ու հաղթանակը նրան չի սազում, նրան դարերով, ծունկի եկած, իրար փորոտիք թափող լացն ու կոծն է սազում։ Լացն ու կոծն է սազում։ Եվ կինը ցավով, տառապանքով ասաց՝ էս ազգը շատ շուտ է ոգեւորվում։ Ու նաեւ ասաց՝ փոքրիկ-քաջալերող, անորոշությանը բաց թողնված անորոշ շշուկից ոգեւորվում, «մինչեւ վերջ ենք գնալու»՝ մի քանի օր փողոցները ոտատակ տալիս, եղած-չեղած սարքածն ու կառուցածը սրբում-ոտատակ տալիս, եւ տարիներով, տարիներով, իր բռնած գործի ծանր հետեւանքները, մեծ մասի ուսերից վեր ծանրությունը տեսնելով, կռավատի տակ ընկճված կուչ է գալիս։ Եվ կինը մտածկոտ ասաց՝ էս ժողովուրդը բազմակուսակցական է, բոլո՜ր կուսակցությունների մեջ եղել է, բոլո՜ր կուսակցություններում կա, բոլո՜ր կուսակցությունների դատարկությունը տեսել է եւ բոլո՜ր կուսակցությունների վրա էլ համահավասար թքած ունենա, սակայն մանկամիտի ոգեւորությամբ վեր-վեր է թռնում ամեն մի գաղափարագար-կուսակցականի բաց թողնված պղպջակներից։ Մանկամիտի ոգեւորությամբ վեր-վեր է թռնում։
Ու կինը՝ երկա՜ր, ծանր նայում էր անորոշությանը եւ ասաց՝ ափսոս՝
տղամարդ չեմ։ Ու՝ ծանր, զզվանքով, արհամարհանքով ասաց՝ Աստված չանի, Աստված
չանի… Եվ կինն ասաց՝ Աստված չանի, բայց եթե կռիվ սկսվեց, էս բոլո՛ր, բոլո՛ր
անկլավներին ու անկյալներին, կարիերիստ թուլեքին ու կուսակցական, իշխանատենչության
ցավերով, խոսելու օնանիզմով տառապողներին, քամի ք…երին ու օդում պղպջակ
բաց թողողներին. դիմադիր, թե՝ ընդդիմադիր, իրենց քամակների չափսով մի-մի
կասկա գլխներին քաշել տալու եւ իրենց ընտանիքներով հանդերձ, առաջին գիծ,
դեպի թուրքի դեմ փորված խրամատներն ենք քշելու. թող գնան-խրամատում-ռմբահարության
ու ռմբակոծության տակ նստեն ու, գոնե մի անգամ, գոնե մի անգամ հասկանան խրամատում
նստած, թե էդ կռիվ ասածը, ի՜նչ զարհուրելի բան է ու ի՜նչ տառապանքներ է բերում
մարդ-արարածին։ Քաղաքական դաշտում տիկնիկ խաղացող, խոսելու ցավով տառապող,
անհայրենիք ու ամեն-ինչի վրա թքած ունեցած քաղաքական գործչին՝ առավել եւս։
Առավել եւս։ Երբ գլուխը թեւերի տակ ու խրամատի հատակին պինդ սեղմված, պինդ
սեղմված, ամեն-մի արկի խփելուց, ամեն-մի ռմբահարության ու ռմբակոծության
ժամանակ, անընդհատ մրմնջում է, անընդհատ մրմնջում է՝ Աստվա՜ծ, խնդրում եմ,
եթե կպնելու է, ապա միանգամից՝ տա-սպանի, միանգամից սպանի, հանկարծ՝ անոտ-անձեռ-կիսատ
չմնամ ու կիսատ չապրեմ մնացյալ կյանքս, Աստվա՜ծ… Երբ ամբողջ այդ ընթացքում
անընդհատ մրմնջում է, խելագարի նման անընդհատ մրմնջում է՝ Աստվա՜ծ, տեսնես
ոռնացող արկը ո՞ւմ սպանեց-կիսակտոր արեց-վիրավորեց՝ կնո՞ջս, երեխեքի՞ս, քրո՞ջս,
քրոջս երեխեքի՞ն, մո՞րս, հո՞րս… Կողքի խրամատում գլուխը ձեռքերի տակ թաղած
ու հողի մեջ թաղվել փորձող՝ եղբո՞րս, ընկերո՞ջս. ո՞ր տան ճրագին, ո՞վ այրի
մնաց, ո՞ւմ տունը, տառապանքով սարքած տունը ավերակի ու փլատակի վերածվեց,
ո՞վ որբ մնաց, ո՞ւմ մայրն է այսօր ու այսուհետ սպիտակած մազերը փետելով լալահառաչ
տալու. Աստվա՛ծ։ Աստվա՜ծ։