Ըստ Ե. Աբգարյանի՝ ՌԴ-ն էլ է ուզում ազատվել այս իշխանություններից
«Արդարություն» դաշինքի հերթական միտինգաշրջանի արդյունքում հանրապետությունում վերջերս սկսված ձերբակալությունների շղթան, քաղաքական ուժերը գնահատում են իբրեւ «հոգեվարքի մեջ ընկած գիշատիչի» քայլեր։ «Արմատ» կենտրոնի անդամ Երջանիկ Աբգարյանը դա բացատրում է նրանով, որ նախորդ տարիների ընթացքում առկա ֆինանսական ռեսուրսները, որոնք հնարավորություն էին տալիս երկրում զարգացման պատրանք ստեղծելու համար՝ այսօր այլեւս ցամաքել են։ Նա նկատի ունի, որ պակասել են ԱՄՆ-ի օգնությունը եւ «Լինսի» հիմնադրամի կողմից ֆինանսավորումը։ Այս իրավիճակում, ըստ Ե. Աբգարյանի, անկախ հնչող հայտարարություններից, բարդանում է բյուջեի հավաքագրումը. «Մանավանդ, որ խոշոր հարկատուներից համարյա ոչինչ չի գանձվում»,- ասում է Ե. Աբգարյանը։
Բացի դրանից՝ «քաղաքական որոշակի իրադարձություններ են տեղի ունենում», որոնց մասին մեր զրուցակիցն առայժմ բարձրաձայն չի խոսում, բայց տեղեկացնում է, որ դրանց արդյունքում՝ «ՌԴ-ն սկսում է ձեռնպահ մնալ՝ աջակցելու այս ռեժիմին»։
Ըստ պրն Աբգարյանի, ՌԴ-ն նաեւ իր նոր թեկնածուին է պատրաստում, որի անունը բարձրաձայնելուց մեր զրուցակիցը դարձյալ ձեռնպահ մնաց։
Այս ամենին ավելացնելով բոլոր (ԼՂՀ հարց, արտաքին քաղաքականություն եւ այլն) ասպարեզներում ձախողումները՝ «Քոչարյանին մնում է կա՛մ հրաժարական տալ, կա՛մ բացահայտ դիկտատուրայի անցնել։ Որովհետեւ այս իշխանության գոյության միակ ռեսուրսն այլեւս բռնությունն է»,- ասում է Ե. Աբգարյանը։ Իսկ թե ինչո՞ւ է ՌԴ-ն որոշել «ձեռք քաշել» իրեն լավագույնս ծառայած այս իշխանությունից՝ «Լավագույնս ծառայեցին, դրա համար էլ պետք չեն։ ՌԴ-ն այստեղ դեռ քայլեր ունի անելու, որպեսզի առաջացած որոշ հակառուսական տրամադրությունները զարգացումներ չունենան՝ նա պետք է փոխի այս իշխանությունը»։
Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին դեմք Ռուբեն Թովմասյանը խստորեն դատապարտում է ընդդիմության նկատմամբ տեղի ունեցող բռնությունները։ Ըստ նրա՝ «այս փտած հասարակարգի ղեկավարները մեկ անգամ եւս ապացուցում են, որ այս երկրում խոսել ժողովրդավարությունից, արդարությունից, կենսամակարդակի բարելավումից՝ «ձայն բարբառո անապատի» է։ Կապկային մեթոդներով փորձ է արվում ճնշել համաժողովրդական զայրույթը, որը լի է անկանխատեսելի զարգացումներով»։
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ