Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴԸ ԴԻՄԵԼ Է ՊՈՒՏԻՆԻՆ

Փետրվար 25,2004 00:00

ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴԸ ԴԻՄԵԼ Է ՊՈՒՏԻՆԻՆ ՌԻԱ «Նովոստին» տեղեկացնում է, որ ծանրամարտի Ռուսաստանի չեմպիոն 22-ամյա Մկրտիչ Պողոսյանը դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ իրեն այդ երկրի քաղաքացիություն շնորհելու խնդրանքով: Նրան այդ հարցով աջակցում է Նովգորոդի մարզի երիտասարդության, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի կոմիտեն, որը միջնորդագիր է ուղարկել ՌԴ նախագահին առընթեր քաղաքացիության գործերով հանձնաժողով: Իր հերթին նույն օղակ դիմել է նաեւ այդ երկրի ծանրամարտի ֆեդերացիան: Հայազգի մարզիկին քաղաքացիություն տալու խնդրով այդքան շահագրգռված լինելու պատճառը նրա՝ սպորտի բնագավառում երկրի առջեւ ունեցած «մեծ ծառայությունն է»: Մկրտիչ Պողոսյանը ծնվել է Երեւանում: 2003 թվականին նա ստացել է արտասահմանյան քաղաքացիների բնակության ձեւ ու մշտապես ապրում եւ մարզվում է Վելիկի Նովգորոդում: Մինչեւ հարցի վերջնական լուծում ստանալը Պողոսյանին Ռուսաստանի առաջնությանը մասնակցելու հնարավորություն է ընձեռվել: 2003թ. երկրի երիտասարդական առաջնությունում, որ անցկացվեց Մոսկվայում, Մկրտիչը գրավեց առաջին տեղը եւ լրացրեց միջազգային կարգի սպորտի վարպետի նորմա: Իսկ օրերս Վելիկի Նովգորոդում արդեն մեծահասակների առաջնությունում նա դարձավ նաեւ տարիքային այս խմբի Ռուսաստանի չեմպիոն: Ներկայումս Մ. Պողոսյանը որպես ՌԴ ազգային հավաքականի թեկնածու՝ մարզվում է Տագանրոգում՝ նախապատրաստվելով Աթենքում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին: Մասնագետների խոսքերով, ծանրորդի՝ Ռուսաստանի քաղաքացիություն չունենալը կարող է նրան խանգարել երկիրը միջազգային մրցումներում ներկայացնելուն: Այսօրվա դրությամբ Մկրտիչ Պողոսյանի գործը քննարկման փուլում է: ԼԻԼԻԹ ԱՎԱԼՅԱՆ Երեւանի մենեջմենթի համալսարանի ուսանողուհի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել