Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեպի լյառն Մասիս»

Փետրվար 28,2004 00:00

Հատվածներ
«Վեր կաց, Հրանտ, վեր կաց» էսսեից
…Է՜, հե՜,հե՜, հե՜յ, Հրանտ, էս ինչ չոռուցավ մեզ դիպավ, Հրանտ, էս չոռուցավի տակից ո՞նց ենք դուրս պրծնելու առանց քեզ, Հրանտ, թեւ-թիկունք Հրանտ, պարզճակատ Հրանտ, մեր ազնիվ Հրանտ, մեր Ձորի Հրանտ, Մեծամոր Հրանտ…

Դեռ 83-ին ասում էիր. «Բոլորը (Սովետի ազգերը) փախչելու են ռըսի թեւի տակից, մենք սոցիալիզմի դիմակը երեսներիցս կախած կառչելու ենք նրա փեշերից՝ մեր հիմարությամբ ու անհեռատեսությամբ ձեւած քարտեզի ձեռքը կրակն ընկած»։ Հետո քեզավարի տնքում եւ հնար էիր փնտրում, փնտրում ու չէիր գտնում, պայծառ ճակատդ (լուսաճակատ Հրանտ) մթնում, կնճռաբռունցքվում էր, բայց էլի թիրախ չէր փնտրածդ, այլ ելք։

Մի օր ասիր՝ Նարեկացու պես գիգանտ չունենայինք, բայց գոնե մի քսան միլիոն ըլնեինք։ Չլնելու բան է՝ ասիր։

Չըլնելու բան է, Հրանտ։ Բանն էր ի սկզբանե։

«Ու ձյուն է գալիս, հեռավոր մի ձյուն…», եւ պատմությունդ է դեմս գալիս այսօր՝ արդեն պատմության մեջ…

Սեւակը, Սիրավը ու էլի մեկը, քեֆները հազար է ու մի նկարչի մեքենայով գնում են Ղարաբաղը գրավելու։ 68 կամ 70 թիվն է, որ Տեղ գյուղ են հասնում եւ ուր որ է Ղարաբաղը պիտի գրավեն, գինին թողնում է։ Կանգ են առնում գյուղամիջում։ Գյուղացիներից մեկը՝ Սեւակին ճանաչելով, տուն է հրավիրում, ոչխար են մորթում («ոչխա՜ր ենք մորթել, ոչխա՜ր»)։ Տղերքը նորից գինի են խմում եւ ոգիներն էլ նորից անկոտրում է, մարտական են երգում։ Ուտում են, խմում ու երգում։ Ու մեկ էլ տանտերը տեսնում է, որ սեղանը դատարկ է։ Մորթած խոյն է հիշում՝ ցլիկի չափ, սեղանին է նայում ու գոռում է, թե՝ այ կնիկ, կարտոլ էփի, կարտոլ, սրանց հախից կարտոլը կգա, սրանք Ղարաբաղը գրավողը չեն։ Պատմում էիր ու հիշում, թե Սեւակը պատմելիս ոնց էր երեխայի պես ուրախանում։ Սեւակը հիմա քեզ նոր չգրածներն է կարդում, Սիրավը Կարուզո է երգում ու Վարպետից (Սարյանից) մնացած հուշերը անեկդոտի վերածում, իսկ Վարպետն էլ աչքերն է կկոցում նեղսրտած՝ ոչ թե անեկդոտներից, այլ մեր երեկվա եւ ավելի շատ այսօրվա ու վաղվա ազգային կուրությունից, որ պատմականորեն հավկուրություն է դիագնոսված…

Մի քանի տարի առաջ էր՝ ոչ ձյուն կար կարգին, ոչ էլ հաց ու ոգու սովը եկել-չոքել էր Երկրիդ բնակիչների բկին ու դու էլ Ահնիձոր վրան էիր խփել ու հերթական կռիվդ էիր տալիս գրչով մեր պատմության հետ՝ Խորենացու եւ առաջին հիմնադիր նախագահի թիկունքը պահած։ Գրիչդ ձեռքիդ ընկել էիր պատերազմի ու խաղաղության արանքը եւ կռիվդ անծայր էր թվում։ Թիկունք էիր պահում, բայց երեքիդ թիկունքն էլ խոցված էր։ Ու ինչպես հին, այնպես էլ նոր պատմության էջերից դավաճանություն ու մատնություն էր թափվում ամենուր եւ փակում մեր ճանապարհը դեպի համաշխարհային քաղաքակրթություն։

Մենք էինք ու մեր սարերը։ Օտար մարդ չկար։ Մոտենում, մոտենում, իրար չէինք հասնում, ձայն տալիս՝ իրար չէինք լսում (ինչպես էսօր եւ միշտ)։ Իրար չէինք լսում եւ աշխարհի մաքրազերծման եւ Ահեղ Դատաստանի հեղեղն էլ արդեն սկսվում էր ու անդունդի էն կողմից ձեն տվեցի՝ «Վեր կաց, Հրանտ, վեր կաց…»։

Եվ ի՞նչ իմանայի, որ վաղուց վեր ես կացել ու բռնել հավերժությանդ ճանապարհը՝ դեպի լյառն Մասիս։ Եվ ոչ ոք չգիտի՝ սա վե՞րջն է սկզբի, թե՞ սկիզբն է վերջի։ Մի բան պարզ է՝ քեզանով պրծավ մի մեծ էպոխա (քո սիրած բառն է) եւ առանց քեզ սկսվեց մեկ ուրիշը՝ անորոշ, շեղբի պես սառը եւ ճակատագրի պես դաժան։

Փրկությունը՝ թողած գիրդ, գրականությունդ է, որպես «Աստծո թարգման»-ի (քո իսկ բառերով), պատվիրաններդ՝ առ մեզ եւ մեր պատմությանը։

ՎԱՆՈՒՇ ՇԵՐՄԱԶԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել