Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐՕՐՅԱ «ՏԵՐ-ԲԱԲԱՆ»

Փետրվար 25,2004 00:00

ՄԵՐՕՐՅԱ «ՏԵՐ-ԲԱԲԱՆ» Ինչ են հայ տղաներն ուզում հայ աղջիկներից վիրտուալ շփման ընթացքում Բարձր տեխնոլոգիաների դարում միջնորդ տերբաբաներին ու ծանոթությունների ակումբներին կարող են փոխարինել հարյուրավոր ինտերնետ-սայթեր: Կան արդեն դրանց հայկական տարբերակները: Կարող ես գրանցվել ամենագայթակղիչ «անկետայով», ներկայանալ ոչ պակաս գրավիչ ինտերնետային հասցեով, եւ ասպետներն ու արքայադուստրերը իրենք կգան: Վերջերս «Առավոտը» մի էքսպերիմենտ անցկացրեց՝ պարզելու հայ տղաների ցանկությունների ու երեւակայության սահմանները եւ հայ աղջիկների պահանջները բավարարելու նրանց պատրաստակամությունը: Արդյունքներն ապշեցնող էին: Ի դեպ, մոտ երկու ամսվա ընթացքում 22-46 տարեկան 80 տղամարդկանց նամակներից պարզեցինք, որ ծանոթանալ ցանկացողների 90 %-ն ունի ռուսական կրթություն եւ ծրագրավորողի մասնագիտություն: Թվաքանակով երկրորդ հորիզոնականը զբաղեցնում էին բանկային ոլորտի եւ ինտերնետ ակումբների աշխատողները, այնուհետեւ գիտաշխատողները, ինժեներները, ասպիրանտները, ուսանողները: Ավելի սակավաթիվ էին որեւէ տեղ չաշխատողերը, արվեստի բնագավառի ներկայացուցիչները: «Առավոտի» ներկայացրած կնոջ իդեալից ցնցվել էին նաեւ մի մաշկավեներոլոգ, մի հրշեջ ու նույնիսկ մի ոստիկան: Արձագանքողներից 20-ը անմիջապես ուղարկել էր բջջայինի կամ քաղաքային հեռախոսի համարը, 4-ը՝ լուսանկարը: Մյուսները չբավարարվելով տեքստային ինֆորմացիայով, պատկերային ինֆորմացիա էլ էին ուզում՝ լուսանկար: 5-6-ը չէին շտապում հանդիպել՝ առայժմ գոհանալով վիրտուալ շփմամբ եւ գողտրիկ ու բազմախոստում բացիկներ ուղարկելով: 10 հոգի առաջարկում էր իսկույն եւեթ հանդիպել: Բոլոր տղամարդիկ ուզում էին իմանալ, թե ինչու է հայ աղջիկը ծանոթության ավանդական ձեւերը թողած՝ նախընտրում վիրտուալ շփումը՝ դրանից բխող հետեւանքներով: Ասպետացուներից 45-ին հետաքրքրում էր իրենց «ընտրյալի» ֆիզիոլոգիական վիճակը եւ վերաբերմունքը ազատ սեքսին: Ընդ որում, գիտակցելով հարաբերվելու այս ձեւում գաղտնի մնալու եւ չբացահայտվելու մեծ հավանականությունը, շատերը ներկայանում էին ազատամիտ եւ կոմպլեքսներից զերծ: Իսկ երբ մեր հերոսուհին ակնարկում էր, թե իբր ճանաչում է նամակի հեղինակին, վերջիններս իրար էին խառնվում՝ սեքսուալ ազատության վերաբերյալ իրենց պատկերացումները «ոտքի վրա» փոխելով ու փորձում գուշակել հնարավոր ծանոթներին: Նկատենք, որ գտնվեցին նաեւ այնպիսիները, որոնց, չգիտես ինչու, թվում էր, թե աղջկա հետ ծանոթանալու բանալին անպարկեշտ լուսանկարներ ուղարկելն է: Ի տարբերություն գռեհկությունը արժանիք համարողների, 2 հոգու համար միանգամայն բավական էր անկետային ինֆորմացիան եւ 1-2 նամակը՝ նույնիսկ մեկ անգամ երեսը չտեսած աղջկան ամուսնության առաջարկ անելու համար: Վերոնշյալ ռոմանտիկներից մեկը 46, իսկ մյուսը՝ 23 տարեկան էր: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել