Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Քոչարյանը հավակնում է Սադամի դափնիներին»

Փետրվար 28,2004 00:00

Այս կարծիքին է նաեւ ԱԺՄ նախագահը

«Ես հենց սկզբից էլ այդ պայմաններում իմ թեկնածությունը չէի դնի։ Կամ էլ ամեն ինչ կանեի, որ ընտրություններն արդար լինեին։ Կասկածների դեպքում վստահության հանրաքվե կանցկացնեի»,- այսպես պատասխանեց Վ. Մանուկյանն այն հարցին, թե ի՞նչ կաներ՝ ինչը չի արել Ռ. Քոչարյանն այս մեկ տարվա ընթացքում, եթե ինքը լիներ ՀՀ նախագահը։

Հիմա այն մասին, թե ինչ չէր անի։ Պրն Մանուկյանի դաշնակցական ընկերները ժամանակին կարծիք են հայտել, թե երկրորդ անգամ ընտրվելուց հետո Քոչարյանն ազատ կլինի, չի ունենա որոշակի պարտավորություններ եւ էական դրական փոփոխություններ կանի կադրային, տնտեսական, սոցիալական հարցերում։ Սակայն Քոչարյանի վերընտրվելուց մեկ տարի հետո ԱԺՄ նախագահը որեւէ փոփոխություն չի արձանագրում, ուստի նախագահի մեկ տարվա գործունեությունը գնահատում է նախորդ շրջանի շարունակությունը։ Վ. Մանուկյանը բացարձակ չի ընդունում կադրային քաղաքականությունը. «Խոսքը ոչ միայն նախարարների նշանակման մասին է, այլ նույնիսկ վարչության պետերի պաշտոնների համար կոալիցիոն գզվռտոցների։ Քաղծառայողների մասին ընդունված օրենքը ոչ թե նպաստում է, որ համակարգն ապաքաղաքականացվի եւ պրոֆեսիոնալ դառնա, այլ հակառակը, հիմա երեւի ավելի կուսակցականացված է, քան Հայաստանում երբեւէ եղել է»։

ԱԺՄ նախագահի համար ընդունելի չեն նաեւ «Գույք պարտքի դիմացը», «ԱրմենՏելի», կոնյակի գործարանի, օդանավակայանի գործարքները, կոռուպցիան, օլիգարխների վրա հենվելը, մենաշնորհները, խոսքի ազատության շրջանակների նեղացումը։ Արդյունքում՝ «Հայաստանի առջեւ ոչ մի գծագրված ապագա դրված չէ»,- եզրահանգում է նա։ Իսկ ԼՂՀ խնդիրը, ըստ Վ. Մանուկյանի, նորից հանգել է այն վիճակին, որ «հարցը լուծվելու է նրանով, թե ժամանակն ում օգտին է աշխատելու։ Բայց հիմա ժամանակը հօգուտ Հայաստանի չի աշխատում»։ Այս «անիշխանական» վիճակին զուգահեռ, Վ. Մանուկյանին վրդովեցնում է, որ «գնում է Քոչարյանի աստվածացումը, որպես պատերազմի հաղթող։ Մինչեւ հիմա դա Վ. Սարգսյանի վրա էր գնում»։ Ի պատասխան դրա, ԱԺՄ նախագահը հայտարարում է. «Իրականում հաղթանակը կոլեգիալ ղեկավարություն է ունեցել եւ յուրաքանչյուրն իր տեղն ու դերն է ունեցել։ Իսկ ընդհանուր առմամբ, հաղթանակը եղավ Ղարաբաղի եւ Հայաստանի ժողովուրդների զոհաբերությունների հաշվին։ Իրեն թվում է, թե Սադամի պես կարող է իրեն աստվածացնել, հրացանը ձեռքը կանգնի՝ թե ես տղամարդ տղա եմ…»։

Այն, որ այս ամենն ապագա չունի, հետեւաբար այդպիսի պետությունն էլ է դատապարտված՝ Վ. Մանուկյանը միանշանակ է համարում եւ «ցավն այն է, որ ժողովուրդն ապագա ունի»։ Ըստ այդմ, Քոչարյանից ազատվելը վիճարկման ենթակա չէ, մտավախությունը՝ «երրորդ անգամ այս վիճակի մեջ չընկնելն է։ Այս իշխանությունից ազատվելը ոչ թե վրեժի եւ ատելության ալիքի վրա պետք է լինի, այլ ապագայի տեսիլքի»։ Ուստի, ԱՄՆ-ն էլ է առաջարկում համակարգային փոփոխություններ, որոնք կհանգեցնեն պատասխանատու թիմի ձեւավորմանը։

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել