Փետրվարի 19-ից 23-ը Մոսկվա էր մեկնել ՀՌԱԿ պատվիրակությունը՝ Հայրենասեր կուսակցությունների համաշխարհային II կոնգրեսին մասնակցելու համար։
Հրավերը ստացվել էր կոնգրեսի կազմակերպիչ, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության լիդեր, Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի (պառլամենտի) փոխխոսնակ Վլադիմիր ժիրինովսկուց։
Միջոցառմանը մասնակցում էին 31 կուսակցությունների ներկայացուցիչներ՝ աշխարհի տարբեր երկրներից (Գերմանիա, ճապոնիա, Իսպանիա, Բելգիա, Իտալիա, Բանգլադեշ, Արգենտինա, Ուկրաինա, Բելառուս, Ադրբեջան, Վրաստան, միջինասիական հանրապետություններ եւ այլն)։
Փետրվարի 20-ին ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը եւ ՀՌԱԿ ՀՎ փոխատենապետ Արմեն Ստեփանյանը արժանացան պաշտոնական ընդունելության՝ ՌԴ Պետական դումայի փոխխոսնակ, ՌԼԴԿ լիդեր պարոն ժիրինովսկու կողմից, որին մասնակցում էր նաեւ ՌԴ նախագահի թեկնածու պարոն Մալիշեւը։
ՀՌԱԿ ատենապետը ՌԼԴԿ նախագահին հանձնեց ՀՌԱԿ Հանրապետական վարչության պաշտոնական հրավերը եւ որոշվեց այս տարվա ընթացքում կազմակերպել պարոն ժիրինովսկու այցը Հայաստան։
Նույն օրը ՀՌԱԿ պատվիրակությունը հանդիպեց ՌԼԴԿ պատգամավորական խմբակցության 10 պատգամավորների հետ, որը ղեկավարում էր պարոն Միտրոֆանովը։
Կոնգրեսի բացմանը, պարոն ժիրինովսկու ողջույնի խոսքից հետո, ելույթ ունեցավ ընկեր Առաքելյանը։ Ողջունելով կոնգրեսի մասնակիցներին եւ կուսակցության առօրյա կյանքը կարճ ներկայացնելուց հետո, ընկեր Առաքելյանը անդրադարձավ քննարկվելիք բուն թեմային՝ հայրենասիրությունը որպես գաղափարախոսություն ձեւավորելու գործընթացին։ Ներկայացվեց հայ ժողովրդի համառոտ պատմությունը՝ քաղաքակրթությունների խաչմերուկում գտնվելը եւ մշակույթների բախումները հարյուրավոր տարիներ շարունակ եւ, չնայած դրան, XXI դարում հայ ժողովրդին հնարավոր եղավ ոչ միայն պաշտպանել էթնիկ ժառանգությունը, այլեւ ստեղծել պետականություն, հաղթել չհայտարարված պատերազմում, զարգացնել տնտեսությունը։ Ինչ վերաբերում է հայրենասիրությանը, որպես գաղափարախոսություն վերածելուն, ընկեր Առաքելյանը տեսնում է հետեւյալ նախապայմանում, աշխարհի բոլոր ազգերը, գոնե դեկլարատիվ, պետք է ունենան իրենց ազգային գաղափարախոսությունը՝ հիմնված ազատության, «հարեւանների» հետ փոխադարձ հարգանքի, տարածաշրջանային համընդհանուր շահերի վրա, ինչպես նաեւ սեփական գենի զարգացման շարունակականության ապահովումով։ Ելույթի վերջում ընկեր Առաքելյանը ՀՌԱԿ-ի անունից առաջարկեց Հայրենասեր կուսակցությունների III Համաշխարհային կոնգրեսը անցկացնել Հայաստանում՝ 2005թ. մայիսին, որը շնորհակալությամբ ընդունվեց կոնգրեսի մասնակիցների կողմից։
Կոնգրեսի մասնակից կուսակցությունները ընդունեցին հայտարարություն, որի հիմնական միտքն էր՝ կոչով դիմել աշխարհի տարբեր երկրների կառավարություններին՝ զերծ մնալ միջազգային տեռորիզմը ֆինանսավորելուց, որը կրում է կեղծ հայրենասիրական բնույթ եւ տուժում են հիմնականում անմեղ քաղաքացիներ։ Որոշվեց քաղաքական ազատության եւ քաղաքացիական իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերը միավորել ու նպաստել ողջ աշխարհում Հայրենասիրական շարժմանը ազատական բնույթ տալուն։
Մոսկվայում եղած օրերին ՀՌԱԿ պատվիրակությունը հանդիպում ունեցավ նաեւ հայաստանյան «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավարության հետ, որն ընթացավ ընկերական մթնոլորտում եւ տեղեկատվության փոխանակման շրջանակներում։
Փետրվարի 23-ի երեկոյան ՀՌԱԿ պատվիրակությունը վերադարձավ Երեւան։
R