ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՄ Է ԼՈՏՈՆԵՐԸ ՓԱԿԵԼՈՒՆ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը վերջերս խոստովանել էր. «Ես երբեք չեմ մտածել, որ կարող եմ խեղճանալ, բայց լոտոների հարցում խեղճացել եմ, չգիտեմ, թե ինչ կարելի է անել»: Գուցե ավելի ճիշտ կլիներ փակե՞լը, որ նախարարն այդպես չխեղճանա. «ԱԺ-ն պիտի որոշի: Ես չեմ փակողը»,- պատասխանեց Վարդան Խաչատրյանը: «Շահող լոտոն» խաղարկության անցկացման կարգը խախտելուց հետո (վիճակախաղի մասնակիցներից մեկը ստացել էր շահածի միայն մի մասը) սոսկ նախազգուշացման արժանացավ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունից: Գուցե պատճառն այն է, որ վիճակախաղերի կազմակերպիչները կարողանո՞ւմ են «լեզու գտնել» նախարարության աշխատակիցների հետ՝ մեր այս հարցադրմանն ի պատասխան ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանն ասաց. «Միանշանա՛կ բացառում եմ: Մինչ այն վարկածը, թե «Շահող լոտոյի» հետ «լեզու են գտել», տարածվում էր, թե մրցակից լոտոների կողմից ենք «շահագրգռվել», որ ստուգումներ անենք այնտեղ: Մենք ստուգում ենք բոլո՛ր լոտոները: Սակայն առայժմ չեմ կարող մանրամասնել: Կամփոփենք ստուգման արդյունքները եւ կլինեն հանձնաժողովի նոր նիստեր: Ինչ վերաբերում է նրան, թե ինչու այս անգամ չզրկվեցին արտոնագրից՝ նախ, իսկությունը ճշտելու համար փորձաքննության ուղարկելու խնդիր կար (վերջիվերջո, մենք դատարան չենք. մարդիկ ասում են, թե իրենք վճարել են), բացի այդ՝ արձանագրվեց կասեցման ենթակա խախտում: Օրենքով երկու հիմք պիտի լինի կասեցման, որ դիմենք դատարան ու կասեցնենք: Մենք արդեն մեկ հիմքն արձանագրեցինք, եթե ընթացքում հանկարծ էլի մի խախտում լինի… Ֆուտբոլային լեզվով ասած՝ դեղին քարտ ենք ցույց տվել, հետո նոր կլինի կարմիր քարտը»: Այլ առիթով Վարդան Խաչատրյա նը նշել էր, թե «լոտոների դաշտում օրենսդրական մի ամբողջ բաց է»: Հիմա պարզաբանեց. «Հաշվետվություն տալու ժամկետները եւ այլ հարցերը կարգավորված էին իմ հրամաններով: Սակայն 2003-ի հուլիսից ուժի մեջ մտավ «Իրավական ակտերի մասին» օրենքը, որն արգելում է նախարարի հրամանով կարգավորել որեւէ դաշտ, որն առնչվում է հասարակության լայն խավերին: Այս հարցերը պիտի կարգավորվեն օրենքով: Վիճակախաղերի եւ շահումով խաղերի մասին օրենքների նախագծերը վաղուց էին ներկայացվել ԱԺ-ին. քննարկեցի՜ն, քննարկեցի՜ն, քննարկեցի՜ն… Ընդունեցին դեկտեմբերին, 2004-ի հունվարի կեսին նախագահը նոր ստորագրեց ու վավերացրեց: Այս ընթացքում էր դաշտն ամբողջությամբ բաց՝ 3-6 ամիս չկային հաշվետվություններ»: ԱԺ-ում, սակայն, օրենսդրական նախաձեռնություն կար լոտոների վերաբերյալ, որով նախատեսվում էր սահմանել պետական խիստ վերահսկողություն: Ասենք, առաջարկում էին, որ վիճակախաղերի տոմսերը՝ ակցիզային դրոշմանիշերի պես, տպագրի պետությունը: Սակայն կառավարությունն այն ժամանակ դեմ արտահայտվեց այդ նախաձեռնությանը, փոխարենը ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարն այժմ սկսել է խոսել «ՖԷՆ» դրոշմանիշով պիտակների մասին, որոնք փակցվելու են վիճակախաղերի տոմսերի վրա: «Տարբեր բաներ են,- առարկեց պրն Խաչատրյանը:- Մեզ համար անընդունելի է, որ տոմսերը տպագրի պետությունը եւ բաժանի լոտոներին: Սա արդեն ապրանքի վրա ակցիզ չէ՝ սա արդեն ամբողջ ապրանքն է: Այսինքն՝ սա զուտ տնտեսական գործունեություն է, որին դե՛մ ենք եղել եւ հիմա էլ ենք դեմ: Եթե պետությունը զբաղվի տնտեսական գործունեությամբ՝ կզբաղվենք բենզինով, օղիով՝ ավելի շահութաբեր են: Պետությունը պարտավոր է հաշվառման խնդիրը լուծել եւ կլուծի: Մեզ առաջարկում էին նաեւ պետական մենաշնորհ դարձնել վիճակախաղերը: Սա էլի նշանակում է, թե պետությունը պիտի զբաղվեր տնտեսվարող գործունեությամբ: Ես էլ էլի ասում եմ՝ ինչո՞ւ չզբաղվենք բենզինով կամ ծխախոտով»: Վարդան Խաչատրյանի այս համառ հարցադրումները ստիպեցին հիշեցնել, որ առանձին նախարարներ լավ էլ զբաղվում են իր նշած ոլորտներով, ասենք՝ բենզինի վաճառքով: «Ես՝ որպես ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար, անընդունելի եմ համարում պետության տնտեսվարող գործունեությամբ, առուվաճառքով զբաղվելը,- ի պատասխան ասաց նա:- Մենք կարող ենք միայն կարգավորել, իսկ դրա համար մտածում ենք հաշվառման տարբերակներ: Գուցե իրոք լոգո ունենանք, կամ գուցե դնենք մի սարք, որ հաշվառում կանի եւ չեն տպագրվի «ձախ» տպաքանակներ»: Ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանը դեմ է նաեւ լոտոների շահութահարկը 40 տոկոս դարձնելուն: «Սա էլ է տնտեսվարություն, ի՞նչ տարբերություն»,- ասաց նա, իսկ մեր նկատառմանը, թե վիճակախաղերը դարձել են սոցիալական չարիք՝ արձագանքեց. «Ո՞վ ասաց: Կարող է դարձել են չարիք, բայց պնդում եմ՝ սովորական տնտեսվարություն է»: Մեր հարցին, թե ինչո՞ւ են շահագրգռված, որ տնտեսվարության այդ ձեւն էլ զարգանա Հայաստանում՝ պատասխանեց. «Շահագրգռված չենք: Բայց նաեւ շահագրգռված չենք գործարարության որեւէ տեսակ փակելու: Սովոր չենք կամ չենք ուզում, քանի որ այդ փորձը տեսել ենք՝ 70 տարի փակելու ընթացքը: Կարգավորե՞լ՝ խնդրե՛մ, ինչքա՜ն ուզեք: Գովազդը խստացրինք»: Մեր դիտարկմանը, թե այդ խստացումից որեւէ փոփոխություն նկատելի չէ՝ պատասխանեց. «Դե, ես դրա համար մեղավոր չեմ: Բայց նոր օրենքում փոփոխություններ ենք նախատեսում, քանի որ կան բազմաթիվ բացեր»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ