Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նվիրեք ձեր սիրելիներին աստղ

Փետրվար 27,2004 00:00

Որը գուցե մեկ ուրիշն արդեն նվիրել է իր սիրելիին

Շվեյցարիայում կենտրոնակայան ունեցող եւ վերջերս Հայաստանում ներկայացուցչություն բացած International Register StarCo ընկերության կարգախոսն է՝ «Նվիրեք ձեր սիրելիներին աստղեր, իսկ աստղերը կոչեք նրանց անուններով»։

Ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Գագիկ Ղազարյանից տեղեկացանք, որ միլիարդավոր աստղերից Հայաստանում առայժմ նվիրված է մոտ 20-ը։ Այս ընկերությունը հաճախորդին առաջարկում է երկնային աստղեր՝ գիտական մի կատալոգից, ուր ներկայացված են «բոլոր այն աստղերը, որ կարելի է տեսնել տելեսկոպով»։ Այսինքն, նաեւ այն հեռավոր աստղերը, որ արդեն չկան, բայց որոնց լույսը դեռ նոր է հասնում մեզ։ Երաշխիքների հարցում ընկերությունն առանձնապես շռայլ չէ։ Միակ երաշխիքը, որ «մեր «Your Point in The Universe» (ձեր կետը տիեզերքում- Ա. Զ.) կատալոգում կրկնություն չի լինի։ Նույն աստղը երկու անգամ չի նվիրվի»։ Սակայն այս կատալոգը գրանցված է միայն Շվեյցարիայում եւ ԱՄՆ-ում եւ, ասենք, Իսպանիայում, Ֆրանսիայում կամ Ավստրալիայում նույն բիզնեսը անողի հետ կապ չկա. «Մենք ուրիշ կատալոգի հետ չենք համեմատում»,- տեղեկացրեց պարոն Ղազարյանը։ Այսինքն, շատ հավանական է, որ իմ սիրելիի անունով աստղը որեւէ Ալենի, Ջոնի կամ Մախմուդի «թեթեւ ձեռամբ» այլ անուն ունի։ Աստղ անվանակոչած եւ աստղին իր անունը տված անձինք սեփականության որեւէ իրավունք ձեռք չեն բերում։ «Մենք աստղ չենք վաճառում, մենք աստղերն անվանակոչում ենք ձեր ընտրած մարդու անունով»,- ասաց ընկերության ներկայացուցիչը։ Այլ խոսքով, եթե գիտական արշավախումբ ուղեւորվի դեպի ձեր աստղը, դուք անզոր եք, չեք կարող արգելել, մասնակցել, օգտվել արդյունքներից եւ այլն։ Ի դեպ, հաճախորդն ընտրում է ոչ թե աստղը, այլ համաստեղությունը։ Աստղն ընտրվում է Շվեյցարիայի կենտրոնակայանում եւ կոորդինատները հաղորդվում են գնորդին։ Գներն էլ սկսվում են ԱՄՆ 25 դոլարից եւ անցնում 100-ից։ Ամենաէժանը Premium կարգն է. սրանք պարզապես համաստեղություններ են (Մեծ արջ, Անդրոմեդա եւ այլն)։ Elite կարգը կենդանակերպի նշանների համաստեղություններն են։ Առավել թանկ է Vip կարգը. ձեր աստղը գտնվում է հայտնի մարդու անունը կրող աստղի մատույցներում՝ ինչքան մոտ՝ այնքան թանկ։ Ըստ Ղազարյանի, իրենց կատալոգի հայտնի մարդիկ հիմնականում ամերիկյան դերասաններ են։

«Աստղային» բիզնեսի առարկան գիտական հայտնագործություններն են, իսկ գիտնականները հաճախ խանդոտ են։ Ըստ Ղազարյանի, Հայաստանում գիտնականների բողոքի, զայրույթի դեպքեր ու դրսեւորումներ առայժմ չեն գրանցվել. «Մենք ոչ առնչվում ենք գիտական աշխատանքներին, ոչ էլ ձգտում ենք դրան։ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում նման բողոքի հիման վրա դատավարություններ եղել են։ Բոլորն էլ ավարտվել են ի վնաս գիտնականների»։

Ապահովագրություն՝ երաշխիքներ չկան նաեւ աստղի անհետացման դեպքում։ Եթե ձեր աստղը ընկնի երկնքից կամ որեւէ սեւ անցք, բնության այլ ուժ կլանի այն՝ ձեր գումարը չեն վերադարձնի։

ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել