Լրահոս
Օրվա լրահոսը

Ռ. Մխիթարյանը շարունակում է հետախուզվել

Փետրվար 26,2004 00:00

Ռ. Մխիթարյանը շարունակում է հետախուզվել Երեքշաբթի օրը ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն Երեւանի մի քանի հասցեներում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ երեք հասցեներում հայտնաբերվել է զենք ու զինամթերք: Ըստ այդ հաղորդագրության, իրավապահներին «հաջողվել էր պարզել», որ այդ զենք-զինամթերքը պատկանել է Կոլյա Հարությունյանին, Գուրգեն Պապիկյանին եւ Արմեն Սահակյանին», նաեւ «Հանրապետություն» կուսակցության Շենգավիթի տարածքային կառույցի նախագահ Ռոմիկ Մխիթարյանին: Երեկ «Հանրապետություն» կուսակցությունում պարզաբանեցին, որ բացի Ռոմիկ Մխիթարյանից, մյուս երեք անձինք որեւէ կապ չունեն ոչ կուսակցության, ոչ նրա երեք ձերբակալված անդամների հետ: Ի դեպ, «Հանրապետության» անդամ ձերբակալվածները երեկ ազատ են արձակվել: Ինչ վերաբերում է Ռոմիկ Մխիթարյանին, ապա՝ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ, կուսակցության ներկայացուցիչների մատուցմամբ, մեղմ ասած, «անճշտություններ» կան: Բանն այն է, որ Ռ.Մխիթարյանի ավտոտնակի եւ կցակառույցի զննությունը նախորդ օրը առավոտյան իրականացվել է պատգամավորների ու լրագրողների ներկայությամբ եւ հակառակ այդ հաղորդագրության, արձանագրվել է, որ որեւէ բան չի հայտնաբերվել: Այդուհանդերձ, նախորդ գիշեր եւ երեկ ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները նորից են խուզարկել Ռ.Մխիթարյանի ավտոտնակը, բայց դարձյալ ոչինչ չեն հայտնաբերել, թեեւ իրենց հետ բերած են եղել նաեւ ՀՀ ՊՆ-ի սակրավորներ: Հերթական անգամ ոչինչ չհայտնաբերելով, իրավապահները ձեռնունայն հեռացել են՝ կազմելով համապատասխան արձանագրություն, որի տակ ստորագրել են նաեւ ընթերակա հարեւանները: Այսքանից հետո էլ, սակայն, Ռ.Մխիթարյանը շարունակում է մնալ հետախուզման մեջ: Թե ինչ պատճառաբանությամբ, երեկ մեզ ՀՀ Ոստիկանության մամլո ծառայությունից պարզել չհաջողվեց: Ըստ «Ա1+»-ի տեղեկատվության, երեկ լրագրողները հանդիպել են «6-րդ» վարչության աշխատակիցների, «որոնք այս անգամ արդեն խուզարկում էին շենքի հարեւանությամբ գտնվող մի օբյեկտ, որն, ըստ ոստիկանների, պատկանում է Ռ. Մխիթարյանին: Մեզ տեսնելով, չգիտես ինչու, նրանք անմիջապես շրջվեցին ու հեռացան զննության վայրից»: Նույն աղբյուրի պնդմամբ, երեկ շենքի (որտեղ Ռ. Մխիթարյանի բնակարանն է) բոլոր հարեւանների ստորագրությամբ ոստիկանության կամայական գործողությունների մասին պատրաստվել է դիմում-բողոք՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազին եւ ոստիկանապետին: Վերջին մի քանի օրերի ընթացքում կատարվող «ապօրինի ձերբակալությունների եւ ապարդյուն խուզարկությունների» առնչությամբ երեկ «Հանրապետություն» կուսակցությունը հայտարարություն է արել՝ միաժամանակ մեր համաքաղաքացիներին փետրվարի 28-ին, ժամը 15:00-ին հրավիրելով Շենգավիթի Գ.Նժդեհի հրապարակում նախատեսված հանրահավաքին: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել