ՏՈՒՆ, ԻՆՔՆԱՀՐԿԻԶՈՒՄ ԿԱՄ ԱՐՏԱՔՍՈՒՄ Այսպիսի ընտրության առաջ են կանգնել Երիտասարդական պալատում մնացած փախստականների ընտանիքները: Երեկ լրացավ Երիտասարդական պալատում բնակվող փախստականների՝ փոխհատուցում ստանալու վերջնաժամկետը։ Դա նշանակում է, որ շենքում մնացած ընտանիքները պետք է ազատեն իրենց զբաղեցրած սենյակները, առանց ստանալու դեռ մեկ ամիս առաջ առաջարկված մեկ սենյակի համար՝ $5600, երկուսի համար՝ $8000, երեքի՝ $10000 գումարները։ «Առավոտն» այս թեմայով իր առաջին անդրադարձում տեղեկացրել է, որ պալատը վաճառվել է, գնորդն այս գումարները հատկացրել է շենքի բնակիչ ընտանիքներին՝ շտապ կարգով նրանցից ազատվելու նպատակով։ Բնակիչների հետ գործարքը կազմակերպվել է Միգրացիայի եւ փախստականների հարցերով կոմիտեի միջոցով։ Ներկայացել են տարբեր պաշտոնյաներ՝ վարչության պետից մինչեւ կոմիտեի պետ։ Առաջարկվել է կամ վերցնել գումարը, կամ էլ գտնել դրան համարժեք բնակարան եւ դուրս գալ շենքից։ Տուն փնտրելու հարցում կոմիտեն խոստացել էր օգնել։ Մեր առաջին զրույցի ժամանակ փախստականների հարցերով վարչության պետ Արայիկ Հարությունյանը բացառեց, որ բնակիչներին առաջարկվի հանրակացարանային սենյակներ։ Նույնիսկ մանրամասն նկարագրեց այն բնակարանները, որոնք փնտրել-գտել է բրոքերների միջոցով։ Ըստ երեւույթին դա չխանգարեց նույն Ա. Հարությունյանին՝ զուգահեռաբար պատրաստել եւ փետրվարի 13-ին տեղում մնացած բնակիչներին ուղարկել չհամարակալված մի գրություն, որով տեղեկացրել է. «Եթե մինչեւ փետրվարի 23-ը ձեր կողմից զբաղեցված սենյակը չազատվի, այլեւս հնարավոր չի լինի ձեզ հատկացնել դրամական փոխհատուցում, ձեզ կառաջարկվի վարչության տնօրինության տակ գտնվող հանրակացարանային սենյակ»։ Առաջարկը չընդունելու դեպքում վտարումը պետք է կազմակերպվի դատական ատյանների օգնությամբ։ Երկու օր առաջ նույն վարչության պետի տեղակալ Դավիթ Հակոբյանը մեզ հայտնեց, որ փոխհատուցում ստացողների ցանկից 17 ընտանիք վերցրել է իր հասանելիք գումարը եւ ազատել տարածքը, չորսն էլ դիմել են, որ ստանան գումարը։ Նրանցից ոչ մեկը գումարը չի փոխել բնակարանի հետ։ «Նրանք մեզ առաջարկել են Շենգավիթի ընտանեկան հանրակացարանի սենյակներ՝ բնակարանի փոխարեն»,- երեւույթը պարզաբանեցին օրերս խմբագրություն այցելած մի խումբ բնակիչներ։ «Այդ գումարով հնարավոր է ձեռք բերել բնակարանային տիպի տարածք»,- բողոքը հաստատեց Դ. Հակոբյանը։ Նա մխիթարեց, որ սա առաջին դեպքն է, երբ փախստականին առաջարկվում է այդ չափի փոխհատուցում։ Իսկ համառողների մասին էլ կարծիքն այս էր. «Նրանք ձգձգում են, որ գումարը մեծանա, բայց դա պալատի լուծարային հանձնաժողովի որոշումն է։ Մենք չենք կարող այն փոխել»։ Երեկվա դրությամբ շենքում մնացել էր փոխհատուցման ցանկում ընդգրկվածներից չորս ընտանիք։ Վարչության պետի տեղակալը հույս ուներ, որ «նրանցից մեկի տղան հոգեկան հիվանդ է եւ մայրը կհամաձայնի տեղափոխվել Խարբերդում մեր գտած տունը»։ Հուսանք՝ տուն ասելով նա նկատի չուներ Խարբերդի մտավոր թերություններով երեխաների գիշերօթիկ դպրոցը։ Մեր մտահոգությունը հիմք ունի, քանի որ երկար ժամանակ էլ մի ծեր բնակչուհու՝ Նելլի Հարությունովային, փախստականների կոմիտեից համոզում էին տեղափոխվել վետերանների տուն։ Տիկինը նախընտրել է գումարը տալ մի ծանոթի եւ բնակվել նրա խնամքի տակ։ Մի քանիսն էլ ազգականներով միացել են ու ստացած գումարով գնել «միացյալ» բնակարան՝ հարս ու սկեսուր, երկու քույր եւ այլն։ Խմբագրություն եկած բնակիչների ասելով, «օրական գալիս ու սպառնում էին, որ փողից էլ կզրկվենք, մարդիկ վախից են շտապել հեռանալ, թե չէ՝ կպայքարեին բնակարան ստանալու համար»։ Նրանց մեջ էր մի կին, որի երկու զավակները սովորում են Մոսկվայում։ Այնտեղ էր նաեւ նրա մայրը, որն առանձին սենյակ ուներ։ Տիկնոջը զրկել են փոխհատուցումից, որովհետեւ ամռանն անցկացրած հաշվառման ժամանակ սենյակում չի եղել։ Ավելին, Զոյա անունով մի կին էլ դուրս է մնացել այդ շարքից, որովհետեւ հաշվառման օրերին Կապանի հիվանդանոցում վիրահատվում էր, իսկ Աիդան «շփոթվել» ու որոշել է հենց այդ օրերին ներկա լինել տղայի հարսանիքին՝ Մոսկվայում։ Փոխհատուցումից այսկերպ զրկվել է հինգ ընտանիք, որոնց կոմիտեն ոչ մի կերպ չի ուզում վերականգնել որպես «սենյակատեր», անտեսելով փախստականի նրանց կարգավիճակն էլ, փաստաթուղթն էլ։ Իսկ հաշվառման նպատակը, ըստ բնակիչների, գաղտնի է պահվել։ Պարզ է՝ թե ինչու։ Մնացած «համառների» հետ նրանց էլ է սպասում վտարում կամ, լավագույն դեպքում, տեղափոխում վարչության «անզուգարան» հանրակացարանը։ Բնակիչներից մեկն արդեն խոստացել է ինքնահրկիզվել, եթե իրեն փորձեն վտարել բռնի ուժով, կամ չօգնեն «արտաքսվել» երկրից ընդհանրապես, փախստականի ազատ կարգավիճակով։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ