Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱՏԵՍԱԿ ՄՏԱԾԵԼԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ

Փետրվար 25,2004 00:00

ՄԻԱՏԵՍԱԿ ՄՏԱԾԵԼԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ Ծանոթներիցս մեկն ինձ բողոքեց, որ իր ուսանող աղջիկն ուզում է ընդունվել ՀՀԿ-ի շարքերը: Ոչ, նա չի տոգորվել Նժդեհի գաղափարներով, պարզապես ցանկանում է ամեն ամառ ու ձմեռ մասնակցել «բազեների» հավաքներին: Մեկ այլ ծանոթ, որն իր հացն աշխատում է համակարգչային ծրագրավորմամբ, բայց սովորում է նաեւ ասպիրանտուրայում, ինձ խոստացավ, որ եթե ՊՆ-ի առաջարկած «Զինապարտության օրենքն» անցնի, նա կգնա Հայաստանից: Կան այդ նախագծի կողմնակիցներ եւ ընդդիմախոսներ: Երկուսի տեսակետն էլ հավասարապես հարգի է եւ իր տեղն է գտնում մեր թերթի էջերում: Բայց ցավը հենց այն է, որ բանավիճող կողմերն իրար կասկածում են, մեղմ ասած, «ոչ անկեղծ» լինելու մեջ: Օրինակ, եթե դու դեմ ես տվյալ օրինագծին, ուրեմն դու մեր պետության եւ բանակի թշնամին ես, կրքեր ես բորբոքում, ապակայունացնում ես վիճակը, ընդդիմության խաղերն ես խաղում, իրականացնում ես կոռումպացված դասախոսների լոբբինգը կամ պարզապես չես ուզում քո պարտքը կատարել Հայրենիքի առջեւ: Մենք չենք կարող անգամ ենթադրել, որ եթե մարդը քո նման չի մտածում, ապա պարտադիր չէ, որ նա լինի թշնամի, հիմար կամ ծախված՝ նրա մտահոգությունը կարող է նույնքան անկեղծ լինել, որքան քոնը: Ասելով «մենք», նկատի ունեմ մեզ բոլորիս, ողջ հասարակությունը եւ, մասնավորապես, մեր իշխանությունը՝ որպես հասարակության մի մաս: Պաշտպանության նախարարը՝ «Զինապարտության օրենքի» նախագիծը քննարկելու համար հրավիրում է հատուկ ընտրված երիտասարդներին՝ իշխանամետ «բազեներին», Վազգեն Խաչիկյանի ղեկավարած ՀՀԿ «կոմսոմոլներին»: Բայց չի հանդիպում դասադուլ անող ԵՊՀ ուսանողների հետ, որոնք նույնպես ՀՀ քաղաքացիներ են եւ մեր երեխաները: Դա հակառակ կարծիքը արհամարհելու դասական օրինակ է: Բոլոր ժամանակների իշխանավորները, որպես կանոն, ցանկանում են լսել միայն այնպիսի մարդկանց, որոնք պատեհ-անպատեհ առիթով բացականչում են. «Ո՜վ, մեծն արքա, ո՜վ, քաջարի սպարապետ, որքա՜ն հանճարեղ է քո մտահղացումը»: Դա բնական է եւ մարդկայնորեն հասկանալի: Այդպես ղեկավարելն ավելի հեշտ է թվում: Թե որքանով է դա արդյունավետ՝ այլ հարց է: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել