Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՍՕՐ ՀՍՏԱԿ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ԵՆ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ

Փետրվար 27,2004 00:00

ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՍՕՐ ՀՍՏԱԿ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ԵՆ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ Չնայած «Զինապարտության մասին» օրինագիծը հանվեց շրջանառությունից, այսօր 13:30-ին «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խումբը հանդիպում է հրավիրել Մատենադարանի մոտ: Երեկ «Առավոտը» զրուցեց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբի անդամ Արարատ Միրզոյանի հետ: – Ձեր կարծիքով ինչո՞վ պետք է բացատրել օրինագիծը շրջանառությունից հանելու իշխանությունների որոշումը: – Կարծում եմ, դա պայմանավորված է նրանով, որ այդ օրինագծի վերաբերյալ, բնականաբար, լուրջ դժգոհություններ եւ մտահոգություններ հայտնեցին ե՛ւ ուսանողությունը, ե՛ւ մեր ողջ հասարակությունը: Այդ որոշումը նաեւ մեր ծավալած գործողությունների արդյունք է. նկատի ունեմ եւ դասադուլները, եւ առանձին, ասենք՝ նույն իշխանության գործիչների հետ բանակցությունները: Այդ օրինագիծը շրջանառությունից հանելու պատճառներից մեկն էլ այն է, որ օրենքի հետ կապված լուրջ դժգոհություններ կային նաեւ իշխանության ներսում: – Կարծում եք օրինագիծը հանվեց, որովհետեւ իշխանությունները ձեր գործողությունների՞ց վախեցան, թե՞ քաղաքական ավելի լուրջ պատճառներ կային դրա համար: – Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել: Երեւի իշխանություններն այդ հարցին ավելի հստակ պատասխան տան: Բայց բոլոր դեպքերում կարող եմ հստակ ընդգծել, որ որեւէ բան իզուր չի եղել: – Բայց, այդուամենայնիվ, որոշել եք չհրաժարվել այսօր նշանակված հանրահավաքն անցկացնելու մտքից, թեեւ, որքան հայտնի է, Երեւանի քաղաքապետարանը մերժել է ձեր՝ հանրահավաք անցկացնելու դիմումը: – Մենք դիմում ենք ներկայացրել Երեւանի քաղաքապետարանին, որտեղից մեզ գրավոր մերժում չի տրվել: Մեր ներկայացուցչի հետ բանավոր զրույցի ժամանակ պարզապես ասվել է, որ քաղաքապետարանը չի ողջունում, չի խրախուսում պայքարի այդ տարբերակը: Սա մերժո՞ւմ է: Մենք դա չենք կարող ընկալել որպես մերժում: Բացի այդ, մենք սահմանադրական իրավունք ունենք հավաքվելու: Մենք դրա մասին իշխանություններին պարզապես տեղյակ ենք պահել: – Բայց փաստորեն օրինագիծը ետ է կանչվել: Այդ դեպքում ձեր այսօրվա հանրահավաքն արդյո՞ք այլեւս անիմաստ չէ: – Ասեմ, թե ինչու անիմաստ չէ: Նախ բոլորին պետք է շնորհավորել մեր հաղթանակի կապակցությամբ, երկրորդ՝ պետք է ամփոփել արվածն ու անպայման երաշխիքներ պահանջել իշխանությունից, ինչը մենք այսօր կանենք: – Խոսքն ի՞նչ երաշխիքների մասին է: – Շատ ավելի մանրամասն հայտարարություն պետք է լինի. ի՞նչ պայմանով է օրինագիծը շրջանառությունից հանվել, լրամշակում ասելով ի՞նչ նկատի ունեն, եւ կոնկրետ ե՞րբ են պատրաստվում օրինագիծը կրկին շրջանառության մեջ դնել: – Տեղեկություններ կային, թե առաջիկա եռօրյայում էր պատրաստվում այդ օրինագիծը քննարկման ներկայացնել: Դուք կբավարարվեք նրանով, որ այդ օրինագիծը շրջանառությունից հանվե՞լ է, թե՞ այնուամենայնիվ, առաջիկա երկուշաբթի օրվա համար միջոցառումներ եք նախաձեռնելու: – Կարծում ենք, որ եթե հայտարարվի, որ այդ օրինագիծը շրջանառությունից հանված է եւ երկուշաբթի չի քննարկվելու, մենք կոնկրետ դեպքում կհավատանք իշխանություններին8221: – Հասարակության ներսում մեծ հիացմունք կա ձեր կազմակերպված գործողությունների հետ կապված: Ինչպե՞ս է դա ձեզ հաջողվել անել: – Մեր կազմակերպվածության գրավականն այն է, որ եղել է ընդհանուր նպատակ, վճռականություն: – Ինչպե՞ս եք այսուհետ կառուցելու ձեր հարաբերությունները ուսանողական, երիտասարդական այն կազմակերպությունների հետ, որոնք այս օրերին հանդես էին գալիս ձեր ընդդիմախոսի դերում, առավել եւս, որ օրերս ԱԼՄ հեռուստաընկերությունում կազմակերպված բանավեճի ժամանակ մի քաղաքացի անհանգստացած էր, թե հիմա էլ հայ երիտասարդներին են միմյանց դեմ հանել: – Ինչպես սրանից առաջ էր: Մենք՝ իբրեւ կազմակերպված մարմին, կամ՝ շարժում, մտադիր չենք որեւէ մեկի՝ «Բազեների», կամ՝ Ուսխորհուրդների հետ (իրենց էլ նկատի ունեմ որպես առանձին կազմակերպված միավորներ), հակամարտության կամ բախման մեջ մտնել: – ՀՀ ԱԺ՝ մասնավորապես ՀՅԴ խմբակցության տարբեր գործիչներ նպատակահարմար են համարում նոր օրինագծում ամրագրել, որ բոլոր հայ երիտասարդները պարտադիր զինծառայության զորակոչվեն 18 տարին լրանալու պահին: Ինչպիսի՞ն է ձեր խմբի վերաբերմունքն այս առաջարկության վերաբերյալ: – Երբ օրինագիծն այդպիսի ձեւակերպմամբ մտնի շրջանառության մեջ, հավատացած եղեք, որ մեր դիրքորոշումն այդ առնչությամբ անպայման կհայտնենք: Զրուցեց ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել