Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵԶ ԴԱՐՁՅԱ՞Լ ՊԵՏՔ ՉԵՆ ԼՈՄՈՆՈՍՈՎՆԵՐ

Փետրվար 28,2004 00:00

«Զինապարտության
մասին» ՀՀ օրենքի նախագծի ետկանչը չի գոհացնում ուսանողներին
Ուսանողները կառավարությունից երաշխիքներ են պահանջում, որ մի քանի ամսից նույնը չի կրկնվի: Այս առիթով երեկ Մատենադարանին կից տարածքում, տարբեր գնահատականներով, 3-5 հազար ուսանող էր հավաքվել: Նրանց հետ էին ԵՊՀ դասախոսներ, ակադեմիկոսներ:

Ելույթներից առաջ հավաքվածներին զգուշացվեց, որ ուշադրություն չդարձնեն բաժանվող թռուցիկներին. ոմանք օգտվելով առիթից՝ թղթին հանձնած ինչ-որ մտքեր էին բաժանում՝ բուն պահանջին չառնչվող: Օրինակ, Ուսանողների պահպանողական միությունը առաջարկների մի փաթեթ էր տարածում, որն անծանոթ էր հանդիպման կազմակերպիչներին: Կոչ արվեց քաղաքական գործիչներին եւս՝ առիթը չօգտագործել «այլ նպատակների» համար:

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խումբը վստահ է, որ օրենքի նախագիծը ԱԺ օրակարգից հանվեց՝ իրենց կազմակերպած ակցիաների եւ ուսանողության համախմբվածության շնորհիվ: «Եվ թող որեւէ մեկն իր վրա չվերցնի մեր հաղթանակը»: Իսկ «որեւէ մեկ» ասելով՝ ակնարկում էին Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի անդամներին՝ «սրա-նրա գուսաններին», որոնք վերջին պահին, երբ արդեն նշմարվում էր հաղթանակը, խնդրանքով դիմեցին վարչապետին:

Ուսանողները հասկանում են, որ օրենքի նախագիծը ետ է կանչվել ժամանակավորապես եւ առաջիկայում հնարավոր է այլ փոփոխություն՝ 18 տարեկանից բոլոր զինապարտներին բանակ զորակոչելու մասին: Ինչին նրանք եւս դեմ են այնքան, որքան նախորդ փոփոխությանը, եւ ուզում են հասնել նրան, որ գործողության մեջ դրվի հին օրենքը: Նաեւ առաջարկում են բուհերում վերականգնել ռազմական ամբիոնները կամ, ասենք, տարին մեկ անգամ հավաք կազմակերպել՝ զինվորական պատրաստականության դասեր անցկացնելու նպատակով:

Ուսանողներից մեկը, անդրադառնալով ԿԳ նախարարի, իր խոսքերով, «հանցավոր լռությանը», ասաց. «Սերգո Երիցյանը երկար ժամանակ «Կարծիք» հաղորդաշար վարելով՝ հիմա իր կարծիքը չի հայտնում»: Ի դեպ, նախաձեռնող խմբից հետաքրքրվեցինք՝ արդյոք որեւէ հանդիպում եղե՞լ է ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանի հետ: Արարատ Միրզոյանը հայտնեց, որ նրան առաջարկել են կլոր սեղան հրավիրել՝ քննարկելու նախագիծը։ Ֆ. Սարգսյանը հրաժարվել է, նաեւ՝ դեմ է արտահայտվել որեւէ ակցիայի:

Ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանը կոչ արեց ուսանողներին՝ լինել նույնքան ակտիվ ոչ միայն այն դեպքերում, երբ խոսք է գնում իրենց շահերի մասին, այլ նաեւ ցանկացած իրավիճակներում, երբ պետք է արդարություն հաստատել: Նաեւ՝ ընտրություններում: ԵՊՀ դասախոս Վարդան Խաչատրյանը հիշեցրեց, թե ինչ անկում է ապրել խորհրդային գիտությունն այն տարիներին, երբ բանակ էին զորակոչում՝ ուսումն ընդհատելով: Եվ երբ այդ օրենքը դադարեց գործել, 1963-64 թթ. ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին խոստովանեց, որ իր երկիրը ետ է մնում Ռուսաստանից՝ իր գիտական մակարդակով: Այնուհետեւ ԽՍՀՄ-ը հետ ընկավ համաշխարհային գիտությունից, երբ 1983-85-ին դարձյալ նմանատիպ օրենք ընդունվեց: Վ. Խաչատրյանը հիշեցրեց նաեւ, որ ԱՄՆ-ի՝ Ադրբեջանին տրվող ռազմական օգնությունն այս տարի ավելին է, քան Հայաստանինը, եւ այն, որ 1985-ին Ադրբեջանում փակվել էր Ժողտնտեսության ինստիտուտը, որովհետեւ մոսկովյան հանձնաժողովը պարզել էր, որ այդ բուհի 6800 ուսանողներից միայն 2-ն են կարողացել 1/2-ին գումարել 1/3. «Կովին որքան էլ շոկոլադով կերակրես, կակաո չես կթի»,- եզրակացրեց հռետորը:

Վարդան Խաչատրյանի կարծիքով, գիտության հանդեպ նման վերաբերմունքը գալիս է այն օրերից, երբ մի չինովնիկ ասաց, թե Հայաստանին գիտություն պետք չէ: Այդ չինովնիկը վարչապետ Հրանտ Բագրատյանն էր, որը գիտությանը հատկացրեց բյուջեի 3 տոկոսը՝ ասելով, որ մեզ լոմոնոսովներ պետք չեն:

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ
Հ. Գ. Ուսանողները հանդիպման սկզբում դատապարտեցին նաեւ հայ
սպայի սպանության փաստը, իսկ այսօր ժամը 12-ին նրանք երթով կշարժվեն դեպի
Ծիծեռնակաբերդ՝ հարգելու Սումգայիթյան զոհերի հիշատակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել