Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԻ ՇՆՉԱՌՈՒԹՅՈՒՆԸ

Փետրվար 28,2004 00:00

Քաղաքը մի բնակավայր է, որտեղ կենտրոնացած են մեծաքանակ բնակչություն, խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ, գիտական, կրթական, մշակութային, առողջապահական բազմաթիվ հաստատություններ:

Քաղաքները տնտեսական զարգացման նշանակալի պոտենցիալ ունեն, որը հանգեցնում է ուրբանիզացիայի: Արտադրողական ուժերի աճին զուգահեռ տեղի է ունենում բնակչության արագ աճ: Հետեւաբար, խոշոր քաղաքներում ուրբանիզացիան դառնում է «ինքնազարգացող»: Սա մի հատկություն է, որն անպայման պետք է վերահսկվի քաղաքի նախագծման, այնուհետեւ՝ զարգացման ընթացքում, ուշադիր հետեւելով շրջակա միջավայրի առողջացման քաղաքաշինական միջոցառումների արդյունավետ կիրառմանը:

Որքան Էլ բնակչությունը մեծաքանակ չափերի հասնի, պետք է կենսագործունեության նորմալ պայմաններ ապահովվի, այլապես՝ արտադրողական ուժերը աճելու փոխարեն՝ կնվազեն: Ուրեմն, քաղաքի ճարտարապետը պարտավոր է քաղաքի զարգացումը դիտել որպես սոցիալ-տնտեսական եւ ճարտարապետական միասնություն, որտեղ մարդիկ ոչ միայն աշխատում, այլեւ՝ հանգստանում են, կազմակերպվում է նրանց կենցաղը, կրթությունը, հանգիստը: Դրա համար էլ քաղաքաշինության վերաբերյալ բոլոր գործող ձեռնարկներում քաղաքաշինությունը սահմանվում է որպես բնության տարրերի եւ մարդու կողմից ստեղծվող օբյեկտների ներդաշնակ զարգացում՝ քաղաք կազմավորող նպաստավոր գործոնների առկայությամբ (հտՐՈՉՏփվՌՍ տՐՏպՍՑՌՐՏՉքՌՍՈ):

Քաղաքի զարգացման եւ շահագործման յուրաքանչյուր հարց որոշվում է նրա զարգացման գլխավոր հատակագծին համապատասխան: Իսկ գլխավոր հատակագիծը նախագծվում է անպայման հաշվի առնելով շրջակա միջավայրի առողջացմանը, պահպանմանը եւ մարդկանց առողջությանն անհրաժեշտ պահանջները:

Հասկանալի է, որ ժամանակակից քաղաքների պլանային կառուցվածքը խիստ բարդ է եւ բազմաբնույթ, քանի որ խիստ բարդ է հիմնական ֆունկցիոնալ գոտիների կազմակերպումը: Այդ պատճառով էլ քաղաքների աճը կարգավորվում է քաղաքաշինական սկզբունքների գիտականորեն հիմնավորված նորմերի հաշվարկմամբ: Հետեւաբար, որքան որ շատ են մեր շրջապատում բետոնն ու ասֆալտը, այնքան էլ շատ պետք է լինի կանաչ տարածքը: Այդ համամասնությունը որոշվում է առաջին հերթին հաշվի առնելով բնակչության թիվը եւ այդ բնակչությանն անհրաժեշտ թթվածնի քանակը: Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ քաղաքի բնակչությանը թթվածնի նվազագույն քանակությամբ ապահովելու համար յուրաքանչյուր քաղաքաբնակին անհրաժեշտ է 50 մ2 քաղաքային եւ 300 մ2 մերձքաղաքային կանաչ՝ ծառապատ տարածք: Կա նաեւ մեր «հարազատ»՝ սովետական չափանիշը՝ ԳՈՍՏ 17.5.3.01-78 փաստաթղթում որպես քաղաքի կանաչապատման նվազագույն սահման հաստատված է ընդամենը 400 հա կանաչ տարածք, այդ թվում 250հա անտառ-պուրակ– 1000 մարդու հաշվարկով:

Մեկ այլ պետականորեն հաստատված քաղաքաշինական փաստաթղթով՝ շինարարական նորմեր եւ կանոններ (հծՌկ 2.07.01-89)– քաղաքում նորմալ կենսագործունեություն ապահովելու համար անհրաժեշտ է, որ կանաչ տարածքները կազմեն կառուցապատման առնվազն 40 %-ը (արդյունաբեր.քաղ. 40+ 15-30%):

Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը Երեւանի գլխավոր հատակագիծը նախագծել է 250 հազար բնակչության համար, նախանշելով զարգացման սահմանը՝ 450 հազար: Բայց նախկին համայնավարական ծավալապաշտությունն այս քաղաքը դարձրեց 1մլն-ոց: Տասնամյակների ընթացքում այստեղ կենտրոնացվեցին ավելի քան 200 արտադրական խոշոր ձեռնարկություններ, որոնք խիստ վնասակար արտանետումներ, արտահոսքեր ու թափոններ էին առաջացնում հսկայական քանակներով: Այս արտադրությունների ծավալման պատճառով մինչեւ 1987թ. Երեւանում կենտրոնացավ Հայաստանի ազգաբնակչության ավելի քան 30%-ը: Շատ դեպքերում այս արտադրությունների տեղաբաշխումն իրականացվեց քաղաքաշինական կոպիտ խախտումներով, նույնիսկ՝ առանց սանիտարական պաշտպանիչ գոտիների (CH245-71): Անտեսվեցին տեղանքի, բնակլիմայական պայմանների գործոնները: Շատ դեպքերում այս արտադրությունների տեղաբաշխումը Հայաստանում զուրկ էր նույնիսկ տեխնիկատնտեսական հիմնավորումից (օգտագործվող հումքի եւ նյութերի հսկայական քանակների պահանջարկ, չափազանց մեծ հեռավորություն հումքի բազայից եւ իրացման շուկայից, էներգիայի ահռելի պահանջարկ եւ այլն): Եվ դա համարվում էր օրինաչափ, քանի որ տնտեսական զարգացումը պայմանավորված էր քաղաքական շահով:

Արդյունքում խիստ բարդացավ քաղաքի կենսագործունեությունը: Արդեն 70-ական թվականներին պետական վիճակագրությունը արձանագրեց վերին շնչառական ուղիների հիվանդությունների կտրուկ աճ քաղաքի բնակչության շրջանում: Իրավիճակը թելադրում էր անհապաղ որոշակի քաղաքականություն մշակել Երեւանի կանաչ տարածքների զարգացման համար՝ քաղաքաշինական կանոնների պահանջներին համապատասխան: Բայց իրականում … քաղաքի կանաչ տարածքների չափը որոշվեց խիստ պայմանականորեն, նմանեցնելով Կիեւի կանաչապատմանը, առանց հաշվի առնելու դրանց ֆունկցիոնալ նշանակությունը, տեսակային կազմը, վարչական ենթակառուցվածքը: Տեղաբաշխումն էլ կատարվեց խիստ անհամաչափ:

Սոցիալ-էկոլոգիական ասոցիացիայի անդամները որպես փորձառու մասնագետներ մշտապես հետեւել են Երեւանի կանաչ տարածքների պահպանության, խնամքի եւ ընդլայնման աշխատանքներին՝ 15 տարի շարունակ /1987-2002թ./:

Տարբեր տարիների կտրվածքով կատարվել են կանաչ տարածքների գույքագրման աշխատանքներ, հաշվի առնելով նաեւ քաղաքի կանաչապատման տնտեսությունների հողային հաշվեկշիռները, պետական վիճակագրության, քաղաքապետարանի, Երեւաննախագիծ ինստիտուտի /գլխավոր հատակագծի/ հողային կադաստրի տվյալները:

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է հետեւյալը.

Ընդհանուր առմամբ, 1928-1988թ. ընթացքում կատարված ծառատնկման աշխատանքների արդյունքում, 1990թ. Երեւան քաղաքն ուներ 1930 հա ընդհանուր ծառածածկ (աղյուսակ 1): Քաղաքի ընդհանուր տարածքը կազմում էր մոտ 17 հազ.հա: Քաղաքաշինական տերմիններով դա բնութագրվում է՝ 11.4% կանաչապատման աստիճան՝ 40%-ի փոխարեն: Իսկ միջազգային նվազագույն չափանիշով 50 մ2/մարդ հաշվարկելու դեպքում 1 մլն 200 հազ. բնակչություն /1986թ./ ունեցող քաղաքին անհրաժեշտ է 6000 հա ծառածածկ: Սակայն 1930 հա կազմում է 6000-ի 32%-ը: 1990-1995թ. էներգետիկ ճգնաժամի ընթացքում Երեւանում հատվեց ընդամենը 470 հա ծառածածկ: Այդ թվում 38 հա անտառ – լիակատար, 132 հա անտառ – համատարած, 300 հա – մասնակի կորուստներ: Արդեն 1995թ. քաղաքի ընդհանուր մակերեսը կազմում էր 20 հազար հա, որից ծառածածկը՝ 1460 հա:

Կանաչապատման աստիճանը 11.4% -ից նվազեց մինչեւ 7.3%:

Բայց էներգետիկ ճգնաժամը հաղթահարվեց, իսկ ծառահատումները շարունակվեցին: 1995-2000թ. ընթացքում հատվեց եւս 700 հա ծառածածկ՝ առեւտրաշինարարական կառուցապատման նպատակով: Նշենք, որ արդեն 1998թ. քաղաքի ընդհանուր մակերեսը անցավ 22 հազ. հա-ի սահմանը: Էներգետիկ ճգնաժամից փրկված 1460 հա-ից մնաց 760 հա, իսկ կանաչապատման աստիճանը նվազեց մինչեւ 3.4%:

Վերջին 2 տարվա «օրինական», բայց քաղաքաշինական խախտումների պատճառով անվերադարձ կործանվեց եւս 190 հա ծառածածկ: «Օրինական»՝ կա համապատասխան թույլտվություն շինարարության վերաբերյալ եւ հողհատկացման որոշում, իսկ խախտումները քաղաքաշինական են, քանի որ կանաչ տարածքներում կապիտալ շինությունների տեղադրում քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված չէ: Քանի դեռ հաստատված չէ նոր գլխավոր հատակագիծը, որպես օրենք գործում է նախկինը:

Ինչեւէ՝ 760 հա-ից այսօր մնացել է 570 հա կանաչ տարածք, միջինը 60% ծառածածկով (342 հա): Կանաչապատման աստիճանը՝ 1.55%:

Փաստորեն, 60 տարվա ընթացքում տնկված-խնամված, ամբողջովին արհեստական 1930 հա ծառածածկից, այսօր ունենք 570 հա տարածք: Հատված 1360 հա-ի 65%-ը՝ 890 հա, հատվել է 1995թ. հետո եւ, անվերադարձ կորուստ է:

Դրանք են՝

1. Բաբայան-Ազատության խաչմերուկի անտառ-պուրակ -10հա

2. Անտառային փողոցին հարակից անտառպուրակ – 43հա

3. Հրազդանի կիրճի հողապահպան ծառուտներ – 370հա

4. Լվովյան փողոցի անտառպուրակ – 42հա

5. Նորք-Մարաշի, Սարի թաղի անտառային ֆոնդի տարածքներ – 500 հա

6. Հաղթանակ զբոսայգի – 65հա

7. Օղակաձեւ զբոսայգի – 35հա-ի 80% կառուցապատ է

8. Կառույցներ Կոմիտասի անվան զբոսայգում

9. Վարդավառի զբոսայգին հատվեց 1996թ. հետո:

10. Դեկորատիվ բույսերի աճեցման տնկարանից (1996թ.՝ 18 հա) այժմ մնացել է 2-3 ջերմոց

Կառուցապատվում են նաեւ՝

11. Լենինգրադյան-Սեբաստիա-Լենինականի խճուղի խաչմերուկի միջնամասի ծառածածկը /փոխադրամիջոցներով խիստ ծանրաբեռնված/

12. Մարզահամերգային համալիրի դիմաց 1 սիզամարգի վրա 9 հատ ծաղկի խանութ + 2 բենզակայան + 3 քարաշեն 4×6 մ2 կառույցներ

13. Թումանյան զբոսայգում (65 հա) նախատեսվել է տեխնոպարկ:

14. Կառուցապատման տակ աստիճանաբար ոչնչանում են Հ.Քոչար, Կոմիտաս, Լենինգրադյան եւ այլ փողոցների ծառաշարքերը:

Այս ցանկը շարունակելի է, քանի որ կանաչ տարածքի հաշվին՝ խանութ, բենզակայան տեղադրելը կամ բնակելի դղյակ կառուցելը պատվի խնդիր է դարձել հայ գործարարների ու ճարտարապետների համար: Զբոսայգու տարածքում կառույց տեղադրելը ճարտարապետական տեսանկյունից «լավագույն» տարբերակ է համարվում: Չնայած դրանով խախտվում է զբոսայգու հավասարակշռությունը, արդյունքում զբոսայգին չի կարողանում նպաստել մարդկանց հանգստի կազմակերպմանը: Այդպիսի տարբերակների պատճառով կանաչ տարածքների ոչնչացումը շարունակվում է «օրինական» գրանցում ստացած՝ ծառածածկի հետ միասին՝ անվերադարձ կործանելով հարուստ բուսահողը: Նույն ճարտարապետական տեսանկյունից էլ միմյանց խիստ հակասում են կանաչապատումը, էսթետիկան ու քաղաքաշինությունը, տերմիններ, որոնք միշտ միմյանց ներդաշնակ են եւ հօգուտ շրջակա միջավայրի: Իսկ արդյունքում քաղաքում մնացած բնակչությունը պարզապես խեղդվում է օդի պակասից, քանի որ քաղաքաշինության փոխարեն քաոսն է զարգանում:

Վերին շնչառական ուղիների հիվանդությունների տարածմանը հերթագայում են սրտանոթային, թոքաբրոնխային, ալերգիկ, օնկոլոգիական հիվանդությունները: Եվ դա այն պատճառով, որ Երեւանում քաղաքաշինական կանոններն անտեսվում են համատարած:

Հիշեցում՝

Քաղաքաշինական կանոններ – օբյեկտների նախագծման եւ շինարարության, այդ թվում նաեւ՝ լանդշաֆտային ճարտարապետության հիմնական նորմեր եւ կանոններ: Դրանք օրենքների եւ չափորոշիչների ամփոփագրեր են, որոնք մեծ մասամբ, հաստատվել են նախկին ԽՍՀՄ օրոք, բայց, ԱՊՀ միջպետական պայմանագրի համաձայն, պարտադիր “գործում” են Հայաստանում նաեւ հիմա:

Այսօրվա պատկերը Երեւան կոչվող քաոսի հետեւյալն է:

Տերիտորիաների գոտեւորման խախտումների հետեւանքով իրար մեջ սերտաճած ստեղծվել են միմյանց հետ անհամակերպելի, հաճախ նաեւ՝ խիստ անցանկալի հարեւանություններ: Բնակելի, առեւտրի եւ սպասարկման, կրթական եւ կոմունալ-արդյունաբերական, մարզական, պաշտպանիչ եւ դեկորատիվ կանաչ գոտիների ֆունկցիոնալ կապերի, նորմատիվ մակերեսների եւ հեռավորությունների սահմանված քաղաքաշինական կանոնների խախտումները բազմաթիվ են, որոնք էլ հանգեցրել են կենսագործունեության վատթարացմանը:

Կարեւոր ենք համարում ընդգծել հետեւյալը. Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը Երեւանի գլխավոր հատակագիծը մշակել է հիմքում դնելով բնակավայրի նորմալ կենսագործունեության ապահովման սկզբունքը: Այդպես է ստացվում քաղաքաշինական բոլոր կանոններով ու նորմատիվներով, թեեւ դրանք Թամանյանի օրոք պետականորեն հաստատված չէին: Ուրեմն՝ հարկ է, որ յուրաքանչյուր նախագծող-ճարտարապետ ինքն իր նախագծի լավագույն էկոլոգը եւ փորձագետը լինի՝ ճարտարապետ Ալ.Թամանյանի նման:

Այնինչ, քաղաքի զարգացում՝ ըստ նոր ճարտարապետների, նշանակում է միայն շինարարություն, միայն առեւտուր եւ միայն քաղաքի շնչառության՝ կանաչ տարածքի հաշվին: Ու մնացած 570 հեկտարն էլ աստիճանաբար մարում է հանուն արտաքին ներդրողի, որը շահագործելով մեզ ու մեր երկրի պաշարները, հիմնական շահույթն էլ երկրից դուրս է տանելու:

Հիմա ներքին ներդրողի շահույթի մասին: Այս տարի կազմակերպության անդամները ոչ պաշտոնական հարցումներ կազմակերպեցին կանաչ տարածքներում սրճարան-ռեստորան տեղադրող գործարարների շրջանում: Պարզվեց հետեւյալը. ներդրած միջոցները չեն արդարացնում այդ օբյեկտների շուրջ 40%-ը, իսկ 40%-ին դա բոլորովին չի հետաքրքրում, մնացած 20%-ը շահույթն ապահովում են խուսափելով հարկային պարտավորություններից: Դա եւս մեկ անգամ ապացուցում է, որ Էկոլոգիապես չհիմնավորված որոշումները բացասաբար են ազդում ինչպես շրջակա միջավայրի, մարդկանց կենսապայմանների, այնպես էլ՝ շուկայական հարաբերությունների զարգացման վրա:

ՍՐԲՈՒՀԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Սոցիալ-էկոլոգիական ասոցիացիայի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել