Երկիրը կարող է ապրել առանց ղեկավարների ու առանց հացի, ջրի, էլեկտրաէներգիայի, աշխատանքի ու նույնիսկ առանց բնակիչների, բայց չի կարող ապրել առանց դատավարությունների:
Մեր երկիրը: Իրոք: Նայեք օրվա լուրերը, թեկուզ լրագրերը:
Էդ երկու դատավարությունները (27-ի եւ Արմեն Սարգսյանի) ավարտվելուց հետո էս երկրում արդեն գրեթե ոչինչ չի կատարվում:
Ամենաճիշտ հարցերը հաճախ շատ նայիվ ու անիմաստ են՝ իսկ մեր դատավորները գիշերները կարողանու՞մ են հանգիստ քնել: Մղձավանջները չե՞ն տանջում, երազում ո՞չ մեկին չեն տեսնում, որ պարզ հարց տան՝ էս ի՞նչ արիք, դուք ձեր արածին հավատացի՞ք, դուք ձեր որոշածին տե՞ր եք: Ու ոչ մի նշանակություն չունի, որ դատավորներից յուրաքանչյուրը մասն է չկայացած արդարադատության չկայացած համակարգի, իսկ մասը չի կարող ամբողջին հակադրվել: Արդար լինենք՝ ի՞նչ կարող էր անել դատավորը, որին հատկացված է միայն իր տեղում նստած բառեր արտաբերողի դեր, բառեր, որ նախօրոք գրում-ձեռքն էին տալիս: Յուրաքանչյուր դատավոր ընդամենը մասն է այն խայտառակ խաղի, որի նպատակն էր ձանձրացնել, հոգնեցնել, զզվեցնել ու ապացուցել, որ…վաղուց ամեն ինչ ապացուցված է: Ըստ իշխանությունների քիմքի:
Զորօրինակ՝ 27-ը: Ամեն ինչ սկսվել ու վերջացել էր 1999 թ. հոկտեմբերի 27-ին, մի քանի րոպեում: Որովհետեւ ոչ նախաքննության, ոչ էլ դատաքննության ընթացքում ավելին ոչինչ չիմացանք եւ իմացածից ոչինչ չհերքվեց: Ստորության, ուրացության ու վախկոտության շքահանդեսում եկան ու գնացին, եկան ու գնացին, եկան ու գնացին ինչ-որ բաներ, խոսեցին-խոսեցին ու չասացին ոչինչ: Եվ միայն իշխանության թուլությունն ու իշխանության վախկոտությունն էր, որ դատը այսքան երկար ձգվեց, որովհետեւ իշխանությունը կարծում էր, թե ժամանակ է պետք՝ ժողովրդի զգոնությունը բթացնելու ու դիմադրությունը թուլացնելու, դատավճիռն ընդունելի դարձնելու համար: Սխալվում էր: Իշխանության ինքնապահպանության սրված բնազդը թելադրեց ինքնատիպ լուծում՝ 27-ի դատավարությունը օգտագործել 27-ով քաղաքական ասպարեզ եկած անցանկալի մարդկանց զսպելու ու «վնասազերծելու» համար: 27-ի դատավարության առումով իր պահվածքով ու հարցազրույցներով անկառավարելի լինելու ակնառու հայտ ներկայացրած Տիգրան Նաղդալյանի սպանությունը «գյուտ» էր՝ ընդդիմությանը մեղադրելով՝ զբաղեցնելու, քաղաքական բուն պայքարից շեղելու ու վարկաբեկելու համար: Եթե իշխանությունը ռեալ վտանգ զգար ազգընտիր Ստեփան Դեմիրճյանից, այսօր Նաղդալյանի սպանության պատվիրատուն լինելու էր Սամվել Դեմիրճյանը եւ նույն հաջողությամբ ապացուցվելու էր նրա հանցակցությունը, բայց ի սկզբանե 27-ը ուղղված էր Վազգեն Սարգսյանի դեմ, հետո նրա սպանությունն անակնկալ քաղաքական ասպարեզ բերեց ու օրեցօր ազդեցիկ դարձրեց Արամ Սարգսյանին, ուստի ինքնաբերաբար «հանցագործը» պիտի Սարգսյաններից լիներ. այլընտրանք չկար՝ Արմեն Սարգսյանի շուրջ հյուսվեց հանցակցության ու նույնիսկ պատվիրատու լինելու սարդոստայնը: Ընդ որում՝ իշխանությունը բավական ժամանակ տվեց Արամ Սարգսյանին մտածելու համար եւ իշխանափոխության պայքարից հրաժարվելու դեպքում միակ եղբորն անմեղ ճանաչելու հնարավորությամբ, նաեւ սպառնալիքով, որ …հանկարծ կպարզվի, թե ինքն էլ դավեր է նյութել Սերժ Սարգսյանի դեմ, բայց «անհասկացող» Արամ Սարգսյանը գերադասեց շարունակել պայքարը: Հետեւանքը՝ 27-ի անմիջական կատարածու մարդասպաններն ու 27-ին զոհված վարչապետի եղբայրը համարյա նույն պատժաչափը ստացան՝ առաջինները կատարած, երկրորդը չկատարած հանցանքի համար:
Իսկ ամենակարեւորը՝ իշխելու համար շահած ժամանակն է, կամաց-կամաց հասարակական գիտակցության մեջ կաթիլ-կաթիլ կաթեցվող թույնը կբթացնի անարդարության ցավը՝ կգտնվեն ինչ-որ մարդիկ, որ փրփուրն ի բերան այս ու այնտեղ կապացուցեն, որ Արմենը թասիբով տղա էր ու ախպոր վրեժը հանեց… Այսինքն՝ ձեռի հետ կբացահայտվի նաեւ 27-ի պատվիրատուն…
ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆ