Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Պետական պարտատոմսերի մարման ժամկետն ավելացել է

Փետրվար 25,2004 00:00

Տեսականորեն դա պետք է վկայի երկրի տնտեսական կայունության մասին։ Սակայն տնտեսագետ Էդուարդ Աղաջանովն այլ կարծիքի է:

Հայաստանում 1999 թվականից թողարկվում են կարճաժամկետ (մինչեւ 1 տարի), իսկ 2000-ից՝ միջին ժամկետայնության (1-5 տարի) մարման ժամկետով պետական պարտատոմսեր (ՊՊ)։ Վերջերս նկատվում է միջին ժամկետայինին նախապատվություն տալու մոտեցումը։ Տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը, սակայն, չի կարծում, թե կարելի է խոսել կայունության եւ աճի մասին։

«Այն երկրներում, որոնք ունեն բնականոն տնտեսություն եւ այլընտրանքային ֆինանսական գործիքներ, ժամկետների ավելացումն, իհարկե, տնտեսության աճի եւ երկրի ֆինանսական կայունության բավականին լուրջ ցուցանիշ է։ Սա ընդհանրապես չի վերաբերում Հայաստանին»,- տեղեկացրեց Է. Աղաջանովը։ Ըստ նրա, Հայաստանում չկան ֆինանսական շուկաների եւ ֆինանսական գործիքների այլընտրանքներ։ Կա մեկ շուկա՝ մեկ գործիք. պետական պարտատոմսեր։ «Չունենք ոչ ֆոնդային բորսա, ոչ կորպորացիաների ու ձեռնարկությունների պարտատոմսերի շուկա։ Այսինքն, ՀՀ քաղաքացիներն ու ներդրողներն ընտրության հնարավորություն չունեն եւ ստիպված են գնել միայն այդ տոմսերը։ Միակ «այլընտրանքը» թերեւս ունեցած փողը բանկում որպես ավանդ դնելն է։ Եվ այլընտրանքի բացակայության պայմաններում ասել, որ կայունություն կա՝ ես չէի համաձայնի»,- տեղեկացրեց Է. Աղաջանովը։

Այնուհանդերձ, ՊՊ-ները պահանջարկ ունեն։ Ըստ Աղաջանովի, դա նշանակում է, որ «Հայաստանում կան լրացուցիչ գումարներ, ֆինանսներ, բայց քանի որ երկիրը համարվում է տնտեսության, բիզնեսի համար ռիսկային՝ ազատ միջոցները չեն մտնում բիզնես։ Բիզնեսում այլ օրենքներ են, ներդրողը կարող է չօգտվել օգուտներից։ Նրա դեմ կարող են կիրառվել ուժային մեթոդներ։ Հիշենք թեկուզ Լեւոն Մարկոսի օրինակը, որին մեր իշխանությունները 30 մլն դոլար «քցեցին»,- կարծիք հայտնեց Աղաջանովը, ներկայացնելով նշված պատճառից ածանցյալ երկրորդ պատճառը. «Հայաստանում բիզնեսը բաժանված է որոշ կլանների ու խմբավորումների միջեւ եւ ավելցուկ գումարը «վախենում» է մտնել իրական սեկտոր եւ գալիս է պարտատոմսերի շուկա»։ Տնտեսագետի հավաստմամբ, առավել արդյունավետ են ուղղակի ներդրումները. «Ես գոհ կլինեի եւ կողջունեի, որ ոչ թե պետական պարտատոմսեր թողարկվեին, այլ լինեին ուղղակի ներդրումներ»։

ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել