Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու «Պրոմեթեւսը» դարձավ «հ2»

Փետրվար 24,2004 00:00

Ինչու «Պրոմեթեւսը» դարձավ «հ2» Հունվարի 1-ից «Պրոմեթեւս» հեռուստաընկերությունը լսարանին է ներկայանում «հ2» անվամբ։ Հեռուստաընկերության գործադիր տնօրեն Սամվել Մայրապետյանից ճշտեցինք անվանափոխության մանրամասները։ «Պրոմեթեւս» անունը փոխվեց, որովհետեւ 2000թ. մայիս-հունիս հատվածում փոխվեցին հեռուստաընկերության հիմնադիրները։ «Նախկին հիմնադիրը՝ «իՈՍվպՒՑպչՈջրՑՐՏռ կՐՏՎպՑպռ» ԲԲԸ-ն պահանջում էր հեռուստաընկերության անունը փոխել»,- տեղեկացրեց Ս. Մայրապետյանը։ Փոխհամաձայնությամբ անվանափոխության վերջնաժամկետ է սահմանվել 2004-ի հունվարի 1-ը. «Սա է պարզ բացատրությունը եղածի»։ Իսկ ինչո՞ւ հատկապես «հայկական 2-րդ». անուն, որը լսարանին ստիպում է մտածել, թե սա Հ1-ի շարունակությունն է, «քույրը» եւ նույնպես պետական հեռուստաալիք է։ Ս. Մայրապետյանը դա բացատրեց հետեւյալ կերպ. «Ես չէի էլ ուզենա, որ «Պրոմեթեւս» անունը մնար, որովհետեւ դա ընդհանրապես հեռուստատեսային անուն չէ»։ Պրոմեթեւս, Պրոմեթեյ, Պրոմեթեուս կամ նման այլ ձեւով «շատ դժվար է արտասահմանցուն բացատրել, թե սա ինչ հեռուստաընկերություն է։ Իմ կարծիքով, հեռուստաընկերության անունը պետք է լինի պարզ, հեռուստաընկերությունը պետք է ունենա նորմալ լոգո, որը ընկալելի եւ ընթեռնելի է աշխարհի ցանկացած կետում»։ Իսկ ինչու հատկապես «հ2». «Մենք երկրորդն ենք հեռարձակման ընդգրկումով («հ2»-ը «ծածկում է» Հայաստանի մոտ 95%-ը, Հանրայինը՝ 98%-ը), եւ երկրորդն ենք նաեւ պատմականորեն»։ Ըստ Ս. Մայրապետյանի, աշխարհի շատ ու շատ երկրներում հեռուստաընկերությունների անունները տարբերվում են թվերով. Ֆրանսիայում՝ TF1, TF2 եւ այլն, Թուրքիայում՝ TRT1, TRT2 եւ այլն. «Այսինքն, երբ դու մտադիր ես արբանյակային հեռարձակմամբ քո հաղորդումները սփռել աշխարհով մեկ՝ աշխարհը պետք է ճանաչի քեզ. որ երկրի որ ալիքն է։ Իսկ երբ բարդ անուններ ենք դնում՝ «Արարատ», «Նոյ», ոչ ոք չի հասկանա, թե սա ինչ ալիք է, որ երկրի ալիքն է եւ իրենից ինչ է ներկայացնում»։ Դառնալով «հ» տառին, մեր զրուցակիցը նշեց, որ լոգոյում պետք է ներկայացված լիներ նաեւ Հայաստանը, բայց քանի որ մեր մեծատառ Հ-ն ուրիշ լեզուներով ընկալելի չէ, ուստի որոշվեց օգտագործել փոքրատառ հ-ն. «Վերցրել ենք ոչ թե «Հայաստան», այլ՝ «հայկական» բառը»։ ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել