Լրահոս
Օրվա լրահոսը

Ազերիները վանդալիզմով հավասարվում են թալիբներին

Փետրվար 26,2004 00:00

Ազերիները վանդալիզմով հավասարվում են թալիբներին ԻԿՈՄՈՍ միջազգային կազմակերպության «Վտանգված ժառանգություն» տեղեկագրքում դատապարտվել է Ջուղայի խաչքարերի ոչնչացումը: Երեկ մշակույթի փոխնախարար եւ միաժամանակ ԻԿՈՄՈՍ/Հայաստան հասարակական կազմակերպության (Հուշարձանների եւ պատմական վայրերի համաշխարհային խորհրդի Հայաստանի ազգային հանձնաժողովի) նախագահ Գագիկ Գյուրջյանը վերստին բարձրաձայնեց Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական հուշարձանների սպանդի մասին: Հիշեցնենք, որ հարցը բազմիցս քննարկվել է հայաստանյան եւ միջազգային կազմակերպությունների կողմից: ԻԿՈՄՈՍ/Հայաստանն էլ դիմել էր ԻԿՈՄՈՍ-ի միջազգային կազմակերպության նախագահ Մայքլ Պեցետին եւ շուրջ 100 անդամ երկրների՝ կոչ անելով միջոցներ ձեռք առնել Նախիջեւանում մշակութային արժեքների ոչնչացումը կանխելու համար եւ տարածաշրջան դիտորդների խումբ ուղարկել: Ընդ որում, հայկական կողմն առաջարկել էր դիտորդների խմբում ընդգրկել ոչ միայն հայ, այլեւ ադրբեջանցի մասնագետների: Դիմում-կոչի հետ ուղարկվել էին նաեւ Ջուղայում հուշարձանների ավերման փաստերն արտացոլող լուսանկարներ՝ համապատասխան մեկնաբանություններով: Թեեւ Եվրոխորհրդի միջխորհրդարանական վեհաժողովի մշակութային հանձնաժողովը հայ պատգամավորների ջանքերով անցյալ տարի որոշում էր կայացրել համապատասխան հանձնաժողով ուղարկել Նախիջեւան, սակայն մինչ օրս որոշումն ի կատար չի ածվել: Փոխարենը Մ. Պեցետի ջանքերով Հին Ջուղայի հուշարձանների ավերման մասին տեղեկություններ են տպագրվել ամեն տարի ԻԿՈՄՈՍ-ի կողմից հրատարակվող «Վտանգված հուշարձանների վերաբերյալ ԻԿՈՄՈՍ-ի հաշվետվություններ» տեղեկագրքի վերջին թողարկման մեջ: Եթե համաշխարհային մատենաշարի 2-րդ հրատարակության կազմին ու վերջին էջին 2001թ. մարտին թալիբների կողմից պայթեցված Բամիանի Բուդդաների արձաններն էին, ապա «Վտանգված հուշարձաններ» հանդեսի 3-րդ հրատարակության կազմին ու վերջին էջին պատկերված են խոշտանգված հայկական խաչքարերը, իսկ դրանց ոչնչացումը որակված է «հասարակությանն անծանոթ քրեական գործողություն»: Տեղեկագրքում տպագրվել են նաեւ ԻԿՈՄՈՍ/Հայաստանի անդամ, Հայկական մշակույթն ուսումնասիրող ՀԿ-ի (RAA) նախագահ Արմեն Հախնազարյանի ու Դիթեր Վիքմանի՝ կատարվածը դատապարտող հոդվածները: Բացի Ջուղայի խաչքարերի ոչնչացմանը վերաբերող նյութերից, տարեգրքում տեղեկություններ կան հայկական եւս 3 հուշարձանի՝ Արթիկի սբ. Աստվածածին, Խաչիկ գյուղի Քարկոփ եւ Լուսագյուղի Սպիտակավոր եկեղեցիների մասին: Ըստ Գ. Գյուրջյանի, վերջիններիս մասին տարեգրքում ինֆորմացիա զետեղելու նպատակը հայկական հուշարձանները միջազգային ներդրումային ծրագրերում ընդգրկելն է: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել