«Որ հողը վառվի» Կոռուպցիան հաղթահարում են ՀԿ-ները Երեկ նախագահական պալատ հրավիրված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները իրենց առաջարկությունները ներկայացրեցին հակակոռուպցիոն ծրագրի վերաբերյալ: Նախագահի խորհրդական Բագրատ Եսայանի խոսքերով, հակակոռուպցիոն փաստաթղթի ընդունումը տարաբնույթ դժգոհությունների տեղիք է տվել, ինչի առիթով էլ ՀԿ-ների «հակակոռուպցիոն կոալիցիան» հրավիրվել է հասարակական քննարկման: Սպառողների շահերի պաշտպանության միության ղեկավար Աբգար Եղոյանի կարծիքով, ծրագրում անհրաժեշտ է ընդգրկել հանրությանը մատուցվող ծառայությունների ոլորտում կնքվող պայմանագրերի կանոնակարգման հարցը: Ա. Եղոյանը հիշեց վերջերս տեղի ունեցած թունավորված ջրի եւ հեռահաղորդակցության հետ կապված խնդիրները, երբ սպառողը տուժել է, սակայն թերի պայմանագրերի պատճառով դատարանում ի վիճակի չէ պաշտպանել իր իրավունքները եւ վերականգնել կրած վնասը: Նրա մեկնաբանությամբ, հակակոռուպցիոն ծրագրում առեւտրի ոլորտում ստվերայնության դեմ պայքարի ոչ մի կետ չունենք: Եթե տեսչությունն անգամ հայտնաբերում է վտանգավոր սննդամթերքը, լավագույն դեպքում կարող է տուգանել տվյալ կազմակերպությանը՝ վտանգավոր ապրանքը թողնելով վաճառողին, որովհետեւ չկա համապատասխան կարգ՝ տվյալ ապրանքի օգտահանման եւ ոչնչացման համար: Վարորդների պաշտպանության «Աքիլլես» ՀԿ-ն հանդես եկավ կոռուպցիայի դեմ իսկական պատերազմ հայտարարելու առաջարկությամբ, «որ հողը վառվի կոռուպցիոներների ոտքերի տակ»: Ու քանի որ պատերազմ է, «Աքիլլեսն» առաջարկեց «նախագահին կից հակակոռուպցիոն շտաբ ստեղծել, որի հիմնական նպատակը պետք է լինի արտասահմանյան երկրների եւ միջազգային կազմակերպությունների՝ կոռուպցիայի դեմ պայքարի փորձը»: «Աքիլլեսի» կարծիքով, պետք է կատարել ՀՀ օրենքների «հակակոռուպցիոն փորձագիտություն», օրենքների մշակման ընթացքում ընդգրկելով անկախ փորձագետների: «Զինվորի մայր» ՀԿ ղեկավար Գրետա Միրզոյանը առաջարկեց «Զինապարտության մասին» օրենքում նախատեսել բժշկական անկախ հանձնաժողով, որի որոշումը վճռորոշ կլինի անառողջ երիտասարդների՝ զորակոչման հարցը որոշելիս: Նրա տրամադրած տվյալների համաձայն, այսօր բանակում ծառայողների 30 տոկոսը տարբեր հիվանդություններով տառապող երիտասարդներ են: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ