ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴԸ ԴԻՄԵԼ Է ՊՈՒՏԻՆԻՆ
ՌԻԱ «Նովոստին» տեղեկացնում է, որ ծանրամարտի Ռուսաստանի չեմպիոն
22-ամյա Մկրտիչ Պողոսյանը դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր
Պուտինին՝ իրեն այդ երկրի քաղաքացիություն շնորհելու խնդրանքով:
Նրան այդ հարցով աջակցում է Նովգորոդի մարզի երիտասարդության, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի կոմիտեն, որը միջնորդագիր է ուղարկել ՌԴ նախագահին առընթեր քաղաքացիության գործերով հանձնաժողով: Իր հերթին նույն օղակ դիմել է նաեւ այդ երկրի ծանրամարտի ֆեդերացիան:
Հայազգի մարզիկին քաղաքացիություն տալու խնդրով այդքան շահագրգռված լինելու պատճառը նրա՝ սպորտի բնագավառում երկրի առջեւ ունեցած «մեծ ծառայությունն է»:
Մկրտիչ Պողոսյանը ծնվել է Երեւանում: 2003 թվականին նա ստացել է արտասահմանյան քաղաքացիների բնակության ձեւ ու մշտապես ապրում եւ մարզվում է Վելիկի Նովգորոդում: Մինչեւ հարցի վերջնական լուծում ստանալը Պողոսյանին Ռուսաստանի առաջնությանը մասնակցելու հնարավորություն է ընձեռվել: 2003թ. երկրի երիտասարդական առաջնությունում, որ անցկացվեց Մոսկվայում, Մկրտիչը գրավեց առաջին տեղը եւ լրացրեց միջազգային կարգի սպորտի վարպետի նորմա: Իսկ օրերս Վելիկի Նովգորոդում արդեն մեծահասակների առաջնությունում նա դարձավ նաեւ տարիքային այս խմբի Ռուսաստանի չեմպիոն:
Ներկայումս Մ. Պողոսյանը որպես ՌԴ ազգային հավաքականի թեկնածու՝ մարզվում է Տագանրոգում՝ նախապատրաստվելով Աթենքում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին: Մասնագետների խոսքերով, ծանրորդի՝ Ռուսաստանի քաղաքացիություն չունենալը կարող է նրան խանգարել երկիրը միջազգային մրցումներում ներկայացնելուն:
Այսօրվա դրությամբ Մկրտիչ Պողոսյանի գործը քննարկման փուլում է:
ԼԻԼԻԹ ԱՎԱԼՅԱՆ
Երեւանի մենեջմենթի համալսարանի ուսանողուհի