Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՒՄԵՐԱՆԳ

Փետրվար 27,2004 00:00

ԲՈՒՄԵՐԱՆԳ

Իր վերջին ասուլիսում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի
պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նշել էր, թե պատվիրակության
անդամ Արտաշես Գեղամյանը չի մասնակցել ԵԱՀԿ տնտեսական հանձնաժողովի աշխատանքներին։

Այս առնչությամբ պրն Գեղամյանն ասաց «Առավոտին». «Բնականաբար, եթե այդ ժամանակ մասնակցեի ոչ թե ԵԱՀԿ ԽՎ քաղաքական եւ անվտանգության հարցերի կոմիտեի ընդլայնված նիստին, այլ տնտեսական հանձնաժողովի աշխատանքներին՝ չէի կարողանա իմ ելույթում անդրադառնալ Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի սահմռկեցուցիչ սպանությանը: Իսկ հանձնաժողովի եւ կոմիտեի նիստերը ճիշտ նույն ժամին էին ընթանում՝ զուգահեռաբար: Ինձ զարմացնում է մեկ այլ հանգամանք: Չէ՞ որ նիստից ընդամենը 1 ժամ առաջ նույն Վահան Հովհաննիսյանը հեռաձայնեց ինձ այդ գույժը հաղորդելու համար: Ավելին՝ խնդրեց, որ եթե ադրբեջանական պատվիրակները հերթական անգամ փորձեն ցեխ շպրտել Հայաստանի վրա, հնարավորություն գտնեմ խոսելու այդ զարհուրելի դեպքի մասին: Ինչին պատասխանս էր, թե անպայմա՛ն պետք է հնչեցվի այդ փաստը: Եվ հիմա ցինիկորեն մամուլի ասուլիս է հրավիրում մարդ, որն այդ ժամանակ իսկի այնտեղ էլ չի գտնվել եւ նման հանդիմանա՞նք անում իմ հասցեին: Վահան Հովհաննիսյանը նախընտրեց այստեղ մնալ, որ, ցավոք, հերթական խնդիրը ստեղծեն Հայաստանի համար՝ Ջավախքի հարց մեջտեղ բերելով, կարծես հրահրելով Վրաստանի ներկայիս իշխանություններին, որ է՛լ ավելի սերտորեն համագործակցեն Ադրբեջանի հետ, ասելով, թե հայերը մի կողմից Ղարաբաղի հարցն են բարձրացնում, հիմա էլ անցել են Ջավախքին»:

Արտաշես Գեղամյանն անդրադարձավ նաեւ իր ելույթի արձագանքների վերաբերյալ շահարկումներին: Նախ նշեց, թե ինքը չի ասել, որ իր խոսքն ընդունվել է օվացիաներով. «Ելույթը շատ լուրջ հարցադրումներ առաջացրեց ԵԱՀԿ ԽՎ-ի մասնակիցների մոտ: Միանգամայն ճիշտ է նկատել Արարատ Մկրտչյանը, որ Ռուսաստանի ներկայացուցիչը մոտեցավ ինձ: Բայց չգիտես ինչու մոռացել է, որ կողք-կողքի էինք նստած ամերիկյան պատվիրակության հետ, որի անդամները նույնպես ցուցաբերեցին մեծագույն հետաքրքրություն: Ճիշտ նույն օրը Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահի հրավերով տեղի ունեցավ ընդունելություն, որի ժամանակ, առանց չափազանցության, շուրջ 20 պատվիրակությունների ներկայացուցիչներ իրենց հավանությունը հայտնեցին ելույթիս առնչությամբ թե՛ ինձ, թե՛ այլոց: Եվ ոմանք սրտի տագնապ ունենալով՝ հարկադրված էին բժշկի հսկողությամբ գնալ տուն»:

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել