Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԻՆՈՒԺՆ ԸՆԴԴԵՄ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱ՞Ն

Փետրվար 27,2004 00:00

Հայաստանի
ազգագրության թանգարանի կոլեկտիվը չի ուզում «ռազմականանալ»
«Առավոտը» բազմիցս անդրադարձել է Հայաստանի ազգագրության թանգարանի խնդիրներին: Դրանք հիմնականում վերաբերում էին նախկին տնօրեն Վլադիմիր Դարբինյանի ոչ կոմպետենտությանը, թանգարանում վերականգնողի հաստիքներ չլինելուն, բացառիկ նմուշների պահպանության պայմանների բացակայությանը, հինավուրց գորգերի գողությանը եւ այլն:

Թանգարանի գեղարվեստական գործվածքի բաժնի վարիչ Աշխունջ Պողոսյանի հավաստմամբ, այսօր բազմաթիվ պրոբլեմներին գումարվել է եւս մեկը: Այն է՝ առանց գիտխորհրդի ու գիտամեթոդական խորհրդի կարծիքի հետ հաշվի նստելու, նոր ղեկավարությունը մտադիր է փոխել Ազգագրության թանգարանի «պրոֆիլը», ավելի շուտ՝ նույն թանգարանի տեղում հիմնել Զինուժի թանգարան: Այդ մասին ընդամենը թեթեւ ակնարկվել է թանգարանի գիտական կազմի ներկայությամբ, որը բուռն դժգոհությամբ է արձագանքել հնարավոր փոփոխությանը:

Հիշեցնենք, որ 1998 թվականից Ազգագրության թանգարանը պարտադրված Մշակույթի նախարարության համակարգից անցել էր ՊՆ-ին, գտնելով, որ այս գերատեսչությունն ավելի շատ հոգ կտանի իրենց մասին: Սակայն ոչ բոլոր ակնկալիքներն են իրականացել, մասնավորապես՝ վերադասների փոփոխությունից աշխատավարձերը չէին փոխվել: Բայց կարգի էր բերվել շենքը, բարեկարգվել հարակից տարածքը: Կոլեկտիվի կարծիքով, դա դեռ չի նշանակում, թե կարելի է մի թանգարանի ոչնչացման հաշվին մեկ ուրիշը հիմնել: «Մանավանդ Ազգագրության թանգարանը վերացական հասկացություն չէ, ավելի քան 70 հազար մշակութային արժեք ունենք եւ անձնակազմ, որը մասնագիտացած է հենց այդ հավաքածուներն ուսումնասիրելու ու պահելու ուղղությամբ: Ի դեպ, ազգային-ազատագրական շարժումների բաժին եւս ունենք»,- ասաց պրն Պողոսյանը:

«Չենք ուրանում՝ ՊՆ-ի ջանքերով տարածքը բարեկարգվել է: Հիմա էլ շենքը վերանորոգել է «Լինսի» հիմնադրամը, ուրեմն ինչ՝ թանգարանը տանք հիմնադրամի՞ն»,- կոլեկտիվի դժգոհությունը «Առավոտին» փոխանցեց բաժնի վարիչը: Նա տեղեկացրեց, որ Զինուժի թանգարան հիմնելու գաղափարով հիմնականում ոգեւորված է ՊՆ նախկին աշխատակից, թանգարանի նորանշանակ փոխտնօրեն Մուրադ Կարապետյանը, որի հետ ոչ մի կերպ չկարողացանք կապվել: Իսկ տնօրեն Հրաչ Մարտիրոսյանը թանգարանի «վերապրոֆիլավորվելու» առնչությամբ ընդամենն ասաց. «Դեռ ոչինչ հստակ չէ: Ինչ նախարարությունը որոշի, այն էլ կանենք: Մեկ շաբաթվա ընթացքում կճշտվի ամեն ինչ, այդ թվում նաեւ՝ նոր հաստիքացուցակը»:

Նկատենք, որ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն էլ օրերս կայացած մամլո ասուլիսում որպես երիտասարդ գիտնականի զինծառայության վայր նշել էր Ազգագրության թանգարանը: Հ. Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք՝ «Եթե համապատասխան որոշման դեպքում Ազգագրության թանգարանն, այնուամենայնիվ, «վերաձեւավորվի» Զինուժի թանգարանի, ցուցադրվելիք զինանմուշները կլինե՞ն»: Տնօրենն այս հարցի պատասխանը չուներ:

«Եթե հանկարծ որոշվի մեր թանգարանի հավաքածուները բաժանել մյուս թանգարանների միջեւ, որեւէ թանգարան չի կամենա դրանք վերցնել, որովհետեւ բոլորն իրենց ունեցածը տեղավորելու խնդիր ունեն: ՊՆ-ի համակարգում լինելով՝ մեր թանգարանը դուրս է մնում մշակութային շրջանառությունից: Եվ սա այն դեպքում, երբ հսկայական ներուժ ունենք, որը երբեւէ հավուր պատշաճի չի ներկայացվում ո՛չ դրսի, ո՛չ էլ Հայաստանի հանրույթին»,- մտահոգված է Աշխունջ Պողոսյանը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել