Լրահոս
Օրվա լրահոսը

«Թույլ տվեք զբաղվել գիտությամբ»

Փետրվար 26,2004 00:00

«Թույլ տվեք զբաղվել գիտությամբ» Մինչ պաշտպանության նախարարը ԵՊՀ-ում շարունակում էր զրույցը «Զինապարտության մասին» նոր օրինագծի մասին ուսանողների «կառուցողական մասի» հետ, մնացած «ոչ բազեական» ուսանողները տեղափոխվել էին Կինոյի տուն: «Գիտությունը եղել է Հայաստանի այցեքարտը աշխարհում, թույլ տվեք զբաղվել գիտությամբ, թույլ տվեք յուրաքանչյուրս մեր տեղում ծառայենք մեր հայրենիքին»,- երեկ Կինոյի տանը կազմակերպած հավաքին ասաց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբի անդամ Արարատ Միրզոյանը: Նախաձեռնող խումբը չէր պատրաստվում անձերի կամ իշխանությունների հասցեին որեւէ վիրավորական խոսք հնչեցնել եւ թեպետ դահլիճում ներկա էին որոշ ընդդիմադիր քաղաքական գործիչներ, խումբը սկզբունքորեն դեմ էր նրանց ձայն տալուն: Սակայն ձայն տրվեց Վազգեն Խաչիկյանին: «Հասկանում եմ, որ հաճելի չէ իշխանամետ պատգամավորի լսելը, բայց ես մահճակալի տակ չեմ մտել»,- ասաց Վ. Խաչիկյանը: Նա հիշեցրեց, որ նախագիծը դեռ օրենք չէ եւ խոստովանեց. «Ցավոք, չձեւավորված քաղաքական օրակարգի եւ ազգային անվտանգության կոնցեպցիայի պայմաններում դեռեւս հայտնի չէ, թե Հայաստանին ինչպիսի՞ տնտեսություն է պետք, ինչպիսի՞ բանակ է պետք, ինչպե՞ս պետք է զարգանա գիտությունը: Այս թնջուկը կբացվի, ես մի քիչ ավելի լավատես եմ»: Քիչ լավատես է ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը. «Սկզբում ասացին, թե նպատակը գիտության եւ կրթության բնագավառում կաշառակերության դեմ պայքարն է, բայց այս ոլորտին դեռ մեծ փորձ է պետք կաշառակերության համար, որ պաշտպանության ոլորտին հասնի: Հետո հասկացան, որ տխմարություն է ասածները, ու խոսվեց ինչ-որ հավասարության մասին, խորհրդավոր սոցիալական հավասարության մասին, բայց հավասարությունն այն է, որ ամեն ոք հնարավորություն ունենա դրսեւորելու իրեն այնտեղ, որտեղ իր հնարավորությունները մեծագույնն են: Բանակից խուսափած 17 հազար հոգու համա՛ր թող հնարավորություն ստեղծեն վերադառնալու, նրանցից շատերը մորմոքում են հայրենիքի կարոտից: Իսկ այս մի քանի տղաները կարող են գոնե մեր գիտությունը ժառանգափոխության ընդհատումից փրկել»: ԵՊՀ դասախոս Վարդան Խաչատրյանի կարծիքով, նախագծում խոսք է գնում իշխանության վերաբաշխման մասին. «Ըստ այս օրենքի, բուհերը եւ նրա ղեկավարությունը ուղղակի կախման մեջ են հայտնվում պաշտպանության նախարարից: Որեւէ բուհի ռեկտորի հետ անձնական հարաբերություն չունեմ, բայց չեմ կարող նման բան պատկերացնել»: Հավաքին ներկա աղջիկները դեմ էին այն կարծիքին, թե բանակից խուսափող տղաների հոսքը ասպիրանտուրա՝ խանգարում է իրենց (աղջիկներին) գիտությամբ զբաղվել: Բերվեցին թվային տվյալներ.մագիստրատուրայում ներկա պահին սովորում է 679 տղա, 926 աղջիկ, ասպիրանտուրայում՝ 180 տղա, 131 աղջիկ: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ Հ. Գ. Քաղաքապետարանը երեկ մերժել էր ուսանողների՝ հանրահավաք անցկացնելու դիմումը: Սակայն՝ «ուրբաթ օրը մենք կօգտվենք մեր սահմանադրական իրավունքից», այդպես ձեւակերպեցին ուսանողները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել