ՔՈՉԱՐՅԱՆԸ ՇԵՎԱՐԴՆԱՁԵ ՉԷ «Մելսն ինքն էր մեղավոր, նա սխալ թույլ տվեց»,- պատասխանելով «Ա1+»-ին կապուղուց զրկելու մասին մեր հարցին՝ ասաց Վրաստանի «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Էրոսի Կիցմարիշվիլին: Նա գտնում է, որ օրենսդրության մեջ փոփոխություններ մտցնելու հարցում «Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ (Մելս) Մովսեսյանը շատ վստահեց իշխանություններին: Մյուս բացթողումը պրն Կիցմարիշվիլին համարում է այն, որ «Ա1+»-ը այդպես էլ «չծածկեց» հանրապետության ողջ տարածքը: Պրն Կիցմարիշվիլին ասում է, որ լավատեղյակ է բոլոր այն պատճառներին, որոնց արդյունքում «Ա1+»-ը «մնաց Երեւանի կենտրոնում» (այս հարցում Էրոսին բավարար տեղեկատվություն չունի՝ «Ա1+»-ը հեռարձակվում էր ամբողջ Երեւանով եւ Հայաստանի մի շարք շրջաններում172 խմբ.): «Ես էլ Վրաստանում կարող էի նույն վիճակում հայտնվել: Ես մի քիչ ավելի հաջողակ դուրս եկա»: Է. Կիցմարիշվիլին գտնում է, որ Մելսը աչքի առաջ ուներ Վրաստանի օրինակը եւ կարծում էր, որ նույնը հնարավոր է անել նաեւ Հայաստանում: Սակայն հենց Երեւանի կենտրոնի հեռուստատեսություն մնալու պատճառով էլ նրան ազգովի չէին պաշտպանում՝ այդպես է կարծում Վրաստանի առաջատար հեռուստատեսության հիմնադիր-տնօրենը: Սակայն ամենազորեղ փաստարկը Էրոսին թողել էր վերջում. «Մյուս կողմից ձեր պրեզիդենտը Շեւարդնաձե չէր. նա ավելի կարծր է վերահսկում զանգվածային լրատվամիջոցները»: Կիցմարիշվիլին պատմեց մի ամերիկացու վարկածն այն մասին, թե ինչու, ի տարբերություն Հայաստանի եւ Ադրբեջանի, Վրաստանում ժողովուրդը կարողացավ տեր կանգնել ընտրությունների արդյունքներին: «Երկու պատճառ կա: Առաջինը՝ Վրաստանում կար «Ռուսթավի 2»: «Իսկ երկրո՞րդը»,- հարցրել է Կիցմարիշիլին: «Երկրորդն այն է, որ Վրաստանում ընդհանրապես պետություն չկար»: «Ռուսթավի 2»-ի տնօրենի այլ դիտարկումները՝ հաջորդիվ: Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ Թբիլիսի