Երեկ
ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը եւս մեկ անգամ հրավիրեց ընդդիմությանը՝ մասնակցելու
խորհրդարանի նիստերին
Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը երեկ հայտարարեց, որ առաջիկա եռօրյայի ընթացքում խորհրդարանը պատրաստվում է քննարկել «Բնակչության խնայողական ավանդների վերադարձի մասին» օրինագիծը եւ հրավիրեց նաեւ ընդդիմությանը՝ մասնակից լինել ժողովրդի համար կարեւոր այդ օրինագծի քննարկմանը։ «Ես մեր ընդդիմադիր գործընկերներին հենց այսօր, ձեր միջոցով հրավիրում եմ՝ եկեք միասին լուծենք ավանդների խնդիրը»։ «Առավոտը» հիշեցրեց, որ միասին աշխատելու առաջին առաջարկն արվել է ընդդիմության կողմից՝ միասին լուծել վստահության հանրաքվեի հարցը։ ԱԺ նախագահն ասաց, թե դա իրենց իրավունքն է. «Ես կողմնակից եմ, որպեսզի մասնակցեն նիստերին, քննարկեն ժողովրդին հուզող խնդիրները։ Ժողովուրդը մեզ այստեղ է ուղարկել աշխատելու։ Հիմա, խնդրեմ, թող գան՝ միասին աշխատենք»։ «Առավոտի» հարցին՝ հնարավո՞ր է իրավիճակն այնքան թեժանա, որ ԱԺ նախագահը պարզապես ստիպված լինի ԱԺ-ում քննարկել «Հանրաքվեի մասին» օրինագիծը, ԱԺ նախագահը պատասխանեց. «Աշխատանքի նման ոճը ես ընդունելի չեմ համարում։ Ես մեր գործընկերներին առաջարկել եմ՝ եկեք քննարկենք։ Բայց նրանք չեն ասում՝ քննարկենք, ասում են՝ ընդունեք։ Ներողություն, այս մոտեցումը իրոք հասկանալի չէ։ Ո՞նց եք դուք ստիպում այսքան թվով պատգամավորների պարտադրել»։
Մամուլի ասուլիսի ժամանակ հնչած հարցերի հիմնական մասը վերաբերում էր «Զինապարտության մասին» օրինագծին եւ նրա շուրջն առաջացած աղմուկին։ Կառավարության վերջին նիստի ժամանակ ՕԵԿ-ի կոալիցիոն դաշնակից, ՀՀԿ խորհրդի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը բավականին կոպիտ դիտողություն էր արել ՕԵԿ-ը ներկայացնող կրթության եւ գիտության նախարարին՝ օրինագիծը հավուր պատշաճի չներկայացնելու եւ մի կողմ քաշվելու համար։ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը պատասխանելով «ՀԺ»-ի թղթակցի այս մասին հարցին, ասաց. «Զինապարտության մասին» օրինագծի նախագիծը ներկայացրել է ոչ թե կրթության եւ գիտության նախարարությունը, այլ կառավարությունը, ի դեմս պաշտպանության նախարարության։ Սերգո Երիցյանը մի կողմ չի քաշվել։ Եթե մենք նայում ենք օրենքների նախագծերի քննարկման հրապարակայնության աստիճանին, ապա վիճակը մինուս է, 0-ից էլ այն կողմ է, որովհետեւ ոչ մի օրենք, ցավոք, ո՛չ նախնական փուլում, ո՛չ էլ ընդունվելուց հետո պատշաճ ձեւով չի լուսաբանվում»։ Ըստ Արթուր Բաղդասարյանի՝ «Զինապարտության մասին» օրինագիծը եւս պետք է անցներ լուրջ քննարկման փուլ. «իսկ այդ քննարկման ընթացակարգը պարտավոր էր սահմանել այն մարմինը, որն այդ օրենքը ներկայացրել էր ԱԺ, այսինքն՝ ՀՀ կառավարությունը»։ «Ազատություն» ռ/կ-ի թղթակիցը, որը նոր էր վերադարձել ուսանողների երեկ հրավիրված հանրահավաքից, ասաց, թե ուսանողները պահանջում էին կրթության եւ գիտության նախարարի հրաժարականը, եւ ուզեց իմանալ ՕԵԿ նախագահի կարծիքը։ Իսկ այդ կարծիքը հետեւյալն էր. «Եթե մեկ-երկու մարդ կազմակերպված փորձում են հրահրել… իսկ ինչո՞ւ այլ մարդկանց հրաժարականներ չեն պահանջում։ Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ։ Դրա համար մենք պետք է սովորենք լինել ազնիվ, լինել շիտակ մեր դիրքորոշումների եւ պատասխանների մեջ»։
Ի դեպ, 18 տարեկանից բանակ տանելու՝ ՀՅԴ առաջարկի մասին ԱԺ նախագահն ասաց. «Կան կուսակցություններ, որոնք կողմնակից են, որ երեխաներին դպրոցից տանեն բանակ՝ 18 տարեկանից։ Դրան, այո, ՕԵԿ-ն կոալիցիոն քննարկումների ժամանակ կտրուկ դեմ է արտահայտվել եւ այսօր էլ իր դիրքորոշումը չի փոխել։ Մենք դեմ ենք, որ դպրոցից հետո երեխաներին տանեն բանակ»։
«Այբ-Ֆե»-ի թղթակիցն իր հերթին ասաց, որ հանրահավաքի մասնակից ուսանողները երաշխիքներ պահանջեցին ՀՀ եւ ԱԺ նախագահներից ու վարչապետից, որ ամառային հանգստի շրջանում ԱԺ-ն արտահերթ նիստով չի փորձի անցկացնել «Զինապարտության մասին» աղմկոտ օրինագիծը։ Արթուր Բաղդասարյանն ասաց, որ ինքը արհեստական լարումներ ստեղծելու կողմնակից չէ. «այդ օրինագիծը ո՛չ ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովն էր քննարկել, ո՛չ լիագումար նիստերի դահլիճում էր քննարկվել։ Այնպես չի, որ որոշ մարդիկ մտահոգված են այդ հարցով, մենք մտահոգված չենք։ Բոլորս էլ մտահոգված ենք։ Այսօր օրինագիծը կառավարության կողմից ետ է կանչվել եւ պետք չէ արհեստական լարումներ մտցնել այդ հարցի հետ կապված։ Որեւէ մեկը գաղտագողի բան անելու ցանկություն չունի»։ «Առավոտը» փաստեց, որ «Զինապարտության մասին» օրինագծի շուրջ առաջացած աղմուկը ավելորդ անգամ ապացուցեց, որ կոալիցիայի ներսում բավականին լուրջ տարաձայնություններ ու անհանդուրժողականություն կա։ Կոալիցիոն գործընկերները առիթը բաց չթողեցին իրար վատաբանելու։ Դաշնակցությունը հայտարարեց, որ խորհրդի նիստում քննարկված տարբերակն այն չէ, ինչ ներկայացվել է ավելի ուշ։ Հանրապետական վարչապետը նկատողություն արեց ՕԵԿ-ի կողմից նշանակված նախարարին եւ այսպես շարունակ։ Արդյո՞ք սա լուրջ հիմք չէ կոալիցիայի պառակտման։ Արթուր Բաղդասարյանը դրան պատասխանեց. «Երեք տարբեր կուսակցություններ են եւ երկրում կան տարբեր խնդիրներ, եւ այդ տարբեր խնդիրների մասին մենք շատ դեպքերում ունենք տարբեր կարծիքներ։ Տեղի է ունենում կարծիքների բախում, տեսակետների մերձեցում եւ դա բնական գործընթաց է»։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ