Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

88-ԻՑ ՀԵՏԱՁԳՎԱԾ ՀԱՄԵՐԳ

Փետրվար 27,2004 00:00

88-ԻՑ ՀԵՏԱՁԳՎԱԾ ՀԱՄԵՐԳ

Այսօր, առաջին անգամ Հայաստանում ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ
հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար Բերնարդ Ռինգեսենը։
Դաշնակահարի հետ հանդիպումից պարզեցինք, որ 1950թ.-ից աշխարհի տարբեր հեղինակավոր դահլիճներ գրաված երաժշտի այցը Հայաստանում պիտի կայանար դեռ 1988-ին։ «Այն, որ Հայաստանում սկսվել էր ղարաբաղյան շարժումը, գիտեի ե՛ւ իմ ֆրանսաբնակ հայ բարեկամներից, ե՛ւ տեղեկատվական միջոցներից։ Ես պատրաստ էի գալ։ Վերջին պահին «Գոսկոնցերտը» զգուշացրեց, որ այդ օրերին վտանգավոր է Հայաստան այցելելը։ Նստեցի ու մտածեցի, որ ավելի մեծ բան, քան անկախությունն է՝ չկա։ Ուրեմն լավ է չխանգարել սկսված հայ ազատագրական շարժմանը»,- հիշեց Բ. Ռինգեսենը։ Հայոց պատմությանը ծանոթ, հայ մշակույթին քաջատեղյակ երաժիշտը վաղը Երեւանի պետական կոնսերվատորիայում կանցկացնի ուսանող-դաշնակահարների լսումներ, որի արդյունքում ընտրված երաժիշտները այս տարի Վայմարում կմասնակցեն իր ղեկավարությամբ ամառային երաժշտական միջազգային ակադեմիայում անցկացվող ամենամյա վարպետության դասընթացներին։ «Առավոտի» հարցին՝ ի՞նչ ասել է «ամառային երաժշտական միջազգային ակադեմիա», դաշնակահարը պատասխանեց. «Երաժիշտը մեկ օր անգամ չպետք է հեռանա իր գործիքից։ Իսկ հուլիս-օգոստոսին աշխարհի երաժշտական կենտրոնները հանգստանում են։ Միայն Զալցբուրգի ու Վայմարի ակադեմիաներում է, որ այդ ամիսներին տարբեր երկրներից հավաքվում են ուսանող երաժիշտներ։ Կուզեմ օգնել հայ երիտասարդ դաշնակահարներին՝ այս ամառվանից սկսած վարպետության դասընթացներ անցնելու այդ հեղինակավոր կենտրոններում»։ Երաժիշտը հուսով է տեսնել հայկական եկեղեցիները, խաչքարերը ու լսել հոգեւոր երաժշտություն։

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել