Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ԵՆ ԶՐԿՎՈՒՄ ՄԵՆԱՇՆՈՐՀԻՑ

Փետրվար 24,2004 00:00

ԻՆՉՊԵՍ ԵՆ ԶՐԿՎՈՒՄ ՄԵՆԱՇՆՈՐՀԻՑ «ԱրմենՏելին» մենաշնորհից զրկելու կառավարության որոշումը, որ ընդունվեց վերջին նիստի ընթացքում, նաեւ հստակեցումներ է նախատեսում 1997-ին 15 տարով լիցենզիայի մի շարք դրույթներում: Մասնավորապես, եթե մինչ այս նախատեսվում էր, որ լիցենզիայի ժամկետը լրացուցիչ 15 տարով երկարաձգվելու էր ինքնըստինքյան, ապա կառավարության որոշմամբ լիցենզիայի փոփոխություններն ընդունելուց հետո դա կարող է արվել, եթե ընկերությունը «երկարաձգման մասին դիմում է ներկայացրել լիցենզիայի ժամկետի ավարտից ոչ շուտ, քան 24 եւ ոչ ուշ, քան 12 ամիս առաջ»: Այստեղ հետաքրքիրն այն է, որ լիցենզիայի փոփոխությունների համաձայն, լրացուցիչ 15 տարին կտրամադրվի միայն այն դեպքում, եթե «ԱրմենՏելը» ապացուցի, որ «2004թ. հունվարի 1-ից սկսած գործել է Լիցենզիայի դրույթներին համապատասխան»: Այսինքն, ընկերությունը գոնե այս տարվանից սկսած պետք է ապահովի կառավարության հետ համագործակցված աշխատանք, կատարի պարտավորությունները, որոնք, ի դեպ, նույնպես հստակեցվել են: Ըստ այդմ, «Լիցենզիայի վերախմբագրման ամսաթվից սկսած մինչեւ 5-րդ տարվա ավարտը պետք է Երեւան քաղաքի վարչական տարածքից դուրս տեղադրվեն չորս հանգույցների համակցման կենտրոններ, մինչեւ 2004 թ. դեկտեմբերի 31-ը ՀՀ-ում թվայնացնի 800 գյուղ» եւ այլն: 800 գյուղ թվայնացնելու համար ընկերությանն ընդամենը հաշված ամիսներ են մնացել. նկատի ունենալով թվայնացման տեմպերը, կապի ու տրանսպորտի նախարարի հրամանի չկատարման հետ կապված վիճելի խնդիրը, ինչպես նաեւ Հայաստանում գործունեությունը շարունակելու «ԱրմենՏելի» հրապարակային արտահայտված բացասական տրամադրությունները, ժամկետի երկարաձգման խնդիրը կարելի է լուծված համարել՝ լիցենզիան չի երկարաձգվի: Որոշման մեկ այլ կետով էլ սահմանվում է հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը. մինչ այժմ այդ դրույթն ընդհանրական էր: Ինչպես արդեն հայտնել ենք, որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ հունիսի 1-ին «ԱրմենՏելը» կզրկվի բջջային կապի եւ միջազգային ելքի ծառայությունների մատուցման մենաշնորհից: Այսինքն, այդ ծառայությունների մատուցման սակագների սահմանման ժամանակ ընկերությունն այլեւս չի պարտավորվում իր կողմից կիրառվող սակագները համաձայնեցնել տրանսպորտի եւ կապի նախարարի կամ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ: Սակայն որոշումը միաժամանակ կարգավորում է այս խնդիրը եւս: Ընկերությունը չի կորցնում այդ սակագները սահմանելու իր իրավունքը, բայց եթե «այդ ծառայությունների մատուցման մեջ շուկայում զբաղեցնում է գերիշխող դիրք, ապա այդ ծառայության սակագները կարող են կանոնակարգվել ՀՀ օրենսդրությանը համապատասխան»: Այսինքն՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից: Եվս մի հատկանշական փոփոխություն: Եթե մինչ այժմ կապի միջազգային կազմակերպություններում «ԱրմենՏելն» էր ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը, ապա այսուհետեւ «ԱրմենՏելը» «պետք է համագործակցի ՀՀ ՏԿ նախարարության հետ»՝ այդպիսի կազմակերպություններում Հայաստանը ներկայացնելիս: Այսինքն՝ կառավարությունն այդ գործն այլեւս անվերապահորեն չի վստահում «ԱրմենՏելին»: Հաշվի առնելով, որ «ԱրմենՏելն» անընդհատ պնդումներ է անում իր իրավունքների խախտման, ոչ բացառիկ պայմաններով աշխատելու վերաբերյալ, կառավարությունը հստակեցրել է այդ խնդիրը եւս. նման դեպքերում «ԱրմենՏելը» պետք է ներկայացնի այնպիսի տեղեկատվություն կամ փաստեր, որոնք բավարար կլինեն բացառիկ իրավունքների խախտումը ողջամտորեն ապացուցելու համար: Հակառակ դեպքում կառավարությունը ազատվում է այդ պայմանների ապահովման պատասխանատվությունից: Այս բոլոր դրույթները, սակայն, չի բացառվում, որ փոփոխվեն՝ կախված Լոնդոնի արբիտրի առաջարկություններից. կառավարության որոշման վերջին կետով նախատեսվում է, որ եթե Լոնդոնի արբիտրը կատարի այնպիսի առաջարկություններ, որոնք հակասում են այս որոշմանը, ապա ՀՀ կապի եւ արդարադատության նախարարները կառավարությանն առաջարկություն կներկայացնեն սույն որոշման վերաբերյալ: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել