Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պետդեպը «մորթեց»

Փետրվար 27,2004 00:00

Պետդեպը «մորթեց» Հրապարակվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Մարդու իրավունքների վերաբերյալ տարեկան զեկույցը, որում ծավալուն՝ շուրջ 13 էջ կազմող անդրադարձ կա Հայաստանի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն, այս փաստաթուղթը, որն, ըստ էության, խտացնում է ԱՄՆ կառավարության վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, ընդգծված բացասական գնահատականներ է պարունակում ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա վիճակի մասին: Այսպես. «Ազատություն»-ը մասնավորապես տեղեկացնում է, որ ըստ Պետդեպի զեկույցի, իրեն ժողովրդավարական-սահմանադրական հռչակած Հայաստանի ժողովրդական քվեարկությամբ ընտրված նախագահն այնպիսի ընդարձակ լիազորություններ ունի, որոնք չեն հավասարակշռվում օրենսդիր եւ անկախ դատական իշխանության ճյուղերով: Ասենք, զեկույցը մեծ վերապահումով է մոտենում «անկախ» հասկացությանը, նշելով, որ Հայաստանի դատարանները գործադիր իշխանության կողմից ենթարկվում են քաղաքական ճնշումների: 2003թ. ՀՀ-ում անցկացված նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին Պետդեպը խիստ բացասական գնահատականներ է տալիս: Վկայակոչելով միջազգային դիտորդների եզրակացությունները (առավելապես՝ ԵԱՀԿ-ի), Պետդեպն ընդգծում է, որ ընտրություններն անցել են «շոշափելի խախտումներով» եւ միջազգային չափանիշներից «շատ հեռու»: Հիշատակում կա տարածքային եւ տեղական ԸՀ-ների անդամների նկատմամբ կատարված «ահաբեկումներին», ամեն տեսակ ընտրակեղծիքներին եւ թերացումներին: Հատուկ շեշտվում է, որ նախագահական ընտրությունների առաջին եւ երկրորդ փուլերի միջեւ ընկած ժամանակահատվածում ՀՀ իշխանությունները շուրջ 200 մարդ են ձերբակալել, որոնք հիմնականում հանդիսացել են ընդդիմադիր ցուցարարներ: Զեկույցում չի շրջանցվել նաեւ «Ա1+»-ի թեման: Հատուկ արձանագրված է այս հեռուստաընկերության՝ ՀՌԱՀ-ի կողմից յոթ անգամ մերժված լինելու հանգամանքը: Պետդեպը չի անտեսել նաեւ այն, որ Հանրային ՀԸ-ն եւ մասնավոր մնացյալ ՀԸ-ները «խիստ կողմնակալ» հաղորդումներ են հեռարձակել գործող նախագահ Ռ. Քոչարյանի օգտին: «Հանրային հեռուստատեսությունը քաղաքական ցուցումներ է ստացել կառավարությունից»,- նշված է զեկույցում: Փաստաթուղթն անդրադառնում է նաեւ «նախադատավարական շրջանում» մարդկանց իրավունքների ոտնահարման իրողությանը: Ըստ այդմ, իրավապահ մարմինների աշխատակիցները ծեծի են ենթարկում նախնական կալանքի տակ գտնվող անձանց: «Անպատժելիությունը լուրջ խնդիր է Հայաստանում»,- եզրակացվում է զեկույցում: Ի հիմնավորումն՝ նշվում է, որ շարունակում են ստացվել կամայական ձերբակալությունների մասին վկայություններ: Իսկ կա՞ արդյոք որեւէ լավ բան այդ զեկույցում, հարց է տալիս «Ազատություն» ռ/կ-ի մեկնաբանն ու ինքն էլ պատասխանում. այո, կա՝ զեկույցում նշվում է, որ 2003թ. ընթացքում Հայաստանում կատարված քաղաքական սպանությունների մասին տեղեկություններ չեն ստացվել, ՀՀ Կառավարությունն «ընդհանուր առմամբ» հարգել է խոսքի ազատությունը, սահմանափակված չէ ինտերնետ կապից օգտվելու հնարավորությունը (ինչպիսի~ շռայլություն.- խմբ.), միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները գործել են առանց նկատելի սահմանափակումների: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, պատրաստեց ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել