Թունաքիմիկատների
գերեզմանոցը գտնվում է սողանքի գոտում եւ փլուզման եզրին է
Երեւանի «Էրեբունի համայնքի Վարդաշեն-Վերին Ջրաշեն թաղամասերից արեւելք գտնվող 500 տոննա պարունակությամբ թունաքիմիկատների գերեզմանոցը փլուզման եզրին է»,- ասում է երկրաբան Ռ. Յադոյանը: ՀՀ ԳԱԱ-ի ԵԳԻ գեոէկոլոգիայի լաբորատորիայի վարիչ, երկրաբան Ռ. Յադոյանի եզրակացությամբ. «Փլուզման վտանգավորության գոտիներն են այգեգործական տարածքները, Վարդաշենի եւ ապա Էրեբունի համայնքի գոտիները»: Նրա ուսումնասիրություններից պարզվել է, որ գերեզմանոցը գտնվում է ակտիվ գործող սողանքային մասում: Դրա ակնհայտ ապացույցներն են իջվածքներն ու ճաքերը: Բացի բնական պատճառներից, սողանքի ակտիվացումը պրն Յադոյանը պայմանավորում է նաեւ այդ մասով անցնող ջրատարի՝ վթարային վիճակում շահագործվելու հետ: Սա Ողջաբերդ տանող ոռոգման ջրագիծն է, որ մատակարարում է Ձորաղբյուրի ամառանոցները: «Ջրատարն անցնում է հենց թունաքիմիկատների գերեզմանոցի վերեւով, ու վթարի դեպքում ամբողջ ջուրը թափվում է գերեզմանոցի վրա: Մի քանի տարի առաջ նման դեպք եղել է»,- պատմեց ոռոգման ցանցի աշխատակիցներից մեկը:
1972թ. Խորհրդային միության տարածքում գյուղատնտեսության մեջ արգելվել է օգտագործել որոշ թունաքիմիկատներ: Հայաստանի գյուղերից, պահեստներից հավաքել են օգտագործման համար ոչ պիտանի, արգելված մոտ 500 տոննա տարբեր տեսակի թունաքիմիկատներ: Սրանց թվում եղել են կայուն օրգանական աղտոտիչներ, որոնք չեն քայքայվում 30-40 տարիների ընթացքում: Քայքայման դեպքում էլ ստեղծվում են մետաբոլիտներ: Վերջիններս ունեն համարյա նույն թունավոր հատկությունները: 1970-ականներին թունաքիմիկատների ոչնչացման արդյունավետ եւ անվտանգ տարբերակը հողում թաղելն էր: 1982թ. Հայաստանի կառավարության որոշմամբ Արտաշատի շրջանի Բարձրաշեն գյուղի վերեւում (այժմ այդ տարածքը գտնվում է Երեւանի Էրեբունի համայնքում) կառուցվել է բետոնե գերեզմանոց: Գերեզմանոցը կավապատ է, որպեսզի թունաքիմիկատները չներծծվեն հողի մեջ: Սողանքի պատճառով տարիների ընթացքում հողաթումբն իջել է, եւ գերեզմանոցն այսօր փլուզման եզրին է: Վերջին 15 տարիների ընթացքում ոչ մի վերահսկողական աշխատանք չի արվել: Չկա պահակակետ, քանդված է ցանկապատը: Վտանգավոր տարածքը լրիվ բաց է: Հետագայում գերեզմանոցի մոտակա տարածքում կատարվել են այգեգործական հողհատկացումներ: Այստեղ կառուցվել են տներ, եւ մարդիկ են ապրում: Բնակիչներից շատերը չգիտեն, որ իրենց բնակավայրի հարեւանությամբ թունաքիմիկատների գերեզմանոց է, եւ այդ տարածքն օգտագործում են որպես արոտավայր:
«Մարդու օրգանիզմում կայուն օրգանական աղտոտիչի ցանկացած տեսակ խթան է հանդիսանում չարորակ նորագոյացությունների եւ դրանց զարգացման համար: Սա մեծ վտանգ է ոչ միայն մոտակայքում բնակվողների համար, քանի որ աղտոտիչները ազդում են մարդու վրա նաեւ օդի միջոցով»,- մեկնաբանեց Հակահամաճարակային վերահսկողության կանխարգելման կենտրոնի մի աշխատակից՝ չցանկանալով նշել իր անունը: «Բնակիչները հաճախ են հիվանդանում: Հիմնականում երիկամների բորբոքումներ են լինում, հոդացավեր, բրոնխիտ, տուբերկուլյոզ: Հատկապես ամռանն աղիքային ինֆեկցիաներ են շատ լինում»,- ասաց Մուշական եւ Ջրաշեն թաղամասերի բժշկուհի Ժաննա Գեւորգյանը:
1980-ականներին բժիշկ Հենրիկ Համբարձումյանը համեմատական վերլուծությամբ ցույց է տվել, որ թունաքիմիկատներ օգտագործող գյուղերում հիմնականում մահանում են նորագոյացությունների, նյարդային եւ շնչառական համակարգերի հիվանդությունների պատճառով: Երեխաները ծնվում են քաշի պակասով, դպրոցական տարիքում զգացվում է մտավոր հետամնացություն: Այս ուսումնասիրությամբ ապացուցված է, որ տարիքային բոլոր խմբերում հիվանդությունների մեծամասնությունն ուղղակիորեն կապված է թունաքիմիկատների օգտագործման քանակի հետ:
«Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն դեռ 2001թ. նամակներով տեղյակ է պահել Գյուղատնտեսության եւ Բնապահպանության նախարարություններին, Երեւանի քաղաքապետարանին, որ գերեզմանոցի բարձիթողի վիճակը վտանգավոր է շրջակա միջավայրի համար: Վերջերս էլ հայտնաբերել են, որ հողում նորմայից ավելի թունաքիմիկատների պարունակություն կա: Հետաքննող լրագրողների ընկերակցության նամակից հետո 2004թ. հունվարին Արտակարգ իրավիճակների վարչությունը նախնական ուսումնասիրություններ է կատարել: «Մենք կարճ ժամանակում սկզբնական ուսումնասիրություն ենք արել: Պետք է սպասել գարնանը՝ լուրջ ուսումնասիրելու համար»,- ասաց ԱԻՎ արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ հետեւանքների վերացման վարչության պետ Լյուդվիգ Նազարյանը: Սակայն բնապահպաններն ու բժիշկները միանգամայն այլ տեսակետ ունեն. գերեզմանոցը կարող է ցանկացած պահի էկոլոգիական աղետի պատճառ դառնալ:
ԱՂԱՎՆԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Նյո ւթն ամբողջությամբ կարդացեք www.hetq.am ինտերնետային թերթում: