Մի
շաբաթ առաջ դատարանի առաջ կանգնեց ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության
քրեական հետախուզության բաժնի 5-րդ բաժանմունքի պետ Վարդան Մամիկոնյանը,
որը 2003թ. օգոստոսի 16-ին վրաերթի էր ենթարկել արտարագիտական ինստիտուտի
4-րդ կուրսի ուսանող Նարեկ Պողոսյանին: Արդյունքում երիտասարդը մահացել է:
Նախաքննությունն իրականացնող մարմնում՝ Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազությունում ոստիկանը հայտնել էր, թե իր ՎԱԶ 2106 մակնիշի 409ՏՏ01 մեքենան վարել էր 30-40 կմ/ժ արագությամբ: Սակայն մի քանի վկաներ պնդել էին հակառակը։ Նարեկի հետ Ազատամարտիկների փողոցով դեպի Ռոստովյան փողոցի ուղղությամբ քայլող Արամ Ժամագործյանն ասել էր, որ ավտոմեքենան ընթացել է 70-80 կմ/ժ արագությամբ: Մեկ այլ վկա՝ Ռոբերտ Օհանյանը, որը կնոջ հետ քայլելիս է եղել նույն այդ փողոցով, նկատել է «ոչ պակաս, քան 90-100 կմ/ժ արագությամբ» շարժվող ավտոմեքենան։ Վկա Տիգրան Մխիթարյանը նույնպես տեսել էր՝ «ոչ պակաս 80 կմ/ժ արագությամբ» փողոցի կենտրոնական մասով շարժվող մեքենան։ Ոստիկանը արդարացել էր, հայտնելով, թե «փորձել է վազանց կատարել սպիտակ գույնի «ՌԱՖ» մակնիշի ինչ-որ ավտոմեքենայի», ինչը, սակայն, 5 վկաներից ոչ մեկը չի հաստատել։ Ականատեսներից մեկն ասել էր, որ «երթեւեկելի մասը եղել է լրիվ ազատ եւ ընթացող մեքենաներ չեն եղել»։ Վկա Ռ. Օհանյանը նկատել էր, որ «անգամ հակառակ ուղղությամբ շարժվող մեքենաներ այդ պահին չեն եղել»։ Իսկ ականատես Տ. Մխիթարյանը նկատել էր. «Երթեւեկելի մասն ամբողջությամբ ազատ էր։ Վարորդին որեւէ ավտոմեքենա կամ հետիոտն չի խանգարել։ Վարորդը որեւէ ավտոմեքենայի, այդ թվում՝ միկրոավտոբուսի, վազանցի փորձ չի կատարել»։
Գործում կա երկու ուշագրավ հանգամանք։ Նախ՝ Նարեկի ընկերը, նրա կողքին անմիջականորեն գտնվողը պնդում էր. «Վրաերթից հետո վարորդ Վ. Մամիկոնյանը իջել է մեքենայից… Վ. Մամիկոնյանի բերանից խմիչքի հոտ է զգացել»։ Ուշադրության արժանի երկրորդ հատվածն էլ այն է, որ երբ Նարեկը տեսել է մեծ արագությամբ ընթացող մեքենան, «բարձրացրել է աջ ձեռքը՝ սկսել է նախատել այդ մեքենայի վարորդին, իսկ երբ իջեցրել է ձեռքը, տեսել են, որ նույն մեքենան փողոցի կենտրոնից… անսպասելիորեն շարժվում է տղաների ուղղությամբ»։
Ոստիկանը նախաքննական մարմնին ասել է, որ ինքը եղել է սթափ եւ որ «ՌԱՖ»-ին վազանց կատարելիս, «մի տղա հանկարծակիորեն հայտնվել է իր մեքենայի առջեւ, աջ անվաթեւի առջեւ»։ Որ վարորդը շեղվել է իր ուղղությունից, պնդում է մեկ այլ վկա էլ. «Ջինս հագած երիտասարդը, որի անունը հետագայում պարզվեց, որ Նարեկ է, քայլելով մյուս երիտասարդի աջ կողմով, բարձրացրեց աջ ձեռքը եւ նախատեց բարձր արագությամբ շարժվող մեքենայի վարորդին։ …Նույն մեքենան թեք ուղղությամբ շարժվել է երիտասարդների վրա»։ Ականատեսները պնդել են (միմյանցից անկախ), որ երկու երիտասարդները քայլում էին հանգիստ, փողոցը հատելու փորձ չեն արել, կտրուկ շարժումներ նույնպես չեն արել, ասֆալտը չոր էր, եղանակը՝ պարզ։ Հետեւաբար «ոչինչ չի խանգարել վարորդին, որպեսզի վրաերթի չենթարկի Ն. Պողոսյանին»։
19-ամյա մինուճար երեխային կյանքից զրկած ոստիկանը իրեն մեղավոր չի ճանաչում: Վթարից հետո թողել է մեքենան դեպքի վայրում։ Զարմանալի սթափությամբ «վերադարձել է դեպքի վայր, տեսել, որ մեքենան արդեն տեղում չէ։ Գնալով տուն՝ իմացել է, որ իր տղաներն են մեքենան բերել իրենց ավտոտնակ»։
Մարտի 2-ին Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում կշարունակվի Վ. Մամիկոնյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը։
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ